Գնաճը պարզապես թանկացում չէ. ի՞նչ է տեղի ունենում դրա հետևում, և ո՞ւր է կառավարությունը

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում խոսելու շաքարավազի և բանանի էժանացման մասին։ Վաղուց արդեն շաքարավազն ու բանանն ավելի թանկ են, քան նախկինում էին։ Շաքարավազ գնելու համար հիմա սպառողները ստիպված են 41 տոկոսով ավելի շատ վճարել, քան վճարում էին մեկ տարի առաջ։ Բանանի գնաճը մեկ տարում կազմել է 14 տոկոս։

Բայց թանկացումները միայն շաքարավազով ու բանանով չեն ավարտվում։ Թանկացել են բազմաթիվ այլ ապրանքներ ու շարունակում են թանկանալ։

Գնաճը այլևս դուրս է եկել նախատեսված թիրախից։ Այն հասել է 5,8 տոկոսի։

Հիշեցնենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոս է, առավելագույն շեղումը՝ 1,5 տոկոս։

Հիմա մենք այլևս անցել ենք նաև այդ շեղումը ու գնում ենք գնաճի խորացման ուղով։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա սպառողներն առաջիկայում կշարունակեն կրել գնաճի ակտիվացման ազդեցությունը։ Թանկացումները դեռ պիկին չեն հասել։

Վաղուց Հայաստանում գնաճն այսքան բարձր չէր եղել։ Գնաճն ակտիվ է հատկապես պարենային և ոչ պարենային ապրանքների շուկաներում։

Պարենային ապրանքներն այս տարի 7,6 տոկոսով ավելի թանկ են։ Ոչ պարենայինները թանկացել են 8,4 տոկոսով։

Բայց սա միայն միջին գնաճն է։ Հիմնական ապրանքային խմբերում, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն, գնաճը մի քանի անգամ ավելի բարձր է։

Շաքարավազի և բանանի մասին արդեն ասացինք։

Արևածաղկի բուսական յուղը 1 տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 62 տոկոսով, միայն մարտին՝ գրեթե 9 տոկոսով։ Գնաճային ճնշումն այս ապրանքատեսակի նկատմամբ շարունակում է բարձր լինել։ Բուսական յուղերի թանկացումները դեռ առջևում են։

Թանկացումներից հետ չի մնում կաթնամթերքը։ Ձվի գնաճը պարզապես ռեկորդ է սահմանել։ Բայց դա այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք։

Ուղղակի արձանագրենք, որ անցած մեկ տարում ձվի գնաճը գերազանցել է 78 տոկոսը։

Հացամթերքը և ձավարեղենը, որոնք մեծ կշիռ ունեն շատերի սպառողական զամբյուղում, գրեթե մոտեցել են երկնիշ գնաճին։ Ալյուրի դեպքում գնաճը նույնիսկ երկնիշ է։ Այն ավելի քան 14 տոկոսով թանկ է անցած տարվանից։ Հացի գինն այս ընթացքում բարձրացել է գրեթե 9 տոկոսով։

Մրգերի շուկայում գնաճը 11 տոկոսի շրջանակներում է։

Ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են՝ 9, ծխախոտը՝ 9,6 տոկոսով։

Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Բայց բավարարվենք այսքանով ու մի պահ հետհայացքով նայենք իշխանությունների վարքագծին. սպառողական ապրանքների շուկայում մի իսկական իրարանցում է, գներն անընդհատ բարձրանում են, ընդլայնվում է թանկացող ապրանքների շրջանակը, իսկ իշխանությունները դա այլևս չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս։

Այնինչ՝ գնաճը պարզապես թանկացում չէ։ Դրա հետևում հարյուր-հազարավոր աղքատ քաղաքացիներ են, սոցիալական խոցելի խմբեր, որոնք առանց այդ էլ օրվա հացի խնդիր ունեն։

Ի՞նչ են արել կամ անում իշխանությունները՝  համատարած թանկացումների ազդեցությունն այս մարդկանց վրա ինչ-որ կերպ թուլացնելու համար։ Ոչինչ չեն արել և չեն պատրաստվում անել։ Իսկ դա նշանակում է, որ այս թանկացումները բերելու են աղքատության հետագա խորացման։

Աղքատության մակարդակը մեր երկրում բարձր է, հիմա ավելի շատ կբարձրանա։

Արդեն կան նախնական գնահատականներ, որ այն կավելանա ևս 8 տոկոսով։

Ութ տոկոսը շատ մեծ թռիչք է աղքատության համար։ Թեև կարող էր և այդպես չլինել, եթե մի քիչ էլ սպառողների մասին մտածեին։

Թանկացումները շատ հաճախ փորձում են արդարացնել նրանով, որ դա մեզանից կախված չէ, ամբողջ աշխարհում է այդպես։ Բայց մոռանում են, որ ամբողջ աշխարհում փորձում են թուլացնել թանկացումների ազդեցությունը սպառողների և հատկապես սոցիալական խոցելի խմբերի վրա, թիրախային օժանդակություն են ցույց տալիս։ Մեզանում նման բան չկա։ Սպառողները, այդ թվում՝ սոցիալական սպառողները, անպաշտպան են մնացել թանկացումների դիմաց։

Այն, ինչ կատարվեց ձվի շուկայում՝ Զատկի տոնին ընդառաջ, ուղղակի խայտառակություն էր։ Մարդիկ իրար գլխի վրայով էին անցնում՝ մի քանի ձու փախցնելու համար։ Շատերին այդպես էլ բախտ չվիճակվեց  Զատկի տոնին ձու ձեռք բերել։

Խնդիրը, իհարկե, ձուն չէ, առանց դրա էլ կարելի է յոլա գնալ։ Խնդիրն  իշխանությունների անտարբերության մեջ է։ Կարծես դա իրենց չի էլ վերաբերում։

Արդեն որքան ժամանակ է՝ Հայաստանը մտել է բարձր գնաճի փուլ։ Այս ընթացքում լսած կա՞ք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ գոնե անդրադարձած լինի այդ խնդրին։ Հիմա պատկերացրեք, թե նա ինչեր կաներ, եթե այս ամենը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք։ Քարը քարին չէր թողնի, որպեսզի ցույց տար, թե ինչքա՜ն մտահոգ է սպառողների համար։

Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի կարևոր գործերով է զբաղված ու գնաճի ժամանակը չունի։ Ժամանակ հաստատ ունի, պարզապես ասելիք չկա։ Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում շուկայում։

Գներն ահավոր բարձրացել են, ու դա ամենևին էլ միայն արտաքին գործոններով չէ, որ պայմանավորված է։ Վկա՝ նաև ձվի շուկան։ Ձուն տեղական արտադրանք է, սակայն Զատիկից առաջ կտրուկ թանկացավ։ Ընդունենք, որ գների բարձրացման վրա որոշակի ազդեցություն կարող էր ունենալ ներմուծվող կերի թանկացումը։ Բայց ոչ երբեք այնքան, որքան ձվի գնի բարձրացումն էր։

Թանկացման պատճառները պետք է փնտրել այլ տեղում։ Դրա համար ունենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Նախկինում Նիկոլ Փաշինյանը մշտապես թիրախի տակ էր պահում այս հանձնաժողովին։ Հիմա չի էլ հիշում այդ հանձնաժողովի մասին, չնայած վերջինիս աշխատանքում շատ բան չի փոխվել։ Ավելացել են լիազորությունները, բայց արդյունքը չի երևում։ Ինչպես միշտ, այն գնում է իրադարձությունների հետևից։  Ուսումնասիրում է շուկան, հարուցում է վարչական վարույթներ, իսկ ամիսներ հետո փորձում պարզել՝ եղե՞լ են չարաշահումներ կամ գների արհեստական բարձրացման երևույթներ, թե՞ ոչ։

Այդ ընթացքում գնացքը վաղուց արդեն գնացած է լինում։ Ու որքան էլ հնարավոր չարաշահումների համար Հանձնաժողովը կարող է տուգանքներ նշանակել, դա ոչինչ էլ չի տալիս սպառողին։ Սպառողն ինչպես տուժել է, այնպես էլ մնում է տուժած։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս