«Իդլիբյան» սցենարի իրական լինելու և «անհեթեթ» թերահավատության մասին

Այս տարվա մարտին  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի ադրբեջանական բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը:

Սրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները բացելով փակագծերը՝ նշեցին, որ խոսքը փետրվարի վերջին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների մասին է Բաշար Ասադի ուժերի դեմ: Այդ օրերին թուրքական բանակն Իդլիբում 36 զինվորական կորցրեց Սիրիայի ավիացիայի կողմից հրթիռային հարվածների հետևանքով: Եվ ի պատասխան՝ թուրքական բանակը պատասխան մարտավարություն կիրառեց Բաշար Ասադի զորքերի և նրան սատարող զինյալների դեմ. հրետանուն և համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, կամիկաձե դրոններ օգտագործեց` դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին:

Այս օպերացիայից հետո  միջազգային ռազմական փորձագետներից սկսեցին զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում  նմանատիպ գործողությունների անցկացման հնարավորության հետ՝ զգուշացնելով, որ Ադրբեջանն  «իդլիբյան» սցենարի է պատրաստվում Ղարաբաղում:

Հայ ռազմական փորձագետներից ևս չբացառեցին սրա հնարավորությունը, մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում շեշտվել էր, որ «աշխարհը խոսում է թուրքական մարտական ԱԹՍ-ների մասին, որոնք բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններում»:

«Պետք է զուգահեռ հետևել Մերձավոր Արևելքում ծավալվող մարտական գործողությանը, քանի որ գաղտնիք չէ՝ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում և, մեծ հավանականությամբ՝ սրացումների դեպքում, այն կկիրառի մեր դեմ»,- լրացրել էր նա:

Նույն ժամանակ, սակայն, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը «իդլիբյան» սցենարի կրկնության մասին հատկապես ադրբեջանական կողմի ակնարկները համարեցին անհեթեթ և  քարոզչական կայքերի հորինվածք: Չգիտեմ՝ իրականում չէի՞ն հավատում, թե՞ պետք էր, որ չհավատային:

Ինչևէ, 45-օրյա պատերազմում, ըստ էության, տեսանք «իդլիբյան» սցենար հիշեցնող մարտական գործողություններ, երբ հրետանային միջոցներին  և համազարկային համակարգերին զուգահեռ` կիրառվում էին մեծաթիվ և ինտենսիվ օդուժ, հարվածային ԱԹՍ-ներ, թուրքական F-16-եր, որոնք հարված հասցնելու փորձ ունեին  սիրիական ուղղությամբ:

Պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը մի առիթով ասաց, որ,  երբ տարիներ առաջ Ադրբեջանում հայտնվեցին թուրքական սպառազինություններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք ունեն բավականին մեծ հեռահարություն՝ օդ-ցամաք գործողության, լավ գիտակցում էին, որ այդ միջոցներն ադրբեջանական օդուժի որևէ թռչող սարքի վրա չեն կարող կիրառվել, արձակվել: Ո՛չ Սու-25-ը, ո՛չ ՄիԳ-29-ը դա չեն կարող կիրառել, դա կարող է կիրառել միայն F-16-ը, որի համար ստեղծված են այդ միջոցները: Հետո արդեն պատերազմի ընթացքում բազմիցս լսեցինք՝ Արցախում պատերազմական սցենարը մշակվել, կառավարվում, որոշ տեղերում՝ նաև իրագործվում է Թուրքիայի կողմից:

Իսկ թե ինչ էին զգում «իդլիբյան» սցենարի ղարաբաղյան իրագործումն անհեթեթություն համարողները, թողնենք no coment: Ցավն այն է, որ նույնիսկ պատերազմի օրերին շատ իրատեսական սցենարներ և դեպքեր միֆ համարվեցին, կատակի տրվեցին, և ունեցանք այն, ինչ ունեցանք:

Եվ հիմա մնում է հուսալ, որ սիրական մոդել չենք ունենա գոնե հետպատերազմյան այս շրջանում և չենք տեսնի ռուս-թուրքական համատեղ պարեկություն-խաղաղապահություն, ինչպես խոստանում է ՌԴ-ն, որ կսահմանափակվեն միայն մոնիտորինգային համագործակցությամբ:

Իսկ պատերազմը չի ավարտվել, դրա  ամեն րոպե վերսկսման հարցը  տարածքներ հանձնելով չենք փակել, եթե չասենք՝ նորովի բացել ենք…

Տեսանյութեր

Լրահոս