Ինչպե՞ս տարբերակել կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ Զարուհի Մելքումյանն էլ ներկայացրեց կաթնային մթերքների, կաթնային բաղադրյալ մթերքների, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների տարբերությունները:
Նրա փոխանցմամբ՝ կաթնային մթերքը սննդամթերք է՝ արտադրված կաթից կամ դրա բաղկացուցիչ մասերից: Բաղադրության մեջ կարող են առկա լինել կաթի վերամշակման համար ֆունկցիոնալ առումով անհրաժեշտ բաղադրիչներ: Կաթնային մթերքի արտադրության գործընթացում չի թույլատրվում օգտագործել ոչ կաթնային ճարպեր և ոչ կաթնային սպիտակուցներ:
«Կաթնային բաղադրյալ մթերքը կաթից կամ դրա բաղկացուցիչ մասերից, կաթնային մթերքներից և ոչ կաթնային բաղադրիչներից ՝ բացառությամբ ոչ կաթնային ծագման ճարպերի, արտադրված սննդամթերք է: Պատրաստի մթերքում կաթի բաղկացուցիչ մասերը պետք է լինեն 50 տոկոսից ավելի: Կաթնային բաղադրյալ մթերքը կամ կաթնային մթերքը կանոնակարգով սահմանված եղանակով թթվեցման արդյունքում կարող է վերափոխվել թթվակաթնային մթերքի: Կաթնային մթերքում, կաթնային բաղադրյալ մթերքում և թթվակաթնային մթերքում արգելվում է օգտագործել ոչ կաթնային ծագման ճարպեր:
Օրինակ, պանրի և կարագի դեպքում արգելվում է օգտագործել կաթնային ճարպի փոխարինիչներ: Դրանք կաթնային մթերքներ են կամ կաթնային բաղադրյալ մթերքներ, իսկ մածունը, կաթնաշոռը և թթվասերը թթվակաթնային մթերքներ են, որոնց բաղադրության մեջ ևս արգելվում է օգտագործել կաթնային ճարպի փոխարինիչ»,- նշեց Զարուհի Մելքումյանը՝ հավելելով, որ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքն էլ կաթի վերամշակումից ստացված մթերք է, և տվյալ մթերքում նախատեսվում է կաթնային ճարպը կաթնային ճարպի փոխարինիչով փոխարինելու հնարավորություն՝ կաթնային ճարպի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ: Ու կաթնային ճարպի փոխարինիչով մթերքը տարբերակելու համար և սպառողների հնարավոր մոլորությունը կանխելու նպատակով կանոնակարգով սահմանված են մակնշման որոշակի պահանջներ: Պետք է գրվի՝ կանթային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված թթվասերի կամ պանրի տեխնոլոգիայով, և այլն: Տառաչափը պետք է կազմի 2.5 միլիմետր: Բուսական յուղի մասին տեղեկատվությունը ևս պետք է նշվի:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահե Դանիելյանը ցավով նշեց, որ 2007 թվականից ցավոտ երևույթ կա՝ հենց մակնշման փոփոխություն ենք ունենում՝ հիշում ենք, որ չօգտագործած պիտակներ ունենք, որը տնտեսվարողի համար լրացուցիչ բեռ է դառնում, ու շահարկելով այդ միտումները՝ փորձում ենք հասնել նրան, որ 2 տարի գործող նորմերի պարագայում մենք դեռևս շուկայում ունենք արտադրողներ, ովքեր մակնշումն ամբողջությամբ չեն իրականացնում:
«Մենք ինչո՞ւ պետք է տնտեսական մրցակցության մասին օրենքում փոփոխություն իրականացնենք, ու այն պարագայում, երբ պատշաճ մակնշումը սպառողին կտար անհրաժեշտ տեղեկատվություն, ու անհրաժեշտություն չէինք ունենա տաղավարներում առանձնացնել ապրանքները: Դրան զուգահեռ՝ պետք է աշխատանք իրականացնեինք սպառողների հետ, որպեսզի ապրանքը ոչ թե ուղղակի գնեին, այլ կարդային, թե ինչ են գնում: Երկկողմանի աշխատանքի արդյունքում մենք այս խնդիրը կկարողանայինք լուծել»,- ասաց Վահե Դանիելյանը: