Ներդրումների մասին հայտարարությունները դատարկ խոսակցություններ են
Չնայած այն հայտարարություններին, որ կառավարության գզրոցներում կամ թղթապանակների մեջ կան բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր՝ այս փուլում նոր ներդրումների մասին պետք է ընդհանրապես մոռանալ։ Ոչ մի նշանակություն չունի՝ իրականում կա՞ն, թե՞ չկան այդ ծրագրերը։
Ներդրումների մասին հայտարարությունները դատարկ խոսակցություններ են։
Անցած տարի ունեցանք ներդրումների կտրուկ կրճատում։ Խոսքը հատկապես ուղղակի ներդրումների մասին է։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները փաստում են, որ տարեվերջի 2 եռամսյակներին նույնիսկ ուղղակի ներդրումների բացասական դինամիկա է արձանագրվել. երրորդում՝ 10 միլիոնի, չորրորդում՝ 2,7 միլիոնի չափով։
Ուղղակի ներդրումներն անցած տարի կազմեցին ընդամենը 117 մլն դոլար՝ 161 միլիոնով ավելի քիչ, քան եղել էր նախորդ տարի։ Նախորդ տարին էլ ներդրումների առումով առանձնահատուկ ակտիվ չէր։ Իսկ անցած տարի ունեցանք աննախադեպ ցածր ցուցանիշ։
Այս տարի ևս չպետք է սպասել ներդրումների ակտիվության։ Ներդրումներ չեն լինելու։ Չեն լինելու, որովհետև ներդրումային միջավայրը Հայաստանում ավելի է վատացել։ Նախկինում վատ էր, հիմա ավելի է վատացել։
Չնայած վատ ասածը շատ մեղմ է ասված։ Ներդրումային այսպիսի անմխիթար վիճակ Հայաստանում երբևէ չէր եղել։ Ներդրումներ կատարելու համար ներդրումային միջավայր Հայաստանում բացարձակ չկա։
«Որ ավելի է վատացել ներդրումային միջավայրը, դա միանշանակ է, բայց պատերազմ է տեղի ունեցել, ինչպես մեր մոտ է ներդրումային դաշտը վատացել, այնպես էլ՝ Ադրբեջանում։ Հիմա եթե մարդուն ասես՝ դե արի, ներդրում իրականացրու, առնվազն ժամանակ է պետք, որ ներդրողները հանգստանան»,- ներդրումների չլինելը վերջերս այսպես էր փորձում արդարացնել էկոնոմիկայի փոխնախարարը։
Պատերազմը, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել ներդրումային միջավայրի վրա։ Սակայն խնդիրը միայն պատերազմը չէ։ Ադրբեջանն էլ է անցել պատերազմի միջով, բայց Ադրբեջանը գտնվում է բոլորովին այլ ներդրումային միջավայրում՝ կապ չունի, թե ինչ կասի Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան։
Խնդիրը ոչ թե պատերազմի, այլ պատերազմի հետևանքների մեջ է։ Հայաստանը՝ ի դեմս ապիկար իշխանության, տանուլ է տվել ոչ միայն պատերազմը, այլև վտանգել է երկրի անվտանգությունը։ Ոչ մեկը չի կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններ ունի հարևան երկրի իր բարեկիրթ գործընկերոջ հետ, և ինչ է մեզ սպասվում վաղը։ Ցանկացած պահի կարող են նոր անակնկալներ լինել։
Դեռ չհաշված ներքաղաքական անկայունությունը, որն առաջացել է քաղաքական իշխանության ու իր ղեկավարի անպատասխանատվության հետևանքով։ Երկիրն այս վիճակին հասցնելուց հետո՝ փոխարենը օր առաջ հեռանային, ամուր կառչել են իրենց աթոռներից և ամեն օրվա հետ մեծացնում են երկրի անվտանգությանը սպառնացող ռիսկերը։ Դա էլ դեռ քիչ է, այս անկայունության պայմաններում, հիմա էլ արտահերթ ընտրություններն են օրակարգ բերել։
Այս պայմաններում, անկասկած, ներդրումներ չեն լինելու։ Չեն լինելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել ներդրումների համար այնպիսի լուրջ խոչընդոտներ, ինչպիսին են երկրի անվտանգության հետ կապված սպառնալիքներն ու ներքաղաքական լարվածությունը։
Սրանք կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ ռիսկեր են, առայժմ դժվար է ասել։ Շատ բան կախված է լինելու իշխանության հետագա քայլերից։
Մինչև հիմա ամեն ինչ արվել է ներդրումային միջավայրը մեր երկրում ապականելու համար։
Դրանում իշխանությունը լիարժեք «հաջողել է». ներդրումային միջավայրը Հայաստանում զրոյացվել է։
Զարմանալի չէ, որ իշխանության հայտարարած միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերն այդպես էլ մնում են թղթի վրա։ Կարևոր չէ՝ այդ ծրագրերը կա՞ն, թե՞ չկան։ Կարևորն այն է, թե դրանք որքանով են վերածվում իրական ներդրումների։
Այդ ծրագրերը կային 2 տարի առաջ, կան նաև այսօր։ Հետագայում ևս լինելու են ու կրկին՝ թղթի վրա։
Եթե այսպես շարունակվի, դրանք երբեք էլ չեն իրականանա։ Փոխարենը՝ իշխանությունը հնարավորություն կունենա ժամանակ առ ժամանակ խոսել միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի գոյության մասին։
Նախընտրական առաջիկա պրոցեսների ընթացքում այս թեման կրկին արդիական կդառնա։ Ոչինչ, որ նախորդ ընտրություններից հետո այդպես էլ հասարակությունը չտեսավ այն ներդրումնային ծրագրերը, որոնք իր նախընտրական արշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ու խոստանում դրանց շրջանակներում հազարավոր աշխատատեղեր բացել։
Ներդրումների մասին իշխանությունները խոսում էին ընտրությունների ժամանակ, խոսում են նաև հիմա։ Բայց ի՞նչ օգուտ, երբ ներդրումներ չկան։ Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ պաշտոնական վիճակագրությունը։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ վերջին 3 տարիներին մեր երկրում կատարված օտարերկրյա ներդրումները միայն կրճատվել են։ Անցած տարի դրանք կատաստրոֆիկ նվազել են։ Հիմա էլ նվազում են։
Ներդրումներ չկան, ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը ներդրումներից խոսի։ Ներդրումները հո խոսելո՞վ չեն լինում։ Ներդրումների համար պայմաններ են պետք։ Ո՞ւր են մեր պայմանները։ Ներդրումների համար Հայաստանում պայմաններ չկան։ Առավել ևս՝ հիմա։
Մեկ-մեկ ու կես ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ներդրումային ծրագրերի վերաբերյալ հերթական խորհրդակցությունն էր Էկոնոմիկայի նախարարությունում։ Հայտարարվեց, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներդրողների հետ քննարկում է 6 տասնյակ կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց գինը հասնում է 1,5 մլրդ դոլարի։ Այսպիսի քննարկումների մասին լսում ենք արդեն 2-3 տարի, բայց ներդրումները չենք տեսնում։
Նույնիսկ պետական մասնակցությունը երաշխիք չէ ներդրողների համար, որպեսզի Հայաստանում իրականացնեն ներդրումային ծրագրեր։ Մեկ տարուց ավելի է, ինչ կառավարությունն ազդարարել է այդ մասին, պարտաստակամություն է հայտնել ֆինանսական մասնակցություն ցուցաբերել այդպիսի ծրագրերում, բայց գործընթացը տեղից չի շարժվում։
Չի շարժվում, որովհետև մի կողմից՝ ներդրումային միջավայր չկա, մյուս կողմից՝ չկա վստահություն երկրի ապագայի ու իշխանության նկատմամբ։
Երեք տարում Նիկոլ Փաշինյանն այնպես խառնեց ու տակնուվրա արեց ամեն ինչ, որը դեռ երկար տարիներ են պետք լինելու՝ եղածն էլ հետ բերելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ