Որդու մասունքը՝ ծնողի լռության գի՞ն – դժոխքում նման բան չի լինում
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը միայն մի անգամ տեղի ունեցավ ոչ թե երեքշաբթի, այլ ուրիշ օր ուրբաթ: Դա անցած տարվա մայիսի 8-ն էր՝ Շուշիի ազատագրման օրը: Չգիտես ո՞վ ու ինչո՞ւ որոշեց, որ Շուշին թշնամուն հանձնելուց 7 ամիս առաջ բերդաքաղաքի ազատագրման օրը պետք է նշանավորվի քաղաքն ազատագրողների դատավարությամբ: Խորհրդանշական օրերի սիրահարներ շատ կան իշխող քաղաքական թիմում:
Նրանց այդ ինքնաբուխ սիրո պատճառով էր երևի նաև, որ Եռաբլուր սգո երթը վերածվեց քաշքշուկի ու բախման, մարտի մեկի հիշատակի երթը վերածվեց դըմփ-դըմփ հու-ով ինչ-որ տոնախմբության: Դրանով, ինչպես հետո փորձեցին արդարանալ, միասնականություն էին ցույց տալիս Փաշինյանի թիմակիցները: Միասնականություն ո՞ւմ հետ կամ ինչի՞ համար:
Պատերազմի հազարավոր զոհերի ծնողներ դեռ փնտրում են իրենց որդիների մասունքները՝ հույսով, որ կապիտուլյացիայից 5 ամիս անց գոնե կկարողանան ԴՆԹ-ով հաստատված թեկուզ մեկ ոսկոր գտնել ու հանձնել հողին դրա հետ թաղելով անվերջ թվացող սպասումը, ծերացնող, մաշող անելանելիությունը: Իմ գործընկեր Գայանե Բալայանը հանդիպել է անհետ կորածների այն հարազատներին, որ իրենց ձեռքով են թշնամու ճանկն ընկած հողերում փնտրել ու գտել մեր հերոս տղերքի մասունքները, բայց հիմա մտավախություն ունեն, թե պետությունը իրենց բերանը փակելու համար կփորձի պարզապես բաժանել դրանք բոլորին՝ առանց ճշգրիտ ԴՆԹ-ի միայն թե ավարտվեն բողոքի հերթերը դիահերձարանների առաջ: