Զարմանում են, որ համաշխարհային հանրությունը ստիպում էր հանձնել ինչ-որ բան. աշխատեիք, որ այդպես չլիներ: Նստել ձեր աթոռներին ու կյանքն էիք վայելում․ ադրբեջանագետ

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախաադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ապրիլի ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 զինծառայող:

Ինչպես ապրիլյան քառօրյա, այնպես էլ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ագրեսոր երկիրը կատարեց պատերազմական հանցագործություններ և, ցավոք, մինչ օրս չի պատժվել:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ այստեղ կա հայկական կողմի մեղավորությունը, այն է՝ արտաքին քաղաքականություն չենք վարել կամ սխալ ենք վարել:

«Որպես այդպիսին՝ արտաքին քաղաքականություն այս տարիների  ընթացքում չենք վարել, լիակատար ձախողել ենք, ու դա է բերել այս արդյունքին՝ ապրիլյան պատերազմին և 44-օրյա պատերազմին: Մեր պարտությունը արտաքին քաղաքականության ցայտուն արդյունքն է: Մենք դասեր չէինք քաղել ապրիլյան պատերազմից: Այդ ժամանակ մենք չճանաչեցինք Արցախի անկախությունը, և մեծ մասամբ այդ ընթացքում կատարված սխալներն են բերել այն հանգրվանին, որ ունեցանք վերջին պատերազմի ժամանակ՝ էլ ավելի խայտառակ արդյունքներով: Քառօրյա պատերազմում Արցախի անկախությունը չի ճանաչվել, 44-օրյա պատերազմում՝ նույնպես: Դա պատահականությո՞ւն է, թե՞ միտումնավորություն: Մենք ունե՞նք Արտաքին գործերի նախարարություն, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում ըստ պատշաճի չի ներկայացվել նաև Սումգայիթի հարցը:

«Եթե այս երկու պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից կատարվածը համարվում է պատերազմական հանցագործություն, ապա Բաքվում ու Սումգայիթում խաղաղ քաղաքացիների նկատմամբ այդ վայրագությունները  ցեղասպանական բնույթի էին, և եթե անգամ դա չենք բարձրաձայնել, ինչո՞ւ ենք զարմանում, որ հիմա չեն պատժվում: Հիմա էլ մեր եկեղեցիներն են պղծում: Ալիևը Հադրութի եկեղեցիներից մեկը մտավ կեղտոտ կոշիկներով ու պղծեց՝ ասելով, որ դա աղբանոց է, ու քրիստոնեական տաճարն աղբանոց անվանելն անգամ հայկական լրատվականներում աղմուկ չբարձրացրեց: Եթե ինչ-որ բան կապված լիներ մզկիթի հետ՝ ամբողջ աշխարհով մեկ Ադրբեջանը կտարածեր: Աղբանոց է անվանում այն եկեղեցին, որը գտնվում է իրենց կողմից օկուպացված տարածքում, ու իրենք են վերածել ռազմամթերքի ամբարի: Ավելին, որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս ասել, որ Քարվաճառը մերը չէ:

Դա մեր հողն է, ու եթե ձեր գիտելիքներն են պակասում, դա ուրիշ բան է: Դրանք հայկական պատմական հողերն են, ինչի՞ մասին է խոսքը: Եվ, եթե համաշխարհային հանրությանն ադրբեջանցիները փորձում են ասել՝ հետ տվեք հողերը, ուրեմն մեր ԱԳՆ-ն վատ էր աշխատում և չկարողացավ բացատրել, որ այդ հողերը Ադրբեջանի համար պատերազմական գործողություններ սկսելու ելման կետ ծառայող տարածություն կարող են դառնալ, և դրա համար էլ հնարավոր չէ տալ: Պետք է բարձրաձայնեին Հյուսիսային Արցախի, Շահումյանի շրջանի հարցը, որտեղից հայերը դուրս են հանվել, և այդ հողերն ո՞վ է վերադարձնելու: Չեն արել, հիմա էլ զարմանում են, որ համաշխարհային հանրությունը ստիպում էր հանձնել ինչ-որ բան. աշխատեիք, որ այդպես չլիներ: Նստել ձեր աթոռներին ու կյանքն էիք վայելում»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:

Տեսանյութեր

Լրահոս