ԶՈւ ԳՇ պետին պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկն ինքնին հակասահմանադրական է, նրան քաղաքական հայեցողությամբ ազատելու որևէ հիմք չկա. Վարդան Պողոսյան
ՀՀ նախագահի նկատմամբ շանտաժ և սպառնալիքներ են բանեցվում, Սահմանադրությունը նախագահին տալիս է լիազորություն՝ ցանկացած պաշտոնյայի նշանակման և ազատման հետ կապված իր առարկությունները ներկայացնել վարչապետին, նախագահը հստակորեն նշել է, որ նման հրամանագիր ստորագրելը կհակասեր Սահմանադրությանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Անվտանգության խորհուրդը կոչ է անում նախագահին ստորագրել այդ հրամանագիրը, դա շանտաժ է և քաղաքական ճնշում, ակնհայտ է, որ նախագահն արդեն կատարել է իր կամարտահայտությունը։ Նախագահն առաջին անգամ չէ նման իրավիճակի առջև հայտնվում։ Անվտանգության խորհուրդն իրավական անգրագիտություն է ցուցաբերել, դուրս է եկել իր իրավասության սահմաններից, խորհրդի խնդիրը չէ նախագահի խորհրդական դառնալը կամ նրան ծառայություն մատուցելը»,- ասել է սահմանադրագետը:
Ըստ Պողոսյանի՝ ծիծաղելի է նախագահին մեղադրել Սահմանադրության խախտման համար, երբ նա կատարում է իրեն վերապահված գործառույթը, ավելին՝ վարչապետը չունի ԶՈւ ԳՇ պետին ազատելու առաջարկի իրավունք. «Վարչապետը կարող է առաջարկել նախագահին նշանակել ԳՇ պետ, բայց ոչ երբեք ազատել, ԳՇ պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով, այս դեպքում՝ հինգ տարով։ Դա նշանակում է, որ նրա լիազորությունները դադարում են ժամկետի ավարտին։ Չկա որևէ սահմանադրաիրավական հիմք՝ նրան քաղաքական հայեցողությամբ ազատելու»:
Սահմանադրագետի կարծիքով՝ ԳՇ պետը, լինելով բանակի բարձրագույն հրամանատարը, պետք է ժամանակ ունենա օրենքով սահմանված ժամկետում իրականացնելու իր գործառույթները, այդ պատճառով նրա պաշտոնավարման ժամկետը սահմանված է հինգ տարի. «ԳՇ պետը որևէ ձևով չպետք է կախված լինի քաղաքական վերադասավորումներից, և եթե անգամ նա վարչապետին դուր չի գալիս, վարչապետը պետք է հաշտվի դրա հետ, քանի որ ԶՈւ-ն ունի սպեցիֆիկ առաջադրանք։ Պաշտպանության նախարարը քաղաքական անձ է, իսկ ԳՇ պետը՝ բանակի հրամանատար։ Որևէ վարչապետ իրավունք չունի նրան ազատելու, այդ առաջարկը հակասահմանադրական է»:
Վարդան Պողոսյանի պնդմամբ՝ նախագահն առաջիկայում պետք է դիմի ՍԴ, դիմումի մուտքագրումից հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի այդ հարցով, պարզի՝ նախագահը Սահմանադրությանը համապատասխա՞ն է գործել՝ հրամանագիրը չստորագրելով։ «Սա այնպիսի դեպք է, որ նույնիսկ բանավեճի առիթ չի կարող տալ, վարչապետի առաջարկն ինքնին հակասահմանադրական է։ Եթե ՍԴ-ն գտնվի իր բարձրության վրա, արդյունքը միանշանակ է լինելու։ Ցավոք, մեր երկրում այնքան հակաիրավական գործընթացներ են տեղի ունեցել, որ բոլորս բնական կասկած ունենք։ Նախագահի վրա աննախադեպ ճնշումներ են գործադրվում, վաղը դա կլինի ՍԴ-ի վրա։ Քանի դեռ ուշ չէ, իրավապահ մարմինները պետք է գիտակցեն իրենց առաքելությունը, որոշ աշխատակիցներ դա գիտակցեցին, բայց կարևորը ղեկավարներն են»,- ամփոփել է Վարդան Պողոսյանը: