«ՍԴ-ն հաստատեց այն, ինչ ասել էր Վենետիկի հանձնաժողովը, և ինչ նշել էր Եվրոպական դատարանը». Արա Ղազարյանը՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու մասին
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը համապատասխանելու հարցով որոշման եզրափակիչ մասը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին (որոշակիություն և համաչափություն) հակասող և անվավեր ճանաչեց:
Իրավաբան, փաստաբան Արա Ղազարյանն այսօր հրավիրված «Սահմանադրական դատարանի որոշումն ու Մարտի 1-ի գործի ապագան» թեմայով քննարկման ժամանակ չնայած ընդգծեց, որ կա անհրաժեշտություն ծանոթանալու ՍԴ ամբողջական որոշմանը, այդուամենայնիվ ասաց՝ «ՍԴ-ն հաստատեց այն, ինչ ասել էր Վենետիկի հանձնաժողովը, և ինչ նշել էր Եվրոպական դատարանը՝ հոդվածը չունի իրավական հստակություն»: Իրավաբանի խոսքով՝ սա նշանակում է, որ ՔՕ 300.1 հոդվածը չի կարող կիրառվել, և այն առոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից:
«Դա նշանակում է, որ բոլոր գործերը, որոնք հարուցվել են կամ հարուցվում են կամ էլ ընթացքի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, դրանք պետք է ուղղակի կարճվեն:
Իրավական հետևանքներից մեկն էլ այն է, որ եթե խափանման միջոց կալանքի հիմնավոր կասկածի հիմքում ընկած է այս հոդվածը, նշանակում է՝ ինքնաբերաբար կալանքի ողջ տիրույթը նույնպես համարվում է հակաօրինական: Դրա վերաբերյալ արդեն կա նույնիսկ Եվրոպական դատարանի կոնկրետ դիրքորոշումը»,- ասաց Արա Ղազարյանը:
Խոսելով Մարտի 1-ի ամբողջական գործի մասին՝ իրավաբանը նշեց, որ չի կարելի ասել, որ 300.1 հոդվածն իր մեջ ամփոփում է ամբողջ Մարտի 1-ի գործը, հետևաբար՝ ՍԴ որոշումը չի կարող ամբողջական գործի կարճման հիմք լինել:
«Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է: Կարելի է ասել՝ դրա մի մասը անհաջողության է մատնված: Բայց ինչպես Սահմանադրական դատարանը ժամանակին ասել է՝ եթե կա հանցադեպը, ապա քրեական գործը երբեք չի կարող կարճվել: Եթե մենք ունենք զոհված քաղաքացիներ և մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ, ապա այդ գործը երբեք չի կարող կարճվել, և պետք է բացվի, պետք է քննություն իրականացվի՝ մինչև զոհերի խախտված իրավունքների լիակատար վերականգնումը»,- նշեց Ղազարյանը:
Անդրադառնալով իշխանամերձ շրջանակների դիտարկումներին, թե Դատախազությունը պետք է վերաորակի Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հիմքով հարուցված քրեական գործը, Արա Ղազարյանը նշեց, թե դատաքննության ընթացքում մեր օրենսդրությունը՝ մասնավորապես ՔԴՕ 309.1 հոդվածը, մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տալիս է դատախազին, բայց Վճռաբեկ դատարանն իր նախադեպով սահմանել է մեղադրանքը փոփոխելու բավական բարձր չափանիշեր:
«Նույն փաստական հանգամանքների վրա մեղադրանքը փոխել հնարավոր չի լինի ըստ այդ նախադեպային իրավունքի: Եվ նոր բան մոգոնել՝ դա շատ բարդ է, որովհետև պետք է համապատասխան ապացույցների զանգված ունենալ: Ու հաշվի առեք, որ որքան քրեական գործի քննությունը հնանում է, այսինքն՝ անցել է դեպքերից 12 տարի, այնքան ավելի դժվարանում է ապացույցներ հավաքելը: Այս առումով ես կարծում եմ, որ նույն ճանապարհով դատախազությունը չի կարող երկրորդ ճանապարհով անցնել, և մնում է անմեղության կանխավարկածը, այսինքն՝ մեղադրանքից հրաժարվել»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշումը հետագայում դրական զարգացումների է նպաստելու, իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, Ղազարյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանի գործն առանձին հունով դեռ շարունակվելու է: