Կառավարության նկատմամբ անվստահության պատճառը հաշվետվողականության և թափանցիկության խիստ ցածր մակարդակն է. Վարդան Արամյան
Օրերս 168.am-ը գրել էր, որ Կառավարությունը 2021 թվականի պետական բյուջեում փոփոխություն է կատարել ու հույժ գաղտնի գնում իրականացնելու համար 100 միլիոն դրամ հատկացրել վարչապետի աշխատակազմին։ Ինչո՞ւ գաղտնի ռեժիմով, և ի՞նչ հրատապ անհրաժեշտություն կար վարչապետի աշխատակազմի համար մեկ անձից գնում կատարելու համար։ Արդյո՞ք շատ չեն այս իշխանությունների օրոք մեկ անձից գնումներ կատարվում։
168.am-ի հետ զրույցում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նախ ասաց, թե կդժվարանա ասել, թե հատկացված 100 միլիոն դրամի ի՞նչ գնում է իրականացրել վարչապետի աշխատակազմը, միևնույն ժամանակ նշեց, որ պետական պահպանության տակ գտնվող կառույցների համար որոշակի գնումներ կարող են կատարվել գաղտնի ռեժիմով։
«Այս հարցադրումները գալիս են, սակայն, նրանից, որ Կառավարության նկատմամբ անվստահությունը մեծացել է՝ ասում է մի բան, անում՝ այլ բան։ Կառավարությունը հայտարարում է մի բան, վարչապետը՝ մեկ այլ բան, հետո պարզվում է, որ դա այդպես չէ»,- ասաց Արամյանը՝ նշելով, որ այս խնդիրների պատճառը հաշվետվողականության և թափանցիկության խիստ ցածր մակարդակն է։
«Հարկաբյուջետային դիսցիպլինայի առումով ես խնդիր եմ տեսնում. և՛ Հաշվեքննիչ պալատն է պասիվ, և՛ Ֆինանսների նախարարության վերահսղության տեսչությունն է որոշակի պահպանողական մոտեցում ցուցաբերում։ Ես տեսնում եմ, որ Կառավարության որոշումներով շատ հատուկ նշվում է, թե ումի՞ց պետք է գնումն իրականացվի»,- ասաց Վարդան Արամյանը՝ նշելով, որ համեմատության համար նախորդ իշխանությունների ժամանակ, մասնավորապես՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում, մատների վրա կարելի էր հաշվել, թե քանի անգամ է հստակ տրվել անուն, թե ումից գնում պետք է իրականացնել։
«Ամեն պատեհ-անպատեհ առիթով հիմա Կառավարությունը նշում է, թե ումից պետք է գնում իրականացնել, իսկ դա գնումների սկզբունքին հակասում է»,- ասաց Վարդան Արամյանը։
Նա անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգի նկատմամբ առաջացած անվստահության խնդրին ու ընդգծեց՝ դա կապված է ոչ պրոֆեսիոնալ մարդկանց պետական կառավարման համակարգում աշխատանքի ընդունելու հետ։
«Օրինակ՝ Զառա Բաթոյանին ես հետևում էի բյուջետային քննարկումների ժամանակ. յոթ հարց էին տալիս, յոթին էլ չէր կարողանում պատասխանել, մի բան էլ դեռ հոխորտում է լրագրողի վրա, թե՝ ի՞նչ հարց եք տալիս։ Այդ տեսարանից հետո, երբ ես լսում եմ, որ նրան տվել են պարգևավճար, դա ինձ մոտ խնդիր է առաջացնում, որովհետև ես ուզում եմ տեսնել, որ իմ վճարած հարկերից ադեկվատ վարձատրություն է տրվում բարձր պրոֆեսիոնալներին»,- ասաց Վարդան Արամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում