«Դուք մի գեղի կլուբ չեք կարողանում սարքել, ատոմակայան սարքո՞ղ եք». Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժամանակին արել է Սերժ Սարգսյանը, նոր ատոմակայանի կառուցում, Հայաստանից երկաթգծի կառուցում դեպի Իրան և այլն։
«Ի՞նչ ատոմակայան, դուք ռազմագերի չեք կարողանում բերել, դուք ատոմակայան կառուցո՞ղ եք։ Դուք մի գեղի կլուբ չեք կարողանում սարքել, ատոմակայան սարքո՞ղ եք: Մի հատ իշխանության դեմքին նայեք, ինքն ատոմակայանի հետ ի՞նչ կապ ունի։ Իրենք ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց ցանկացած ատոմակայանից պետք է հեռու պահել։ Քարոզարշավ է սկսվել, Փաշինյանը գնացել ասում է՝ ատոմակայան, որ Պուտինի հետ հանդիպմանը դրական արդյունքներ են գրանցել և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա վստահ է, որ մի քանի օր իշխանությունը կսպասի, որպեսզի դժգոհության այս ալիքն անցնի, հետո կրկին կսկսի հայտարարել, թե իր դեմ խաղ չկա, ժողովուրդն իրեն է ուզում, և այլն։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ գերիների հարցով փակուղային իրավիճակ չկա, հնարավոր բոլոր լծակները պետք է կիրառել, այլ հարց է՝ դրա համար քաղաքական ֆիգուրներ կա՞ն, թե՞ ոչ։
«Ես ասում եմ, որ նման ֆիգուր չկա, և եղածները պետք է փոխել։ Առաջիկա ընտրությունները լինելու է շատ մեծ անակնկալ. գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են։ Նախ՝ գելխեղդները ֆեյք են, դրանց մեջ գելխեղդ չկա, գայլերն էլ գայլ չեն, ստից բան են։ Իրենք գնալու են, ու գալու են նորմալ մարդիկ, որոնք կկարողանան երկիրն այս վիճակից հանել, օրինակ՝ ինձ նման մարդիկ, ի՞նչ գելխեղդներ, ի՞նչ գայլեր, ժողովրդին հեքիա՞թ են պատմում, քաղաքական դաշտը գազանանոց են սարքել»,- լրագրողների հարցերին պատասխանելիս անուղղակիորեն ինքնաքարոզչությամբ ամփոփեց խոսքը «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։