Բաժիններ՝

«Արհամարհում ենք. մենք աշխատում ենք մեր դաշտերում, նույնիսկ վտանգված տարածքներում». Ասկերան համայնքի ղեկավարը՝ Սարուշենի միջադեպի մասին

Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ. Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ:

Իմ կարծիքով, թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը գտնվում է Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Հադրութ ճանապարհին. պատերազմի հետեւանքով դարձել է սահմանամերձ:

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրից հետո անգամ Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհին միջադեպերի պակաս չկա:

Շաբաթներ առաջ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիները քարեր էին նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում Ասկերանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը անդրադառնալով վերջին՝ դաշտում աշխատողներին ուղղված կրակոցների միջադեպին, նշեց. «Դեպքերը բոլորն արձանագրվում են, իրավապահ մարմինները համապատասխան նյութերը նախապատրաստում են, եւ գործընթացով իրենք ու դրա համար պատասխանատու հանդիսացող խաղաղապահ ուժերի հրամանատարությունը զբաղվում են»:

Հարցին, թե հաշվի առնելով տարբեր միջադեպերը՝ ի՞նչ տրամադրություններ են համայնքում, Արմեն Ղահրամանյանը պատասխանեց. «Արհամարհում ենք։ Մենք աշխատում ենք մեր դաշտերում, նույնիսկ վտանգված տարածքներում. աշխատում ենք՝ ինչքանով ստացվում է մեզ մոտ:

Մենք մեր հողերից ոչ մի քայլ հետ՝ սկզբունքով ենք իրականացնում գյուղատնտեսական բոլոր աշխատանքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս