Այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունն իջեցրել են նույնիսկ ամենացածր՝ վարտիքի մակարդակի. Սեյրան Օհանյան
Ազատության հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը։ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, դիմելով հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին, ասաց. «Ես, նայելով մեր ժողովրդին, համոզվում եմ, որ կրկին կրկնազարթոնքը լինելու է Հայաստանում, կրկին մենք ոտքի ենք կանգնելու և Հայաստանն ու Արցախը տանելու ենք դեպի առաջ:
1988 թվականի այս օրերին համազգային շարժմամբ ձեռք բերված արժեքները, առաջընթացը, այսօրվա ապիկար իշխանությունը, ապազգային իշխանությունը, իրենց «գրագետ», «կառուցողական» ընկերների հետ պայմանավորված, մեր երկիրը տարան դեպի անկում, այն արժեքները, որոնք որ ձեռք էինք բերել այս երեսուն տարիների ընթացքում: Այդ արժեքները բավարար էին, որ մենք այս երեսուն տարվա պատմությունը կերտենք և գնանք դեպի առաջ, ստեղծենք մեր պետությունը և նրա համար անչափ կարևոր հայկական բանակը»:
Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ անկախության տարիներին մենք մեր գործունեությունը կառուցել ենք ինքնիշխանության, Արցախի և հայկական հզոր բանակի շուրջը, և այդ բանակը օրըստօրե կատարելագործվել է.
«Այս պարտությունը գցել բանակի վրա՝ ճիշտ չէ, և ամենակարևորը՝ բարոյական չէ, որովհետև այս պատերազմի ժամանակ բանակը մեն-մենակ հայտնվեց հակառակորդի դիմաց, բանակը մնաց առանց թիկունքի»:
Նա նշեց, որ հայ հրամանատարը, հայ զինվորականը, շարքային զինվորները մարտի դաշտում քաջաբար, հերոսաբար կռվել են, իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի, մեր հայ ժողովրդի արժանապատվության համար, սակայն թիկունքը շատ փխրուն է եղել.
«Փխրուն է եղել մինչև պատերազմը, և ողջ պատերազմի ընթացքում, որովհետև այս իշխանությունները բանակի նկատմամբ իրենց ռազմավարությունը կառուցել են ոչ թե ռազմավարական բարձր նշակետից, այլ իջեցրել են մինչև մարտավարական՝ նույնիսկ ամենացածր՝ վարտիքի մակարդակի»:
Սեյրան Օհանյանն արձանագրեց, որ հասարակության մեջ ներմուծված հնի ու նորի բաժանումը նաև բանակ է հասել.
«Տեղեկացնեմ ձեզ, որ ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ, երբ նա հրաժարվում էր, անօրինական քայլ է կատարվել ԶՈՒ գլխավոր շտաբի և շտաբի պետի նկատմամբ, որովհետև համապատասխան պայմանագրով, համապատասխան տարիների ծառայություն պետք է նա իրականացներ, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս հասկանալ, երբ այս իշխանությունների ղեկավարը հրավիրում և Գլխավոր շտաբի պետին ասում է՝ ես ուզում եմ ազատվել բոլոր հներից:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ դա. ի՞նչ է նշանակում հին՝ բանակում. դա նշանակում է՝ տարիքով անձնավորություն՝ համապատասխան գիտելիքներով, հմտություններով և ունակություններով, դա նշանակում է՝ բարձր պաշտոնատար անձ, ով իր ծառայության ընթացքում անցել է այդ ծառայողական աստիճանով և ավելի լավ է տիրապետում այսօրվա ռազմական թատերաբեմը, ավելի լայն աշխարհայացք ունի:
Ինչ է նշանակում հին՝ նշանակում է բարձր կոչում, որ յուրաքանչյուր կոչման համար գիշեր-ցերեկ, քրտինք-արյուն թափելով, չորս անգամ վիրավորվելով, դու նրան ասում ես՝ ազատվի՛ր, որովհետև դու հին ես:
Եվ, ի վերջո, ի՞նչ է նշանակում հին՝ դա նշանակում է՝ փորձված մարտական կարողությունների տեր. Աֆղանստանով, Արցախյան առաջին պատերազմով, Ապրիլյան պատերազմով անցած անձնավորությանն ազատել պաշտոնից, և արդյունքը մենք տեսնում ենք՝ կառավարման մեջ թերություններ, թիկունքը՝ բաց, ժողովրդին չենք կարողանում համախմբել:
Ինչպե՞ս կարելի է վարչական ռեսուրսներն օգտագործել, համախմբել բոլորին, տանել Եռաբլուր, գրկել զոհվածի ծնողներին, հարազատներին, բայց այդ նույն բանը, որ իրենց պատրականությունն է, չանել պատերազմի օրերին. համախմբել, գնալ, գրկել հայոց հրամանատարին, հայոց զինվորին, որպեսզի հետո նրանց հարազատներին չգրկես. այս ամենն ապիկարության արդյունք է:
Այսօր հայոց բանակը մնում է և պետք է մնա հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, և այս ամենը տեսնելով՝ հայոց բանակն առաջինն ինքը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել բանակում, բայց կառավարության մեջ են:
Հայոց բանակն ինքը պետք է մերժի այն մարդկանց, ովքեր իրեն թիկունք չեն կանգնել: Հայոց բանակը պետք է մերժի այն անձերին, այն իշխանություններին, ովքեր զորահավաք չեն կատարել և չեն լրացրել հայկական բանակի շաքերը՝ մինչև վերջ մարտնչելու համար, Ապրիլյան պատերազմից հետո չեն գնել այն ժամանակակից ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և այլ խմբաքանակը, որը պետք է աջակից լիներ հայոց զինվորին:
Եվ այս ամենի արդյունքում՝ հայկական բանակը, կարծում եմ, որ ժողովրդի հետ միասին՝ համապատասխան քայլեր պետք է կատարի՝ այս հոգեբանական իրավիճակից, այս հոգեկան բացատրելի արգելակված իրավիճակից բոլորս դուրս գանք, և բանակը երեք քայլ պետք է կատարի: Առաջին՝ ժողովրդի հետ միասին պետք է առաջատարի դեր կատարի այս իրավիճակից դուրս հանելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում