Բաժիններ՝

Բարձր տեմպով աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, և դա բերում է աշխատող աղքատների թվի ավելացման. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ գնաճից մինչև տնտեսական անկում, գործազրկության մակարդակի անկում, իրական եկամուտների նվազում և աղքատության մակարդակի աճ՝ այս բոլորի իրական պատճառը տոտալ անպատասխանատվությունն է, ականջահաճո խոստումները և դրան հակառակ իրավիճակ, գործողություն ու վարքագիծ՝ պետական կառավարման մարմինների կողմից:

«Կարևոր խոստում էր, որ նպաստից պետք է գնայինք աշխատանք, և նպաստառուների թիվը պետք է կրճատվեր, աշխատողների թիվն ավելանար, բայց իրականում 2020 թվականի ամփոփ տվյալներով՝ 30.000 զբաղվածի թիվ է նվազել մեր երկրում, և 30.000 աշխատուժի առաջարկ նվազել է, որից 20.000-ը կամ լքել է երկիրը, կամ մահացել են, կամ էլ 75-ից բարձր տարիք ունեն: Մոտ 10.000 մարդ կորցրել է հույսը և աշխատանք չի փնտրում, աղքատությունը բարձրացել է, և այսպես շարունակվելու դեպքում ամեն երկրորդը Հայաստանում լինելու է աղքատ: Գներն աճում են աննախադեպ չափերով և շատ կարևոր է արձանագրել, որ էապես բարձր տեմպով աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, և դա բերում է իրական եկամուտների նվազման, աշխատող աղքատների թվի ավելացման, և ամենավտանգավորը՝ ծայրահեղ աղքատության նվազեցման: Գործող իշխանությունները խոստանում էին վերացնել աղքատությունը, բայց ծայրահեղ աղքատների թիվն էապես ավելացել է, որի հիմնական պատճառներից մեկը գնաճն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետը հավելեց՝ այս տարվա առաջին երեք ամիսներին անվանական միջին աշխատավարձն ընդամենը 0.8 տոկոսով է աճել, իսկ սննդամթերքի գներն աճել են 7.5 տոկոսով, և այս տարբերությամբ պայմանավորված՝ մարդիկ կորցրել են իրական եկամուտը և ավելի աղքատացել են:

«Այս տարվա մարտին ձեթը թանկացել է 62.2 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: 41 տոկոսով թանկացել է շաքարավազը, 10 տոկոսով՝ հացը, ալյուրը՝ 15 տոկոսով: 25 տոկոսով բարձրացել է բուսական յուղի արժեքը, մոտ 17 տոկոսով աճել է կաթնամթերքի գինը, միրգը՝ 10-11 տոկոսով: Նույնիսկ խառը կանաչու գինը չի նվազել, այլ աճել է 30 տոկոսով: Փոխարենը՝ 15 տոկոսով նվազել է կաղամբի գինը, 30 տոկոսով էլ՝ ճակնդեղի գինը»,- նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ փոխանակ պետությունը գնաճը զսպի, համարժեք արժութային քաղաքականություն իրականացնի, իրականում չի հաջողում, որովհետև ամբողջ պատասխանատվությունը դնելով Կենտրոնական բանկի վրա՝ ակնհայտ է, որ չենք կարող ունենալ գների այնպիսի մակարդակ, որը համահունչ կլինի եկամուտների աճին:

«Իսկ ազգային արժույթը շարունակում է արժեզրկվել, և միայն այս 3 ամիսների ընթացքում 3-4 տոկոս արժեզրկվել է, ու նախորդ տարվա համեմատ՝ ազգային արժույթի 10-11 տոկոս անկում ունենք, որը բերում է ներմուծվող և ներմուծման բաղադրիչ ունեցող ապրանքների գնաճի: Արտահանումը դեռևս կրճատվում է, տնտեսական ակտիվությունը՝ ևս: Թանկանում են նաև դիզվառելիքի և բենզինի գները: 18 տոկոսով այս 3 ամիսներին թանկացել է դիզվառելիքի գինը, իսկ առջևում գյուղատնտեսական աշխատանքներն են: Տեղյակ չենք, թե ինչ է լինելու գազի սակագնի հետ: Մոտ 7 տոկոսով առողջապահությունն է թանկացել, կրթությունը՝ 2-3 տոկոսով: Բարձրացրել են նաև դատարան դիմելու պետական տուրքը ու բացատրում են նրանով, որ պետությանը անհրաժեշտ են միջոցներ, բայց դրանք ինչո՞ւ եք առաջինը սոցիալական ոլորտից քերթում: Հարկեք հանքարդյունաբերության ոլորտը, շքեղությունը, որ խոստացաք ու այդպես էլ չարեցիք: Ինչո՞ւ չեք նվազեցնում աշխատող աղքատների եկամտահարկը»,- նկատեց Թադևոս Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս