Մոսկվան վաղուց չի հավատում Փաշինյանի արդարացումներին և չի աջակցում նրան
Այս օրերին Ռուսաստանից զարմանքով են հետևում այն իրադարձություններին, որոնք ծավալվում են Հայաստանի Հանրապետությունում, և էլ ավելի մեծ զարմանքով ընկալում այն հայտարարությունները, հաղորդագրությունները, որոնք հնչում են պաշտոնական Երևանից։
Փաշինյանական կառավարման տարիներին հայ-ռուսական օրակարգը պայթյունավտանգ միջադեպերի պակաս չի ունեցել։ Բայց «Իսկանդեր»-ն իրական պայթյուն դարձավ․ Փաշինյանի անհասկանալի մեկնաբանություններին անդրադարձան ռուս ռազմագետները, քաղաքագետները, քաղաքական գործիչները, պատգամավորները, ռուս վերլուծաբանների կարծիքով՝ «Իսկանդեր»-ի մասին չմտածված որակումները մեծ վնաս հասցրեցին ոչ միայն՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, այլև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերին։
Ինչպես հայտնի է, ՌԴ ՊՆ համապարփակ տեսանյութով անդրադարձավ փաշինյանական պնդումներին՝ ասելով, որ Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել։ Օրեր շարունակ փորձելով հարթել հայ-ռուսական սկանդալը՝ իշխանությունը որոշեց, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ պատասխանատվությունը գցել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի վրա, որը պահանջել է նրա հրաժարականը, ինչպես նաև դուրս գալ ստեղծված տհաճ իրավիճակից։ Մարտի 1-ին Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց․ «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հրաժարականի հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ ՌԴ պաշտոնական անդրադարձերը հավասարակշռված են։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մի քանի անդրադարձերով փորձեց հասկացնել, որ ռուսական կողմն անհանգստացած է, սակայն չի միջամտում և չի աջակցում որևէ կողմի։ Սակայն ՀՀ իշխանությունները փորձեցին նաև ՌԴ իշխանությունների աջակցություն կեղծել՝ փետրվարի 25-ին ներկայացնելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բովանդակությունը, սակայն ռուսական կողմը դրա հաջորդ օրերի ընթացքում դա ևս հերքեց։
Գաղտնիք չէ, որ ՀՀ ներքաղաքական կյանքում ռուսական խաղաքարտն ամենածանրակշիռներից է եղել ու կա։ Գաղտնիք չէ նաև, որ Փաշինյանի կառավարման տարիներին հայ-ռուսական հարաբերություններն ամենալուրջ հարվածները ստացան, սակայն զարմանալին այն է, որ չնայած այս ամենին, ներկայիս իշխանությունները ցանկանում են ամեն կերպ Ռուսաստանից աջակցություն բեմադրել։ Իսկ թե իրականում ինչ են մտածում ՌԴ իշխանությունները, կարելի է միայն կանխատեսել, քանի որ ռուսաստանցի փորձագետները ևս հայտնվել են մի իրավիճակում, երբ պետք է ուղիղ քննադատություն հնչեցնեն ՀՀ իշխանությունների հասցեին, սակայն դա մեծամասամբ ոչ կոռեկտ են համարում։
«168 Ժամ»-ի ռուսական մերձդիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի չափազանց զգուշավոր մոտեցումը պայմանավորված է Արևմուտքի հետ հնարավոր խնդիրներով այդ հարցով այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և հայ ժողովրդի արձագանքով հատկապես, երբ քիչ չեն եղել դեպքերը, երբ ՌԴ-ն մեղադրվել է ներքաղաքական կյանքին միջամտելու համար՝ ոչ միայն Հայաստանում, այլ՝ հետսովետական գրեթե բոլոր երկրներում։ «Պետք է հաշվի առնել, որ այս ամենն ունի աշխարհաքաղաքական կոնտեքստ»,- նկատեց նա։
Ըստ մեր աղբյուրի, հատկապես, ՌԴ-Արևմուտք հարաբերություններում Նավալնիի գործով պայթյունավտանգ իրավիճակ է։ Սակայն որևէ դիրքորոշում չհայտնելու գլխավոր գործոնը, նրա խոսքով, Փաշինյանն է և նրա օրոք Ռուսաստանի հետ չստացված հարաբերությունները։
«Երբ Ռուսաստանն ինչ-որ գործչի աջակցում է, դա ցույց տալու չափազանց լայն գործիքակազմ է գործի դնում, որոնցից մեկը կարող էր լինել հեռախոսազրույցը և դրա բովանդակությունը։ Եվ հիմնականում, ՌԴ նախագահն իր աջակցությունը հայտնում է նման հեռախոսազրույցներով, օրինակները չափազանց շատ են, այդ թվում՝ Հայաստանում։ Սակայն ինչպես տեսանք, ՌԴ նախագահն այս դեպքում բավարարվել էր բոլորին կայունության կոչ հղելով։
Ներկայիս պահվածքը հստակորեն նշանակում է, որ Ռուսաստանը չի աջակցում, չի վստահում տվյալ իշխանությանը, լուրջ չի վերաբերվում որևէ հայտարարության և դրանից հետո արվող պարզաբանումներին և հասկանում է, որ որոշ բաներ արվում են հստակ դեստաբիլիզիացիոն նպատակով, որին Ռուսաստանը չի տրվում։ Ինչպե՞ս կարող է աջակցել, եթե անընդհատ անհասկանալի, ոչ կոմպետենտ հայտարարություններ են արվում Ռուսաստանի հասցեին, որոնցից մեկը դրվագն էր, երբ Իգոր Պոպովը ստիպված եղավ արձագանքել»,- մեզ հետ զրույցում ասաց ՌԴ դիվանագիտական գերատեսչությանը մոտ կանգնած գործիչներից մեկը։
Նա նշեց, որ պարզ է, որ Փաշինյանը հեռանալու է, և նրա յուրաքանչյուր օրը հարվածի տակ է դնում ՀՀ պետականությունը, միջազգային հարաբերությունները։ Ըստ նրա, միակ ակնհայտ և հաստատված փաստն այն է, որ Ռուսաստանը դեմ է անկայունությանը, քանի որ դա խաթարում է հետպատերազմյան այն մթնոլորտը, որը ձևավորվել է Ռուսաստանի միջնորդությամբ, և դա, չի բացառվում, որ փոխի նաև Թուրքիայի հավակնությունները։ «Սակայն այդ անկայունությունն արդեն կա, և Հայաստանն առերեսվել է իր պատմության եզակի երևույթին, երբ Գլխավոր շտաբը պահանջում է ղեկավարության հրաժարական, և դրանով ներքաղաքական կյանքը նոր փուլ է մտել, և մենք ցանկանում ենք ընկալվել՝ որպես միմիայն դիտորդ։
Այլ իշխանության դեպքում գուցե ռուսական կողմը մատնանշեր, որ զինվորականները չպետք է ներքաշվեն քաղաքական քննարկումներին, սակայն արձանագրվում է նաև այն, որ նրանք մինչ այս պահն արմատական քայլերի չեն գնում և հրաժարականի հայտարարությունն արել են բանակցությունների նպատակով։ Հետաքրքրական է նաև նախագահի դերը այս պրոցեսներում, որը կարծես առաջին անգամ լրջորեն դեմ է դուրս գալիս իշխանությանը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հետևել են նաև փետրվարի 25-ի հավաքի մարդաշատությանը և ֆիքսել, որ նույնիսկ 10 հազար մարդու մասնակցությունը նշանակում է, որ Փաշինյանի ժողովրդականությունն էապես նվազել է։
Ռուսաստանում, ըստ նրա, հետևում են նաև, թե որքան մասնակցություն է կարողանում ներգրավել ընդդիմությունն իր հավաքներին, և նկատում են, որ հասարակության աջակցությունն ընդդիմությանը էապես աճել է՝ խոսվում է 15 հազար և ավելի մասնակցության մասին։ «Ռուսաստանը գիտի, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության օրակարգը կա, բայց այն չափազանց թույլ է, դրան հակառակ՝ ուժեղ է Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու օրակարգը գրեթե բոլոր քաղաքական ուժերի դեպքում։ Սա ևս գործողությունների հարցում ելակետային միտք է»,- ասաց նա։