«Արդեն 2 տարի է` խաղողագործները ճանապարհներ չեն փակում». հիշողության կորո՞ւստ, թե՞․․․
Կառավարության այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր պետական բյուջեում փոփոխություն իրականացնելու հարցը, որով Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվեց 954 միլիոն դրամ՝ նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարման համար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե այդ գումարից 165 մլն դրամն ուղղվելու է կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը, կամ այլ կերպ ասած՝ 2020թ. առաջացած պարտավորությունների կատարմանը, որով խթանել են մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանումը:
Նախարարը նաև ասաց, թե այս տարվա համար 900 մլն դրամ են հատկացնելու, որպեսզի խթանեն 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանումը՝ նշելով, որ այս ծրագիրը նաև ունի շղթայական էֆեկտ՝ մինչև խաղողագործություն:
Փաշինյանի հարցին, թե՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ծրագիրը լուծում է մեր առաջ դրված խնդիրը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն ամեն շաբաթ նոր բացահայտում է անում հանրության ու ոլորտի ներկայացուցիչների համար, պատասխանեց նոր բացահայտմամբ:
«Դե, պարոն վարչապետ, նկատել եք, որ արդեն 2 տարի է՝ խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում և …»,- ասաց Վահան Քերոբյանը:
Քերոբյանի բացահայտումն անգամ Փաշինյանին զարմացրեց:
«Բայց ճանապարհներ փակողները խաղողագործ չե՞ն»,- արձագանքեց Փաշինյանը:
Նախարարը, իհարկե, չպատասխանեց հարցին, փոխարենն ասաց, թե այդուհանդերձ կոնյակի սպիրտի այդ ծրագիրը հույժ կարևոր է եղել:
2020թ․ նոյեմբերի 26-ին էկոնոմիկայի նախարար նշանակված, menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի պատասխանից տպավորություն է, թե վերջինս կա՛մ չի հիշում իր նշանակումից մի քանի ամիս առաջ Հայաստանում խաղողագործների բողոքի ակցիաները, կա՛մ նոր է ծանոթանում ոլորտին, կա՛մ նրան սխալ են զեկուցել, կա՛մ էլ PR նոր հնարք է գործի դրել՝ կառավարության անդամներին զարմացնելու համար:
Շատ հետ չգնալով՝ ընթերցողին պարզապես հիշեցնենք 2020թ․ ամռան վերջին ու աշնան ամիսներին խաղողագործների բարձրացրած բողոքների մասին:
2020թ․ սեպտեմբերի 1-ին վաղ առավոտից Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան ու հարակից գյուղերի խաղողագործներն ակցիա էին անում՝ բողոքելով խաղողի գնային քաղաքականության դեմ։
Ասում էին, թե եկել է վերջին օրը, նոր «գին են դնում գյուղացիների դեմը»:
«Մարդիկ 8 ամիս տանջվել են դաշտերում: Դադարեցնե՞նք, այգիները կտրե՞նք, վերջացնենք, նստենք դատարկ»,- բողոքում էին խաղողագործները՝ նշելով, որ նախորդ տարիներին մթերող գործարանները մթերման համար վերջին պահին բավականին ցածր գին են առաջարկել, որը ձեռնտու չէ իրենց:
«Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Սեդրակ Սարգսյանն այդ օրը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե խաղողի մթերմանն աջակցելու կառավարության ծրագիրը մատչելի չէ ու իր դրական էֆեկտը ցույց չի տալիս, խաղողագործների առաջարկներն էլ մնում են անպատասխան:
«Էսօրվա իշխանությունը 2 տարի առաջ ասում էր՝ «ի՞նչ անենք խաղողագործության ոլորտում», ասում էր՝ «Ձեզ կեղեքում, թալանում են անհայտ ստվերային ձևերով: Մենք, եթե գանք ժողովրդի կողմից, ժողովրդի թիկունքին ենք կանգնելու, գյուղացու թիկունքին ենք կանգնելու, որպեսզի գյուղացին էս իրանց ասած կոր մեջքը դզի, էս խեղճացած վիճակից դուրս գա»: Բայց դուք հասկանում եք՝ 2 տարի հետո մոռացել եք, որ էդ նույն գյուղացու ուսերի վրայով եք եկել, հասել տեղ: Միայն պարգևավճարների ու ձեր շքեղ առանձնասենյակներում բազմած՝ էդ կառավարական բազկաթոռների վրա, դրանով գյուղացու, ազգաբնակչության խնդիրները չի լուծվում»,- 168.am-ի հետ զրույցում սեպտեմբերին ասել էր Արտակ Սարգսյանը:
Խաղողագործներն այդ օրերին ճանապարհներ էին փակում, խաղողով բեռնված բեռնատարները կանգնեցնում մթերող ընկերությունների բակում կամ իրենց այգիներում՝ արևի տակ, սպասում ընկերություններին որևէ արձագանքի, սակայն՝ ապարդյուն:
Գործող կառավարության գործելաոճից դժգոհ խաղողագործներն անգամ նշում էին, թե գործարաններն արհեստական հերթեր են ստեղծում, շարժվում են իրենց քմահաճույքով, և, որ անգամ նախորդ իշխանությունների ժամանակ մի քիչ խստություն կար, հիմա լրիվ բարդակ է, ամեն մարդ իր համար փող է ուզում, ասում է՝ փողը տուր՝ հերթդ առաջ գցեմ:
Խաղողագործների խնդրի լուծումն այնքան էր բարդացել, որ անգամ պատերազմի օրերին էին խաղողագործները դուրս գալիս փողոց, բողոքի ակցիա կազմակերպում, որ գոնե բանակին մի բանով աջակցել կարողանային:
Նախարարին մեկ հիշեցում էլ՝ 2019-ից: Այդ օրերին խնդիրների առաջ էին կանգնել Արգավանդի խաղողագործները, որոնք ահազանգում էին, թե իրենց բերքը փչացել է, պատճառը հայտնի չէ, ապա վստահեցնում էին, թե խաղողագործը նույն կոտրած տաշտակի առաջ է՝ նույն խնդիրները գլխին կուտակած՝ առանց պետական աջակցության:
Ու հիմա՝ այս ամենից հետո, դժվար է անգամ որակում տալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը, թե վերջին 2 տարում խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում: