100 միլիոն դրամ՝ վարչապետի աշխատակազմին՝ մեկ անձից հույժ գաղտնի գնում կատարելու համար

2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է փոխանցվել վարչապետի աշխատակազմին հույժ գաղտնի գնում իրականացնելու համար։

Կառավարության  ապրիլի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը   որոշում ընդունեց, ըստ որի՝ հույժ գաղտնի գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով, իսկ այդ հիմքով նախատեսված է գնումն իրականացնել մեկ անձից և ՀՀ տարածքից դուրս։

Կառավարության այս նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարությունը, սակայն, առարկություն է ներկայացրել, որ նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում նշվում է, որ նախագծի ընդունումը չի հանգեցնի 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում, և, որ 100 միլիոն դրամը ստանալու համար բյուջեում կատարված վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերի առաջնահերթությունների վերանայմամբ:

Նախագծին կից ներկայացված ամփոփաթերթում նշվում է, որ Նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացման: Առաջարկվող վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրերում/միջոցառումներում ծախսերի առաջնահերթությունների վերանայմամբ:

Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ նոր միջոցառման ծախսերը դրանք պահպանման ծախսեր են (աշխատանքի վարձատրության, էներգետիկ, կապի ծառայությունների և այլն), անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն՝ հաջորդ տարիներին վերջիններիս ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ:

Կառավարությունից, սակայն, այս առարկությանն ի պատասխան՝ նշել են ոչ թե ֆինանսավորման աղբյուրները, այլ ընդամենը հայտնել, որ հաջորդող տարիներին նշված միջոցառման շրջանակներում պահպանման ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտության առաջացման դեպքում  հարցին առանձին անդրադարձ կկատարվի տվյալ բյուջետային տարվա ընթացքում։

Փաստորեն փոփոխությունն ընդունվել է՝ առանց Ֆինանսների նախարարության առաջարկ-պահանջը կատարելու:

Տեսանյութեր

Լրահոս