«Եթե Գլխավոր շտաբը սկսի առանց թավիշի գործել, իրենք մտածե՞լ են՝ ինչ վիճակում կհայտնվեն». Կարեն Վրթանեսյան
«Պաշտպանության նախարարությունը Զինված ուժերի քաղաքական ղեկավարությունն է, ոչ թե ռազմական. Այնպես որ, ասել, թե բանակի ղեկավարությունը չի միացել ԳՇ պահանջին, այդքան էլ կոռեկտ չէ: Միգուցե Նիկոլ Փաշինյանն այդքան էլ լավ չի պատկերացնում այդ տարանջատումները, բայց ինձ թվում է՝ ավելի շատ տուրք է տալիս պահի հարմարությանը: Եթե, օրինակ, ՊՆ-ն հայտարարեր, իսկ ԳՇ-ն նման հայտարարություն չաներ, կասեր՝ այ, դա չէ ղեկավարությունը, նա է ղեկավարությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո Փաշինյանն ասաց, թե դա ռազմական հեղաշրջման փորձ է, և, որ Գլխավոր շտաբն ամբողջ բանակը չէ, օրինակ՝ Պաշտպանության նախարարությունն իր հրաժարականը չի պահանջում:
Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ԳՇ հայտարարությունը զգուշացում է, ոչ թե ռազմական հեղաշրջման փորձ. «Ընդ որում՝ երեկ արձագանք եղավ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՝ թավիշին վերջ, բեմադրություն եղավ՝ ինչ-որ հրահանգով բերված աջակիցներ սկսեցին գոռալ՝ «Հայաստանն առանց թավիշի», իհարկե, սա էլի զավեշտալի է: Այդ գոռացողները լավ չեն պատկերացնում, թե այդ թավիշի պատասխանատուն ով է: Եթե նույն ԶՈւ Գլխավոր շտաբն առանց թավիշի սկսի գործել, իրենք մտածե՞լ են՝ ինչ վիճակում կհայտնվեն իրենք, որ ասում են՝ առանց թավիշի: Եվ ընդհանրապես, ասում են՝ թավշյա հեղափոխություն, բայց դա այն ժամանակվա իշխանությունների շնորհիվ էր, որ եղավ առանց ինչ-որ լուրջ բռնությունների: Դա ներկայիս իշխանությունների՝ այն ժամանակվա ընդդիմության շնորհքը չէր»:
Ռազմական փորձագետը նշեց, որ հանրահավաք կազմակերպելով՝ Փաշինյանը դրսում «պաս տվեց», թե ժողովրդի մի մասն իրեն է պաշտպանում, և այդ պասը շատ պատրաստակամորեն վերցրեցին Թուրքիայում.
«Երեկվանից Թուրքիայից արդեն 3 հայտարարություն է արվել, ասել են՝ պատրաստ են պաշտպանել ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում՝ ակնհայտ ակնարկելով Հայաստանի ներքին գործերին խառնվելը: Սա սպառնալիք է: Ընդ որում, հետաքրքիր է, որ պասերով են խաղում Թուրքիան և Իլհամ Ալիևը, որը սպառնաց պատերազմով, եթե խախտվեն նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները, թեպետ Ադրբեջանը այդ հայտարարության դրույթները խախտել է: Իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանի դեմ գործողություններով, եթե «ժողովրդավարությունը» վտանգված լինի: Փաստորեն, Թուրքիան ամերիկյան հռետորաբանություն է որդեգրել՝ աշխարհում ժողովրդավարությունը պաշտպանելու: Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր սպառնալիքներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին: Սա իրենց համար պատմական շանս է՝ Հայաստանն ընդմիշտ խաղից հանելու՝ որպես պետություն, շանս է այնքանով, որ երբեք այդպիսի անհայրենիք, տկար ղեկավար Հայաստանը չի ունեցել: Իրենք փորձում են այդ պատմական շանսն օգտագործել՝ Հայաստանին առավելագույն վնաս պատճառելու համար: Իրենք շատ լավ տեսնում են և հասկանում են՝ ամեն օր, որ Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, մեր պետական համակարգը քանդվում է, մեր բանակը թուլանում է, ամբողջ երկիրն է, ըստ էության, պարալիզացված, նույնիսկ կենցաղային մակարդակով ոչ մի բան հնարավոր չէ պլանավորել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում