Ֆինանսական համակարգն արձագանքում է վճարունակության վատացմանը

Տնտեսական իրավիճակը Հայաստանում մնում է լարված ու անորոշ։ Չնայած տնտեսության վերականգնման մասին վերջին շրջանում իշխանական ճամբարից հնչող հայտարարություններին՝ տեղական ու միջազգային կազմակերպությունների գնահատականները շարունակում են հոռետեսական լինել։

Համեստ աճի սպասելիքներ գուցե կան, բայց տնտեսության վերականգնման մասին խոսակցությունները խիստ չափազանցված են։ Լավագույն դեպքում այս տարի տնտեսությունը կարող է որոշ չափով հետ բերել կորցրածը։

Անցած տարվա կտրուկ անկումից հետո նախկին ծավալներին հասնելու համար դեռ շատ ճանապարհ պետք է անցնել։ Այս պահին նման հեռանկարներ չկան։

Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների գնահատումներով՝ Հայաստանի տնտեսության վերականգնումը կարող է տևել մինչև 2023 թվական։ Այսինքն՝ մինչև 2023թ. հազիվ ՀՆԱ-ն հասնի 2019թ. մակարդակին։ Այն էլ՝ չափազանց լավատեսական սցենարի դեպքում։

Հիշեցնենք, որ ՀԲ կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ 3,4 տոկոս աճ, ինչը, սակայն, խիստ կասկածելի է։ Տարեսկզբին ունենք 6,7 տոկոսանոց անկում։

Պահպանվող աշխարհաքաղաքական և ներքաղաքական անորոշությունները, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, համավարակի ակտիվացումը ոչ մի կերպ չեն նպաստում տնտեսության ակտիվության վերականգնմանը։ Սպասումներ են ձևավորվել, որոնք ստիպում են զգուշավորություն ցուցաբերել։

Բանկային համակարգը ևս, որի հետ ժամանակին իշխանությունները մեծ հույս էին կապում, մտել է պասիվացման շրջափուլի մեջ։ Հունվարին արձանագրված անկումից հետո՝ վարկային շուկան դեռևս չի վերականգնվել։

Տարեսկզբի 2 ամիսներին բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 71 մլրդ դրամով։ Նվազել են՝ ինչպես դրամային, այնպես էլ՝ տարադրամային վարկերը։

Բանկերի դրամային վարկերի պորտֆելը կրճատվել է 31 միլիարդով, տարադրամայիններինը՝ 40 միլիարդով։ Տարադրամայինի դեպքում անկումն ավելի մեծ կլինի, եթե հաշվի առնենք նաև դրամի արժեզրկման ազդեցությունը։

Բանկերի վարկային պորտֆելի նվազում է տեղի ունեցել տնտեսության իրական հատվածում։ Խոսքն արդյունաբերության մասին է։

Տնտեսության այս ճյուղին ուղղված բանկային կապիտալը տարեսկզբին կրճատվել է 27 մլրդ դրամով։

Արդյունաբերության մեջ բանկային միջոցները նվազել են՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Ընդ որում, փետրվարին՝ ավելի մեծ չափով։

Քանի որ տնտեսությունը կորցրել է վարկունակությունը և բախվել է բազմաթիվ խնդիրների ու ռիսկերի հետ, դադարել են գործել հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում արտոնյալ վարկեր ստանալու հնարավորությունները, զգուշավոր են դարձել նաև բանկերը։ Դա ակնհայտ է ոչ միայն արդյունաբերության, այլև սպառողական վարկերի պարագայում։

Բանկերի վարկային պորտֆելում երբեմնի ամենաարագ աճող հատվածը շարունակում է սեղմվել։ Սպառողական վարկերը նվազել են նույնիսկ նախորդ տարվա համեմատ։ Նման բան դժվար է հիշել, թե երբ է եղել վերջին անգամ։

Վերջին 2 տարիները ծաղկուն շրջան էին սպառողական վարկերի համար։ Դրանք ավելանում են տարեկան ընդհուպ մինչև 28-30 տոկոսով։ Արդյունքը եղավ այն, որ հիմա բանկային համակարգը կանգնել է դրանց վերադարձման հետ կապված դժվարությունների առաջ։ Չհիմնավորված լավատեսության պատճառով մարդիկ վարկեր են վերցրել, ծախսել՝ այն հույսով, որ գործերը լավ կլինեն, ու հիմա կանգնել են փաստի առաջ։ Գործերը ոչ միայն լավ չեն, այլև ավելի են վատացել։

Նման իրավիճակներում, երբ կրճատվում են եկամուտները, սովորաբար մարդկանց մոտ ավելանում է ֆինանսական կարիքը։ Բայց նվազում է բանկերի վստահությունը հաճախորդների նկատմամբ։ Տեղի է ունենում այն, ինչ հիմա տեսնում ենք. կրճատվում են սպառողական վարկերը։

Մեկ տարի առաջ բանկերի այդպիսի վարկերի պորտֆելն ավելի մեծ էր, քան հիմա է։

Փետրվարին դրանք կազմել են 921 մլրդ դրամ։ Մինչդեռ՝ նախորդ տարվա փետրվարին հասնում էին 934 միլիարդի։

Սպառողական վարկերի շուկայում առկա այս իրավիճակը չի բխում տնտեսության շահերից։

Սպառողական վարկերը ձևավորում են լրացուցիչ վճարունակ պահանջարկը, ինչը խթան է տնտեսության զարգացումների համար։ Սակայն այդ խթանը հիմա բացակայում է։ Դժվար է ասել նույնիսկ, թե երբ կարող է վերականգնվել։ Վերականգնվելու համար հարկավոր է, որպեսզի բարձրանա մարդկանց վարկունակությունը։ Այս պահին այն ցածր է, հույս էլ չկա, որ շուտ կբարձրանա։

Դա նշանակում է, որ սպառողական վարկերի շուկայի ակտիվացում առաջիկայում չպետք է սպասել։ Չպետք է սպասել նաև դրանով պայմանավորված սպառողական պահանջարկի աճի։

Սպառողական պահանջարկի ակնկալվածից ավելի ցածր մակարդակ է սպասում նաև Կենտրոնական բանկը։ Ուստի, կարծում է, որ տնտեսության վերականգնման հեռանկարները կհետաձգվեն։ Եթե անցած տարվա վերջին ԿԲ-ն տնտեսության մեջ դեռ 2 տոկոս աճի հավանականություն տեսնում էր, ապա հիմա այն իջեցրել է 1,4 տոկոսի մակարդակի՝ համարելով, որ ներքին պահանջարկի ակնկալվող սպասելիքները չեն արդարանում։

Խնդիրներ կան՝ ինչպես ծառայությունների, այնպես էլ՝ առևտրի ու արդյունաբերության հատվածներում։ Սպասումներն այս ոլորտներում թուլացել են։

Տնտեսական համեստ աճի հույսերը կապված են շինարարության և գյուղատնտեսության հետ։

Տարեսկզբին շինարարության մեջ փոքր ակտիվություն կա՝ նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվա վերջի նկատմամբ վերականգնվել են նաև ոլորտին ուղղված բանկերի վարկային ներարկումները։ Բայց այստեղ դեռ շատ անորոշություններ կան՝ թելադրված հատկապես անշարժ գույքի շուկայից։

Անշարժ գույքի շուկան պասիվացել է, թեև բանկերը չեն շտապում կտրուկ արձագանքել դրան. եթե ոչ՝ նախկին ծավալներով, ապա՝ հիմնականում բավարարում են հիպոթեքի պահանջարկը։ Հիպոթեքային վարկերի ակտիվությունը շարունակում է փոխկապակցված մնալ եկամտային հարկի վերադարձի հետ։ Պետական բյուջեն վերջին 2-3 տարիներին հասցրել է լրջորեն ծանրաբեռնվել եկամտային հարկի վերադարձով, բայց կառավարությունն առայժմ կարծես հակված չէ վերանայել կամ սահմանափակել այդ արտոնությունից օգտվելու պայմանները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս