Բաժիններ՝

«Հանգամանքները ճշտվում են». Ասկերանի վարչակազմի ղեկավարը՝ հայկական պետհամարանիշերով մեքենաների վրա ադրբեջանցիների կողմից քարերով հարձակման մասին

Հետպատերազմյան շրջանում Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհին վերաբերող քննարկումները հաճախակիացել են՝ պայմանավորված պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրներով:

Երեկ լրատվամիջոցները հայտնեցին այս ճանապարհին հերթական միջադեպի մասին. «Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ դեպի Կարմիր շուկա տանող ճանապարհին, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական պետհամարանիշով ավտոմեքենաների ուղղությամբ»:

168.am-ի հետ զրույցում Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը հայտնեց, որ տեղյակ չէ միջադեպից՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին:

Ասկերանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը նշեց. «Հանգամանքները ճշտվում են: Ոստիկանության հետ կապվեք, և կտեղեկացնեն, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվում:

Այդ ավտոշարասյունն ուղեկցում էր ռուսական խաղաղապահ զորքերը. դեպքը կատարվել է, մանրամասնությունները՝ ինչպես է եղել, ոստիկանության հետ պարզեք»:

Նկատենք՝ Արցախի Հանրապետության Ոստիկանությունից տարածել են հետևյալ հաղորդագրությունը.

«Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:

Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:

Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:

Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը»:

Հիշեցնենք՝ նման միջադեպեր արձանագրվել էին նաև ամիսներ առաջ, ինչի մասին բարձրաձայնել էր ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ադրբեջանական շարասյուները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։

Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։

Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երևում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։

Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։

Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։

Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը և որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։

Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային և բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։

Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետևանքներ է ունենալու»,- գրել էր փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս