«Երբ տեսա Անժելա Էլիբեգովային՝ իմ աչքի առաջ միանգամից եկավ 1995թ. ինձ հետ տեղի ունեցածը». Լարիսա Ալավերդյան

«Եթե սկսել են հավաքել նրանց, ովքեր հայհոյում են, ապա ոստիկանության շենքերը չեն հերիքի, և այդքան երկար պետք չէր փնտրել՝ հայհոյողների ալիքը սկսել է հենց պրոիշխանական թևը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում, անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ այդ գործընթացն ամբողջովին քաղաքական է և վկայում է, որ իշխանությունները վախենում են. «Նրանք հիմա վախ ունեն ազատ խոսք արտահայտողներից: Քաղաքական մոլուցքի և վախի մոլուցքի խառնուրդն է տալիս այդ խորշելի երևույթները, որոնք տեսնում ենք: Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը իր մեջ շատ ավելի վտանգավոր կոչեր էր պարունակում, նա հաշվեհարդարի կոչեր է արել, և պետք չէր, որ ԱԱԾ-ն այդքան երկար սպասի, այլ պետք է միանգամից Նիկոլ Փաշինյանից սկսեր: Ես դրա համար դիմում էի ներկայացրել, բայց այն վերահասցեավորվել է քաղաքային պատկան մարմիններին: Հայաստանի իշխանությունները անում են նույնը, ինչ Ադրբեջանն է անում, դա անում են ցուցադրաբար: Ես ափսոսում եմ, որ հիմա ասում եմ, որ նույն ձեռագիրը կրկնում է Ադրբեջանը»:

ԱԱԾ-ն երեկ կասկածանքի հիմքով բերման էր ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային, առգրավել են նրա հեռախոսն ու անձնական համակարգիչը, որում եղել են կարևոր նյութեր՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին, որոնք Էլիբեգովան պատրաստվում էր փոխանցել ՄԻՊ-ին: Այս ամենը Լարիսա Ալավերդյանին հիշեցրեց 1995 թվականը.

«Ես դա վաղուց եմ ասել, որ հետապնդվում են նրանք, ովքեր հստակ ձևակերպումներով բարձրաձայնում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքների դեմ գործադրված հանցագործությունների մասին: Ես չեմ զարմանում: Այո, Անժելա Էլիբեգովան պետք է անպայման այդպիսի վերաբերմունքի ենթարկվեր. Մենք լսում ենք, որ իշխանական թևն անընդհատ խոսում է Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու մասին: Դա միանշանակ երևում է նրանից, որ այն մարդիկ, ովքեր հետապնդում են համամարդկային նպատակ՝ պատժելիության սկզբունքի ներքո պատասխանատվության կանչվեն Թուրքիան և Ադրբեջանը, որոնք ընդգրկել են ԻԼԻՊ-ի մասնակիցներին, այդ մարդկանց դեմ է աշխատում իշխանությունը: Այսօր մեր ամբողջ պառլամենտական մեծամասնությունը և կառավարությունն իրականացնում են Ադրբեջանի Միլի միջլիսի և Ադրբեջանի նախագահի նախագծերը: Իրավաբանական առումով դա դավաճանություն է, բայց բարոյականության առումով՝ սրիկայություն է:

Իրենց համար դա դավաճանություն չէ, որովհետև իրենց դավանանքին չեն դավաճանում: Ադրբեջանական քաղաքական գիծը, բառապաշարը և գործողությունները նրանց հանդեպ, ովքեր համամարդկային արժեքներին հետևելով՝ հետապնդում են շատ կարևոր հարց, այն է՝ վերջապես պատժել հանցագործներին: Սա է այսօրվա վիճակը:

Եվ Անժելա Էլիբեգովան պետք է անպայման հրավիրվեր, անպայման իր բոլոր նյութերը պետք է ուսումնասիրվեն, լավ կլիներ, եթե չոչնչացնեին, որովհետև իմ ժամանակ ես 90-ականների կեսերին զոհ եմ դարձել այն առումով, որ իմ տեղեկատվական բազան ամբողջովին ոչնչացվել է: 1995թ. մենք բոլորս միանգամից իմացանք, որ էլ փորձագետներ չենք, և կոնկրետ իմ հավաքած ողջ ինֆորմացիան ոչնչացվել է՝ այդ ժամանակվա իշխանությունների կողմից: Ես ուրախ կլինեի, եթե հիմա չոչնչացվեր, եթե ոչնչացվի, ապա Անժելա Էլիբեգովան դիմելով իրավաբանների՝ բոլոր դեպքերում պետք է կարողանա հասնել նրան, որ դա, փաստորեն, ոչ նյութական արժեքների հանդեպ հանցագործություն է»:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց. «Երբ երեկ տեսա Անժելա Էլիբեգովային՝ իմ աչքի առաջ միանգամից եկավ 1995թ. ինձ հետ տեղի ունեցածը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս