Ջղաձգորեն ընտրվում են միջոցներ՝ ինչպես կարելի է չեզոքացնել ընդդիմադիր կողմին․ տնտեսագետները՝ բանկային հաշիվների կենրոնացված ռեեստրի մասին
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Նախագծով նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նախագիծը ներկայացնելիս նշել է՝ այս ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացմամբ և բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից:
«Այս փոփոխությունը երկու նպատակից է բխում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից։ Միջոցառումը նախատեսված է եղել հակակոռուպցիոն ռազմավարությունում, սակայն բուն նպատակը նշեցի։ Կոռուպցիան նույնպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նախորդող հանցակազմ է իրենից ներկայացնում։ Կենտրոնացված ռեստերը թույլ է տալու հետագայում զարգացնել նաև տարբեր նորարարական գաղափարներ»,- հավելել է Ներսես Երիցյանը։
Այս փոփոխությունն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ հերթական վերահսկողական գործիքն իշխանությունների ձեռքին՝ 168.am-ը հարցի պատասխանը փորձեց ստանալ տնտեսագետներից։
«Կարող եք ընդհանրապես չկասկածել, որ անկարող, անհեթեթ այս իշխանությունը բացառապես փնտրում է մահակներ իր, այսպես կոչված, հակառակորդներին չեզոքացնելու համար՝ ոչ միայն միասնական ռեեստրի ստեղծման առումով, այլ ընդհանրապես։ Կարող եմ թվարկել բոլոր՝ մինչ օրս ընդունված օրենքները, այդ թվում նաև՝ արտահերթ ընտրությունների անցկացման կտրվածքով փոխված Ընտրական օրենսգիրքը,- նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հավելելով,-
Փաստորեն, ջղաձգորեն ընտրվում են միջոցներ՝ ինչպես կարելի է չեզոքացնել կամ զրոյացնել ընդհանրապես ընդդիմադիր կողմին»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման հիմնական նպատակը երկրում փողերի շարժի վերահսկողությունն է․
«Հայաստանի դեպքում փողերի շարժից կարելի է հասկանալ քաղաքական, տնտեսական իրավիճակը, և այլն։ Սա ֆինանսական վերահսկողության լրացուցիչ գործիք է, որը կարող է օգտագործվել բարի նպատակներով և նաև՝ քաղաքական հետապնդումների նպատակներով։ Այսինքն՝ այս դեպքում պետք է գնահատվի կիրառողի ազնվությունն ու արդարությունը, իսկ ակնհայտ է, որ վերջին շրջանում քաղաքական հետապնդումներն ուղեկցվում են տարբեր տնտեսական գործերով, բանկային տվյալների հրապարակմամբ կամ գաղտնազերծմամբ։ Այս գործիքն այս պահին ներդնելը բավականին ռիսկային է»։
Տնտեսագետը հավելեց նաև՝ որքան շատ է գաղտնիք վերահսկող մարմինների թիվը, այնքան ավելի քիչ անվտանգ է դառնում այդ տեղեկությունը։