Սահմանադրական դատարանի «դատավոր» Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքի մասին
Բազմիցս խոսվել է այն մասին, որ Սահմանադրական դատարանի օրինական կազմը Սահմանադրության 2020 թվականի «փոփոխությունների» միջոցով ապօրինաբար փոփոխելու արդյունքում Սահմանադրական դատարան են ներթափանցել կասկածելի ծագումնաբանությամբ և աշխարընկալմամբ տարրեր, որոնք, դրան զուգահեռ, պարզվում է, նաև մասնագիտական որակների տեսանկյունից են կասկածելի:
Ասվածը, կարծես թե, պետք է բացառվեր Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՍԴ չկայացած նախագահ, Սահմանադրական դատարանի «դատավոր» (չակերտները պայմանավորված են Սահմանադրության «փոփոխությունների» ակնհայտ ապօրինությամբ) Երվանդ Խունդկարյանի դեպքում, սակայն դա այդպես չէ:
Երվանդ Խունդկարյանը հարկ է համարել հատուկ կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշման վերաբերյալ, որով հակասահմանադրական և անվավեր ճանաչվեց Քրեական օրենսգրքի տխրահռչակ 300.1 հոդվածը:
Այն, որ անգամ ներկայիս ապօրինի կազմով Սահմանադրական դատարանը չկարողացավ պահպանել այդ հոդվածը մեր իրավակարգում, շատ բանի մասին է վկայում, առաջին հերթին՝ այն մասին, որ այն հնարավոր չէր «փրկել» անգամ լավագույն ցանկության դեպքում, և նույնիսկ Նիկոլի «սրտի» Սահմանադրական դատարանը ստիպված էր գոնե մեկ անգամ գնալ ճիշտ ճանապարհով:
Չէինք ցանկանա անդրադառնալ Սահմանադրական դատարանի այդ որոշման պատճառաբանական մասի տարբեր թերություններին, խրթին ձևակերպումներին, որոնք, սակայն, չեն ստվերում այդ որոշման ճիշտ բովանդակությունը: Սակայն տարօրինակ և անհասկանալի է ոչ թե տվյալ որոշման իրական թերություններին, այլ անտրամաբանական եղանակով այդ որոշմանը հակադրվելը, ինչը պարզ երևում է Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքից:
Նախ` նա հատուկ կարծիք է գրել իբրև թե ՍԴ որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ, սակայն անդրադարձել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի մասով գործի վարույթը կարճելու հարցին, այսինքն, դիմումի ընդունելիության հարցին, ինչն անթույլատրելի է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62 հոդվածի 10-րդ մասով: Դիմումի ընդունելիության հարցը Սահմանադրական դատարանը, համաձայն այդ օրենքի 28 հոդվածի, լուծում է աշխատակարգային որոշմամբ` դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքում, բայց ոչ երբեք դատաքննության փուլում` ըստ էության որոշմամբ: Եթե դատաքննության փուլում դիմումի ընդունելիության խոչընդոտներ են ի հայտ գալիս, Սահմանադրական դատարանը կարող է կարճել գործի վարույթը, սակայն տվյալ դեպքում ՍԴ-ն ընդունել է վիճարկվող հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում, և որոշման մեջ չի անդրադարձել կարճման հարցին, այսինքն, պարզ չէ, թե պատճառաբանական մասի ո՞ր դրույթների վերաբերյալ է հատուկ կարծիք ներկայացրել Ե. Խունդկարյանը:
Սակայն ամենազավեշտալին Ե. Խունդկարյանի հիմնավորումն է, թե ինչու պետք է ՍԴ-ն կարճեր գործի վարույթը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի մասով: Նրա փաստարկների հիմքում այն է, որ ՍԴ դիմած դատավոր Դավիթ Գրիգորյանը և ներկայիս դատավոր Աննա Դանիբեկյանը միևնույն դատարանը չեն, այլ տարբեր դատարաններ են, և Աննա Դանիբեկյանն ակտիվ գործողություններով պետք է հաստատեր Դավիթ Գրիգորյանի դիմումը, սակայն չի հաստատել այն, այսինքն, Ե. Խունդկարյանի կարծիքով, նման դիմում չկա: Դրանով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ցուցաբերում է կատարյալ անտեղյակություն (եթե բացառում ենք տարբեր քաղաքական շահերի սպասարկումը) այն հարցում, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի («Օրինականության սկզբունքը») 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Իսկ Սահմանադրության 167 հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով:
Սահմանադրությունը Սահմանադրական դատարան դիմելու հարցերը կարգավորում է Սահմանադրության 169 հոդվածում, որում ՍԴ դիմելուց հետո հետագա գործողությունների հարցերը չեն կարգավորվում:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում դիմողի «ակտիվ գործողությունների» առումով կարգավորվում են դիմելուց հետո դիմումը ըստ ձևի շտկելու (օրենքի 26 հոդված) կամ այն հետ վերցնելու հարցերը (օրենքի 30-րդ հոդված): Այսինքն, դիմումի հաստատմանն ուղղված ոչ մի գործողություն ամրագրված չէ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքով, իսկ դիմումը թույլատրվում է հետ վերցնել մինչև դատաքննությունը սկսվելը, և Աննա Դանիբեկյանը ՍԴ-ի կողմից դիմումը քննության ընդունելուց հետո այս փուլում որևէ գործողություն կատարելու համար ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքով իրավասու չէր, իսկ մինչև դատաքննությունը կարող էր հետ վերցնել դիմումը` ակտիվ գործողություն ձեռնարկել, և եթե դա չի արել, ուրեմն լռելյայն համաձայնել է դիմումի հետ: Այլ լիազորություն, քան Սահմանադրությամբ և օրենքով է նախատեսված, ոչ մի պաշտոնատար անձ, նույնիսկ Աննա Դանիբեկյանն իրավասու չէր իրականացնել: Եվ եթե իրավաբանը, էլ չենք ասում՝ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը, օրինականության սկզբունքին հակասող իրավական դիրքորոշումներ է հայտնում, կարելի է միայն ողբալ այն հաստատության համար, որում նա աշխատում է: Նույնիսկ ուսանողները կձախողեին սահմանադրական իրավունքի քննությունը, եթե նման կարծիք հայտնեին:
Այսինքն, իր հատուկ կարծիքի առանցքում դնելով սխալ և հակասահմանադրական ելակետ, ինչպես նաև խախտելով սահմանադրական օրենքով սահմանված կարգը` Ե. Խունդկարյանը հայտնում է իր անհամաձայնությունը, որ Սահմանադրական դատարանը քննել է նաև առաջին ատյանի դատարանի դիմումը և որոշում կայացրել դրա վերաբերյալ:
Սակայն, ինչպես ասում են, «որքան հեռու` այնքան շատ» («дальше – больше»): Աննա Դանիբեկյանին ինչ-որ ենթադրյալ հարաձակումներից պաշտպանելու համար Ե. Խունդկարյանն անգամ կոպիտ կերպով խախտում է դատավորի վարքագծի կարևոր կանոն և նախապես կարծիք է հայտնում Քրեական դատավարության օրենսգրքի` Սահմանադրական դատարանում քննության ենթակա դրույթի վերաբերյալ (տես հատուկ կարծիքի 20-րդ էջը): Հենց ինքը նշում է, որ «վերաքննիչ դատարանի կողմից գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշմամբ կայացված որոշման իրավաչափության ստուգումը ևս կխաթարի առաջին ատյանի դատարանի դատավորի ներքին անկախությունը», բայց հղման մեջ արդարանում, թե «այնուհանդերձ, սույն հատուկ կարծիքում մանրամասն չեմ ներկայացնում նշված հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը, հաշվի առնելով, որ նախ տվյալ իրավիճակը դուրս է սույն գործի հանգամանքների շրջանակից, և երկրորդ Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում կոնկրետ այդ հարցին վերաբերող սահմանադրաիրավական վեճ:» (ուղղագրությունը և կետադրությունը` Երվանդ Խունդկարյանի): Այսինքն, Ե. Խունդկարյանի մոտ թյուր տպավորություն է, որ եթե նա ոչ թե մանրամասն է խոսում քննության սպասող դրույթների` Սահմանադրությանը հակասելու մասին, այլ հակիրճ, ապա դրանով ինքը նախապես կարծիք չի հայտնում այդ «սահմանադրաիրավական վեճի» վերաբերյալ: Կամ եթե ինքը, ասենք, խոսում է վերադաս դատարանի կողմից ՍԴ դիմելու որոշմանը միջամտելով ստորադաս դատարանի դատավորի ներքին անկախությունը խաթարելու մասին, ապա գուցե, իր գնահատմամբ, խոսքը Սահմանադրությանը հակասելու մասին չէ: Իսկապե՞ս: Այսինքն, դատավորի անկախությունը խախտող օրենքի դրույթը չի՞ հակասում Սահմանադրությանը: Իսկ եթե լուրջ, ապա հատուկ կարծիքի հեղինակը կոպիտ խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի («Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնները») 1-ին մասի 7-րդ կետը, որի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ: Սպասե՞նք ՍԴ երեք դատավորների կողմից այդ հարցով կարգապահական վարույթ հարուցելուն:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՍԴ «դատավոր» Երվանդ Խունդկարյանի մասնագիտական «որակների» մասին, քանզի նրա բարոյական որակների մասին վաղուց ամեն ինչ պարզ է` մի մարդ, ով մաս է կազմել ակնհայտ հակասահմանադրական գործընթացի և պաշտոն է ստացել իր գործընկերների ապօրինի պաշտոնանկության գնով, մի բան էլ առաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, արդեն իսկ բարոյական և քաղաքական տեսանկյունից շատ փոքր, գրեթե աննշան «մեծություն է»:
ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ