Փաշինյանի հեռանալը ոչ մեծ ժամանակի հարց է. Նա այլևս ֆիգուր չէ
ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը գտնում է, որ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարականի դիմեր։ Ռուս հեղինակավոր կովկասագետն անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված ճգնաժամին, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի՝ Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջին, ընդդիմության, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարությանը, նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանում, որքան էլ ցավալի է, սպասելի էր. սպասելի էր զինվորականների, ինչպես նաև ժողովրդի ու ընդդիմության արձագանքը։
Սկակովի խոսքով՝ իրենք Ռուսաստանից հետևում են տեղի ունեցող իրադարձություններին, կարող են գնահատականներ հնչեցնել, սակայն որևէ կերպ չեն ցանկանում ազդել իրավիճակի վրա, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է, և Ռուսաստանը չի կարող ու չի ուզում Հայաստանի փոխարեն որոշել ղեկավարների։ Սակայն, նրա որակմամբ, ներքաղաքական կյանքը բախվել է փակուղու, քանի որ կա հրաժարականի պահանջ, որն իշխանությունը չի ընդունում, և ստեղծվել է անլուծելի թվացող իրավիճակ՝ լուրջ հակադրությամբ։
«Սակայն յուրաքանչյուր նորմալ անձ՝ Փաշինյանի փոխարեն, հրաժարականի կդիմեր դեռ անցյալ տարեվերջին, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, և այնպես, ինչպես տեղի ունեցավ, իշխանության ղեկին մնալը, մեղմ ասած, գեղեցիկ չէ։ Ես գտնում եմ, որ պետք է կարողանալ պահպանել դեմքը, իսկ նա դա չարեց, որով իրավիճակն է՛լ ավելի է սրվում երկրում։ Ներկայումս, իմ կարծիքով՝ Փաշինյանը վերածվել է կաղ բադիկի։ Ըստ իս, նրա հեռանալու հարցն ամսվա կամ շաբաթների կամ գուցե 3 ամսվա հարց է, նա այլևս այն ֆիգուրը չէ, ում հետ կարելի է գործ ունենալ, և ում վրա կարելի է հենվել. խոսքը և՛ ժողովրդի, և՛ նրա արտաքին գործընկերների մասին է»,- նման կարծիք հայտնեց Ալեքսանդր Սկակովը։
Նրա խոսքով, պարզապես խնդիրն ունի առանձնահատկություններ, քանի որ ցայտուն այլընտրանքային առաջնորդ չի երևում, չկա համախմբված դիրքորոշում, այսինքն՝ կան առաջնորդներ, նրանք երևակվում են, բայց կարծես վաղվա օրվա համար են, ոչ այս պահի և ներկայիս ճգնաժամը լուծելու։ «Սակայն ընդհանուր առմամբ այստեղ որքան էլ իրավիճակը երկարաձգվի, և ինչ լուծումներ էլ որ քննարկվեն, նրա հեռանալը ոչ մեծ ժամանակի հարց է»,- ասաց Սկակովը։
Անդրադառնալով արտաքին խաղացողների դիրքորոշմանը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ Սկակովն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում չի տեսնում գերտերությունների և ՌԴ-Արևմուտք ազդեցության պայքար, քանի որ, նրա որակմամբ, Փաշինյանն այն ֆիգուրը չէ, ում դեմ կարելի է պայքարել և նրա միջոցով ինչ-որ բան որոշել։
«Բայց նա այնպիսի ֆիգուր է, ով ներկայումս չափազանց ձեռնտու է Թուրքիային, քանի որ երկրի թույլ ղեկավարը դա այն է, ինչ պետք է Հայաստանի հարևաններին՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Ռուսաստանի և Արևմուտքի համար, մեծ հաշվով, միևնույն է, ասեմ, թե ինչու, որովհետև նրա հեռանալը այսօր կամ վաղը մեծ բան չի փոխում, քանի որ Հայաստանն այլընտրանքներ չունի և մեծ ռևերանսներ չի անելու»,- ասաց Սկակովը։
Անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանում ակտիվացած այն տեսակետներին, որ Հայաստանը պետք է սերտացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, քանի որ ռուսական անվտանգային համակարգը, սպառազինությունն ապացուցեց իր ոչ արդյունավետությունը և պարտվեց ռուսական սպառազինությունը՝ Սկակովն ասաց, որ Հայաստանում, այո՛, կան ուժեր, որոնք հայացք են նետում դեպի Արևմուտք, ինչը բնական է։
«Բայց երևի թե ոչ բոլորն են հասկանում և հայ ժողովուրդը չի տեսնում, որ Հայաստանի դեպքում առաջին հերթին ՆԱՏՕ-ն նշանակում է՝ Թուրքիա։ Դեպի ՆԱՏՕ բոլոր ճանապարհներն անցնում են Թուրքիայով, որքան էլ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում խնդիրներ կան։ Պետք է հասկանալ՝ սա ցանկանո՞ւմ է հայ ժողովուրդը։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ԱՄՆ-ը չկարողացան կամ չարեցին ոչ մի բան՝ կանգնեցնելու համար այն, ինչ սկսվեց Ղարաբաղում։ Բայց այս թվարկված կենտրոններից շատերը կարող էին լուրջ ջանքեր ներդնել։ Ուստի Հայաստանում կարող են մտածել, որ ՆԱՏՕ-ն ճանապարհ է, բայց կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն որևէ բան է անելու Հայաստանի համար, և դրանից շահելու է միայն Թուրքիան»,- ասաց Սկակովը՝ նշելով, որ այդ առումով Վրաստանը կարող է Հայաստանի համար օրինակ դիտարկվել, պարզապես՝ շատ ավելի մեծ ռիսկերով։
Խոսելով «Իսկանդեր»-ի շուրջ ծավալված սկանդալի և Նիկոլ Փաշինյանի արդարացումների մասին, թե իրեն սխալ են զեկուցել, ռուս քաղաքագետը կատակելով ասաց․ «Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը։
Ուրեմն՝ պետք է նրանց փոխել, իսկ եթե չի փոխել, ուրեմն խնդիրներ չի տեսնում անձամբ Փաշինյանը։ «Իսկանդերի» հայտարարությունը նույնիսկ ինձ համար՝ ոչ ռազմական գործչի համար, պարզ էր, որ հիմարություն է։ Երկրի ղեկավարը չի կարող նման բաներ ասել»։