«Ադրբեջանի կողմից հնարավոր գործողությունների համար մի շարք նպաստավոր պայմաններ կան». Վիտալի Մանգասարյան
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի բոլոր ուղղություններով լարվածությունը մեծացնում է։ Նպատակն այս փուլում կարող է տարբեր լինել, հետախուզությունից՝ մինչև իր իսկ հատուկ նշանակության ստորաբաժանումների, այսպես ասած, մարտական մկրտություն ստանալու համար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
«Տավուշի հատվածում ժամանակ առ ժամանակ լարվածություն է գրանցվում, մեր համապատասխան ստորաբաժանումների գործողության արդյունքում նոր միայն թշնամին հանգստանում է: Մարտի 10-ին լարվածությունը տեղափոխեցին արդեն հարավային ուղղություն՝ նախիջևանյան սահման, ինչի հետևանքով, ցավոք սրտի, ունեցանք կորուստ։ Միաժամանակ, կարծում եմ՝ ադրբեջանական բանակի հարվածի հիմնական ուղղությունն անփոփոխ է, այն է՝ ղարաբաղյան հատվածը, որտեղ այս պահին, կարելի է ասել՝ տարօրինակ հանգիստ է»,- նշեց նա:
Ըստ Մանգասարյանի՝ Արցախում սպասվում են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններ, ՀՀ-ում՝ սահմանադրական հանրաքվե, Մերձավոր Արևելքում վիճակն անկայուն է, աշխարհում տնտեսական ճգնաժամ է կանխատեսվում, ուստի ադրբեջանական կողմն առիթը բաց չի թողնում, այսպես ասած, ատամ ցույց տալու:
«Այս և այլ հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Եթե Ադրբեջանն ինչ-որ գործողություն ցանկանա պլանավորել, ապա դրա համար վերևում նշված մի շարք նպաստավոր պայմաններ կան։ Այդ իսկ պատճառով՝ և՛ բանակը, և՛ հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան: Աշխարհը խոսում է թուրքական մարտական ԱԹՍ-ների մասին, որոնք բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններում։ Պետք է զուգահեռ հետևել Մերձավոր Արևելքում ծավալվող մարտական գործողությանը, քանի որ գաղտնիք չէ՝ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում և, մեծ հավանականությամբ՝ սրացումների դեպքում, այն կկիրառի մեր դեմ»,- եզրափակեց ռազմական փորձագետը: