«Գլխավոր շտաբն իր քիթը խոթել է իրեն չվերաբերող հարցերի մեջ». իմքայլականները լուռ են, իսկ Հովիկ Աղազարյանն էլ մարտական է տրամադրված
ՀՀ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանաջել է կառավարության հրաժարականը։
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:
Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուս ուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- նշված է ԳՇ հայտարարության մեջ:
Այդ հայտարաությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց, նշելով, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ. «Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- գրել է Ն. Փաշինյանը։
168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից փորձեց պարզել, թե արդյո՞ք վտանգներ չեն տեսնում, ԳՇ հայտարարությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի կոչը, արդյո՞ք այս ամենը չի տանի քաղաքացիական բախումների։
Սակայն, ինչպես և ենթադրելի էր, իշխանական մի շարք պատգամավորներ կամ անջատում էին հեռախոսը, կամ զանգերը թողնում անպատասխան։
Նազելի Բաղդասարյանը, Արմեն Խաչատրյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը զանգերին չպատասխանեցին։
Կարեն Համբարարձումյանն էլ լսելով հարցը, պահանջեց, որպեսզի հարցն ուղարկենք գրավոր, նշելով, թե շատ զբաղված է և հարցին կպատասխանի միայն գրավոր։
Վիկտոր Ենգիբարյանն էլ լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, ասաց, որ հարցազրույցներ չի տալիս։
Դիտարկմանը, իրադարձություններ են երկրում տեղի ունենում և որպես իշխանական պատգամավոր, անհրաժեշտություն կա, որ մեկնաբանություն տա, վերջինս ասաց.« Շնորհակալություն, բայց ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալ եմ, ցտեսություն»։
Հովիկ Աղազարյանն էլ սկզբում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվն է նայում, հետո զանգահարենք, երբ մի քանի րոպեից զանգահարեցինք, լսելով հարցը՝ տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Իհարկե, քաղաքացիական բախումներ չի լինի, անհանգստանալու պահ է, բայց բախումներ չի լինի։ Մենք պետք է իմանանք, ժողովուրդը մեր կողքին է, թե՝ ոչ, եթե մեր կողքին է, մենք մեր քայլերը կկատարենք»։
Չմանրամասնելով, թե ինչ քայլեր կկատարեն, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ԳՇ-ն իրավունք չուներ գնալու նման քայլի, իսկ, օրինակ, կաթողիկոսները, գիտնականները կարող են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Գլխավոր շտաբն իր քիթը խոթել է իրեն չվերաբերող հարցերի մեջ, սա պետական հեղաշրջման փորձ է, և բոլորը դրա համար պատասխան կտան»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և բոլորին կանչել Հանրապետության հրապարակ։