«Խաղողի կեսը դատարկեցին՝ գործարանի տնօրեն Սեդրակ Սարգսյանն ընկնավորվեց». Արարատցի խաղողագործները կրկին բողոքում են
Արարատի մարզի խաղողագործներն այսօր կրկին բողոքի ակցիա են անցկացրել, պնդում էին, թե գործարանի սեփականատերերը միտումնավոր իրենց բերքը չեն ընդունում, որպեսզի որակը գցի և էժան մթերեն:
Լուսառատ գյուղի բնակիչ Աշոտ Կոշկարյանի խոսքով՝ իրենք Արարատի գինու գործարանի հետ ունեն պայմանագիր, պայմանագրով նշանակված օր է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով գործարանն այդ օրը չի ընդունել, և բերքը փչացել է:
«Մշակում ենք խաղող, պետք է հանձնենք գործարաններին, բայց հիմա համարյա ոչ մի բաց գործարան չկա՝ բացի Դավալուի (ներկայում՝ Արարատ գյուղ) գործարանից: Մենք գործարանի տնօրինության հետ թշնամություն չունենք, թշնամությունն այն է, որ ամսի 3-ին մեզ օրինական հերթ են նշանակել, որպեսզի այդ օրը խաղողը քաղենք և հանձնենք, ունեմ օրինական պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2023 թիվը: Ամսի 3-ին խաղողը քաղել և տարել ենք գործարան ու մինչև ամսի 6-ը կանգնել ենք, այդ խաղողը թթվել է, բայց դա մեր մեղքով չի: Եթե արևը 4 օր իմ գլխին էլ խփի՝ կբժժեմ, կընկնեմ: Եթե առաջին կամ երկրորդ օրը մեր խաղողը մթերեին, այսպիսի խնդիր չէր առաջանա: Ամսի 3-ին և 4-ին գործարանի տրակտորներն ու բեռնատարներն ընդամենը 8 մետր են առաջ գնացել: Իրենք ինչքան էլ մարզպետին շողոքորթեն՝ ժողովրդին չեն կարող շողոքորթել, սա խաբկանք է: Ամսի 6-ին եկավ մեր հերթը, հերթը շատ արագ գնաց, շատ ուրախացանք, հասանք գործարանի դուռը, գործարանի տնօրեն Սեդրակ Սարգսյանն ինձ հարցրեց՝ պայմանագիր ունե՞ս, ասացի՝ ունեմ, ոնց որ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում, ասում է՝ էս բանն ունե՞ք, ասում է՝ հա, նույնն էլ ես ասացի՝ ունեմ: Հանեցի պայմանագիրը, ցույց տվեցի: Մտանք ներս, հասանք այդ չանին, որի մեջ է լցվում մթերվող խաղողը, տնօրենը ախպոր հետ վերևն էր, նայում էին մարդիկ, խաղողը բարձրացրին, կեսը դատարկեցին՝ Սեդրակ Սարգսյանն ընկնավորվեց: Ես էլ կընկնավորվեի, եթե իրականում իմ խաղողը նեխած լիներ, բայց խաղողը նեխած չի եղել, թթված է եղել, իրենց պատճառով: Բան չունեմ ասելու՝ 960 կիլոյի փողը հաշվեցին, տվեցին, ասացի՝ ես չեմ ուզում դա, ասաց՝ չէ, կանգնի, տարբերությունը գրեցին: Մնացած մասն ասացի՝ չե՞ք ընդունելու, ասաց՝ ոչ, ուր ուզում ես՝ տար»,- պատմեց գյուղացին:
Նրանց խոսքով՝ տեսնելով, որ խնդրին լուծում չի տրվում, մեքենաներով շտապել են Արարատի մարզպետարան, որպեսզի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինչ-որ ձևով օգնի, սակայն, ինչպես իրենք են պատմում, ոստիկանները թույլ չեն տվել մոտենան մարզպետարանի շենքին, իսկ երբ տեսել են, որ մարզպետի մեքենան շարժվում է՝ փողոցը փակել են, ինչին հետևել է ոստիկանների բռնի գործողությունները:
«Զգացինք, որ մարզպետը մեքենայով պետք է գնա, մենք հելանք շոշը փակեցինք, ինչ ճիշտն է՝ ճիշտն է: Մարզպետն ասաց՝ ես ձեր գործով գնում եմ Դավալու, հետո ինձ ասաց՝ էն թթված խաղողի համար եմ գնում, ասաց՝ լրագրողներին դո՞ւ ես զանգահարել, ասացի՝ հա: Ես հանցա՞նք եմ գործել, որ ամսի 3-ին ինձ օր ես տվել, ու իմ խաղողը 6-ին թթվել է: Իմ մեղքը ո՞րն է, ասեք, խփեք ինձ սպանեք: Մարզպետն էլ առիթից օգտվում, ասում է՝ առիթավորվում ես, որ պատերազմ է, ասի՝ այս խաղողը թող ընդունի, ես գումարն ուղարկեմ զինվորին, 400.000 դրամ փող է, հաշվենք՝ չունեմ սա: «Առիթավորվում ես, պատերազմ է»-ն, ո՞րն է, իրենց կարելի էր առիթավորվել, ցույց տալ, նկարել, գալ ղեկավարության գլուխ, հիմա մեզ չի կարելի, հա՞:
Տրակտորով գնացի մարզպետարան, որպեսզի ներկայացնեի իմ բողոք-պահանջը խաղողի վերաբերյալ: Հասնում եմ այնտեղ, ոստիկանությունը գալիս ասում է՝ զինվորների համար պետք է սնունդ բարձվի, ասում եմ՝ հա, ես էլ եմ կամավոր գրվել, իմ ախպերն էլ է այս պահին կռվում, կհանեմ: Հարձակվան վրես, մեկը հետևից էր խեղդում տրակտորի մեջ, մեկը կախվել էր դռներից, ասացի՝ թողեք, ոտքս կոնուսին է, կգնամ, կխփեմ մարդկանց, չթողեցին, զոռով իջեցրին, թևերս ոլորեցին՝ տարան ավտոն, միլպետը եկավ հետևից բոքսով խփեց գլխիս, հայհոյանքներով: Միլպետն ի՞նչ իրավունք ունի մարդ խփի, իրա երեխեն խի՞ չի կռվում: Ես կամավոր գրվել էի, որ այս խաղողը հանձնեի, գնայի, բայց հիմա չեմ գնալու: Ոչ մի պաշտոնյայի տղա չի կռվում, ինչի՞ համար, մենք գնանք մեր կյանքը զոհենք, տանը 3 անչափահաս երեխա կա»,- պատմեցին գյուղացիները:
168.am-ը եղավ նաև Արարատի գինու գործարանում, որտեղ այդ պահին գտնվում էին նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արարատի համայնքների ղեկավարները: Սարգսյանը լրագրողներին հավաստիացրեց, որ գյուղացիները մտահոգվելու որևէ խնդիր չունեն:
«Այսօր կազմակերպված հավաքը որոշվել էր դեռ երեկ, որոշել էինք, որ համայնքի ղեկավարների հետ համատեղ հանդիպում է լինելու՝ գործարանի տնօրինության հետ համատեղ: Ներկա էին 12 համայնքի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, որոշվեց, որ ժողովուրդը պետք է հանգիստ լինի, կոնկրետ Արարատ գյուղի գինու գործարանի հետ կապված որևէ խնդիր չկա, իրենք 10.000 և ավելի տոննա տեղ ունեն և կարող են մթերումը պատշաճ կազմակերպել, միայն թե այս պահին առկա հերթը որոշ չափով բեռնաթափվի: Ներկա գտնվող բոլոր համայնքի ղեկավարներն այս պահին հանձնառություն ունեն, որ իրենց համայնքներում վաղը որևէ կերպ բերքահավաք չպետք է կազմակերպվի, որպեսզի այս հերթը մենք վերջացնենք, և արդեն ամսի 9-ին բոլոր համայնքներին քվոտա է տրված, թե քանի մեքենա խաղողի բերք պետք է հավաքեն: Ունենք 15 համայնք, 15 համայնքներից հոկտեմբերի 9-ին հավաքվելու է 133 մեքենա, քանի որ գործարանի հզորությունը թույլ է տալիս 1 օրվա մեջ 133 մեքենա խաղող մթերել: Որևէ անհանգստություն որևէ մեկի մոտ թող չլինի, մենք հաշվեցինք համայնքներում այս պահին եղած խաղողի բերքի ծավալը, և դա կազմում էր 7500 տոննա, իսկ միայն Արարատ գյուղի գինու գործարանն այս պահին պատրաստ է մթերել 10.000 և ավելի տոննա»,- ասաց մարզպետը:
Ճշտող հարցին, թե արդյոք գյուղացիների թթված մթերքը, որը ոչ իրենց մեղքով է այդ վիճակում հայտնվել, գործարանը պատրաստվո՞ւմ է մթերել, Սարգսյանը պատասխանեց, որ դա վստահաբար չի կարող ասել: Մյուս հարցին, թե գյուղացիներն ասում են, որ մարզպետարանի մոտ միջադեպ է եղել, և, որ Արարատի ոստիկանապետը բռունցքով հարվածել է նրանցից մեկի գլխին, Գարիկ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ:
«Ես մի պահ կանգ եմ առել, առաջարկել եմ, որ գան այստեղ, քանի-որ բոլորն իրենց բերքն այստեղ էին բերել, առաջարկել եմ գան այստեղ, որպեսզի խնդիրը փորձենք կարգավորել, թե ինչ է եղել իմ մեկնելուց հետո՝ չեմ կարող մեկնաբանել»,- պատասխանեց Արարատի մարզպետը:
Նրան տեղեկացրինք, որ նույն այդ քաղաքացիներն այդ պահին գործարանի դիմաց են հավաքվել, արդյոք պատրաստվո՞ւմ է մոտենալ նրանց և իրազեկել.
«Ես հիմա միջոցառման եմ շտապում, շատ կարևոր, և հետո, պատերազմական դրության ընթացքում մարզպետն ունի ևս այլ գործառույթներ, ոչ միայն բերքահավաք: Բերքահավաքի մասով մենք խնդիրը վերջնական լուծել ենք, եթե պայմանավորվածությունը կպահեն, այլևս խնդիր չենք ունենա»: