Բաժիններ՝

Կհիմնվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց կառավարության հեղինակած ՀՀ «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նշված նախագծով նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։

Ներկայացնելով նախագիծը՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ կենտրոնացված ռեեստրի տեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացմամբ և բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից: Նմանատիպ ռեեստրները լայն տարածում ունեն նաև ԵՄ երկրների շրջանում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Մոլդովայում, Ավստրիայում և այլուր:

«Այս փոփոխությունը երկու նպատակից է բխում՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընդհանուր ստանդարտներից ու կանոններից։ Միջոցառումը նախատեսված է  եղել հակակոռուպցիոն ռազմավարությունում, սակայն  բուն նպտակը նշեցի։ Կոռուպցիան նույնպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նախորդող հանցակազմ է իրենից ներկայացնում։ Կենտրոնացված ռեստերը թույլ է տալու հետագայում զարգացնել նաև տարբեր նորարարական գաղափարներ»,- նշեց Ներսես Երիցյանը։

ԿԲ  նախագահի տեղակալը նաև ասաց, որ ռեեստրում ներառվող հաճախորդի և լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունները բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են, դրանք ստացվելու են նման տեղեկությունների ստացման համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված կարգով.

Նաև՝ ռեեստրից տեղեկություններ ստանալու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը նույնն է, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկություներ ստանալու իրավասություն ունեցող մարմինների ցանկը։

Քննարկումից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս