«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին». Օնիկ Գասպարյանի պաշտպան
Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանը իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։
Ըստ էության սա ևս մեկ փակուղի է, քանի որ օրեր առաջ Վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա բավարարել պաշտպանական կողմի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։
Դատարանը բավարարեց հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, և Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձավ աշխատանքի։
168.am-ը գլխավոր շտաբի պետի պաշտպան Արթուր Հովհաննիսյանին հարցրեց, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։
«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։