«Մեղադրանքի հիմքում այլ հանգամանքներ են, քան իրավական գործընթացներն են». Մեղրիի քաղաքապետի փաստաբանը՝ առաջադրված մեղադրանքի մասին

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք  է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի բյուջեին դրամական վնասներ հասցնելու համար։

«2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․ սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն՝ 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայնագիր, որի համաձայն՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Մեղադրանքն առաջադրելուց հետո 168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասել էր, գործն աբսուրդ է, և հասնելու է նրան, որ արդարացման հիմքով գործը կարճվի, և իրենից ներողություն խնդրեն՝ բարի համբավն արատավորելու համար։

168.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրանքի նկարագրությունից հետո, ակնհայտ է, որ այստեղ իրականում որևէ հանցագործություն չկա և չի էլ կարող լինել՝ մեղադրանքի նկարագրությունն է դրա մասին խոսում։

«Օրինակ, լինում ենք դեպքեր, որտեղ նկարագրվում է  հանցանք, ու ապացույցներ են ներկայացվում։ Այս դեպքում ապացույցների մասին ավելորդ է անգամ խոսել, որովհետև երբ կարդում ենք մեղադրանքի որոշումը, տեսնում ենք, որ հանցագործություն չկա։ Ինչո՞ւ, որովհետև ըստ մեղադրանքի՝ նշված է հետևյալը՝ քանի որ նախկին համայնքի ղեկավարի կողմից թույլատրվել է, որպեսզի Ագարակի բնակիչը ենթավարձակալության հանձնի հողատարածքը այն ժամանակվա «ԱրմենՏել» ընկերությանը, և հետագայում ընտրվելով համայնքի ղեկավար՝ Մխիթար Զաքարյանը միակողմանի չի խզել պայմանագիրը։ Փոխարենը՝ կնքվել է նոր համաձայնագիր, ըստ որի՝ վարձակալած հողատարածքի վարձավճարը տարեկան 18․000 դրամի փոխարեն՝ սահմանվել է 300․000 ՀՀ դրամ, որը մի քանի տարի շարունակ վճարվել է համայնքի բյուջե։

Այսքանից հետո, դատախազությունն ասում է, այ, որ դուք պայմանագիրը չեք խզել, դրա համար էլ համայնքի բյուջե համապատասխան գումար մուտք չի եղել»,- նշեց փաստաբանը։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այս ամենն ուղղակի աբսուրդ է, և այդ ամենը հաշվի առնելով՝ միջնորդություն է ներկայացրել դատախազին, որպեսզի պարզաբանեն մեղադրանքի էությունը։

«Ի վերջո, պայմանագիրը խզելու դեպքում, ինչպե՞ս էր գումար մտնելու բյուջե, եթե խզելու դեպքում տրամաբանական է, որ առհասարակ գումար չէր մուտքագրվելու։ Երկրորդ հարցն է, որպեսզի այդ արարքը հանցագործություն լինի, պետք է դիտավորություն լինի։ Մեղադրանքի մեջ ասում են, որ Մ. Զաքարյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով է դա արել։ Միջնորդել եմ, որպեսզի պարզաբանեն, թե ինչումն է  կայացել այդ շահագրգռվածությունը։ Սրա կապակցությամբ որևէ պարզաբանում չեմ ստացել։ Ինչո՞ւ չեմ ստացել, որովհետև նման շահագրգռվածություն չկա, իսկ դրա բացակայությունը նշանակում է՝ հանցագործության բացակայություն»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Հարցին՝ գործի հիմքում քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, քանի որ Մեղրիի քաղաքապետը նոյեմբերի 9-ից հետո պահանջել է Կառավարության հրաժարականը և բազմիցս քննադատել է իշխանությունների անգործությունը, փաստաբանը պատասխանեց.

«Այդ ամենը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, յուրաքանչյուրս կարող ենք մեր հետևություններն անել, ես դեռևս չեմ ուզում նման հետևություններ անել։ Սակայն կարձանագրեմ հետևյալ փաստը՝ այդ քննադատությունները տեղի են ունեցել, դրան հաջորդեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ տարբեր գործերով քրեական հետապնդումները։ Դժվար եմ պատկերացնում, որ սա կարող է ուղղակի զուգադիպություն լինել, և ամենակարևորը՝ այդ գործով մարդկանց ակնհայտ անհիմն ու աբսուրդ մեղադրանքը։ Դժվարանում եմ նաև պատկերացնել, որ դատախազությունը՝ այդ հսկայական կառույցը,  այս պարզ իրավաբանությունը չի հասկանում: Վստահ եմ, որ լավ հասկանում է, իսկ եթե հասկանում է, ապա ինչո՞ւ է նման անհիմն ու անօրինական մեղադրանք առաջադրում։ Հետևաբար՝ այդ մեղադրանքի հիմքում այլ հանգամանքներ են, քան  իրավական գործընթացներն են։ Վստահ եմ, որ հետագայում կպարզվի, թե իրականում ինչ է, գործին ավելի խորը ծանոթանալուց հետո ավելի վստահ կարտահայտվեմ։ Սակայն փաստերն առավել քան խոսուն են, դրանք յուրաքանչյուր ողջամիտ մարդու մոտ պատկերացում են  տալու, թե ինչու է տեղի ունենում այս ամենը»,- եզրափակեց Երեմ Սարգսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս