«Ակնկալում եմ արդարացման հիմքով գործի կարճում․ հետամուտ եմ լինելու, որպեսզի ներողություն խնդրեն». Մեղրիի քաղաքապետը՝ առաջադրված մեղադրանքի մասին

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ համայնքի բյուջեին դրամական վնասներ հասցնելու համար։

«2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայնագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

168.amի հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Մխիթար Զաքարյանը նշեց, որ փաստեր չունի այն մասին, թե արդյո՞ք իրեն առաջադրված մեղադրանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշտապես քննադատել է իշխանության անգործությունը՝ կապված Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։

«Թեման այնքան աբսուրդ է, որ մի քանի տարբերակ կա, տարբերակներից մեկն էլ դա է, որ հնարավոր է՝ այդ քննադատություների հետ կապված լինի։ Ես չգիտեմ, դա ինչ-որ մեկը հանձնարարե՞լ է որոշումն ընդունողին՝ Բիսալյան ազգանունով մարդուն, թե՞ ոչ։ Մի քանի տարբերակ կա՝ կա՛մ ուղիղ հանձնարարական է, որ անեն, կա՛մ չեն հանձնարարել, ու ինքն է արջի ծառայություն մատուցել, կա՛մ էլ այդ մարդն անգրագետ է՝ իրավական, իրավաբանության հետ կապված գիտելիքների խնդիր ունի։
Ակնկալում եմ արդարացման հիմքով գործի կարճում և հետամուտ եմ լինելու, որպեսզի ներողություն խնդրեն, առնվազն գոնե ներողություն՝ պատճառած անհանգստության, բարի համբավը վարկաբեկելու և այլնի համար»,- նշեց Մխիթար Զաքարյանը։

Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված քրեական գործը չի կարող կաշկանդել, որպեսզի բարձրաձայնի իշխանության անգործության հետևանքների մասին։

«Այս գործն ու իշխանություններին քննադատելն իրար հետ ի՞նչ կապ ունեն։ Ես իշխանություններին քննադատել եմ՝ տեսնելով, որ նրանց գործունեությունը մեր ազգին դեպի անդունդ է տանում։ Ես այդ գործունեությունն եմ քննադատում»,- եզրափակեց Մխիթար Զաքարյանը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս