«Ձեր տնտեսական հեղափոխությունները, ձեր լոբբինգը, որ արվում էր 2 տարի անընդմեջ, բա ո՞ւր են, ի՞նչ արեցիք, ի՞նչ փոխեցիք». Խաղողագործների միության նախագահ

Խաղողն արդեն պատրաստ է մթերման, բայց, ինչպես գրեթե ամեն տարի, այս տարի ևս խաղողագործները խնդիրների առաջ են կանգնած: Մթերող գործարանները, խաղողագործների խոսքով, մթերման համար վերջին պահին բավականին ցածր գին են առաջարկել, որը ձեռնտու չէ իրենց:

«Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր, բացի Երևանի կոնյակի գործարանից, որը գարնանը, ապրիլ ամսից պայմանագրեր կնքել է 155 դրամով, պայմանագրերն այս պահին իրավական ուժով կնքված են խաղողագործների հետ, մնացած ձեռնարկությունները, որոնք  պայմանագրեր ունեին, իհարկե, էլի ի շահ իրանց կնքել էին պայմանագրեր, ընթացքում խաղողագործներին զանգահարելով, հրավիրելով ձեռնարկություններ, ասեցին, որ «մենք կնքված պայմանագրերը չեղյալ ենք համարում, նորն ենք կնքում 1կգ-ը՝ 135 դրամով»: Իսկ դուք գիտեք՝ խաղողի ինքնարժեքը տատանվում է 110-120 դրամի սահմաններում: Իսկ 15 դրամով խաղողագործը չի կարա իր կյանքն ու կենսագործունեությունն իրականացնել հավուր պատշաճի և չի կարող անգամ իր ընտանիքը պահել: Հիմա էս  ձև կատաստրոֆիկ իրավիճակի առաջ են կանգնեցրել խաղողագործներին՝ խաղողագործության հետ մեկտեղ:

Պատճառաբանում են՝ «չունենք հնարավորություններ, էպիդեմիայի պատճառով է էդ վիճակը ստեղծվել», մենք էլ առաջարկում ենք՝ հարգելի պետություն, դուք պարտավոր եք՝ 1-ին՝ պաշտպանելու պետության Սահմանադրությունը, 2-րդ՝ ժողովրդին և ժողովրդի իրավունքները: Հիմա եթե ֆորսմաժորային իրավիճակ ա ստեղծվել, մենք մեղք չունենք: Եթե վերամշակող ձեռնարկությունն էլ իր բիզնես ծրագրից ելնելով կարողանում է կիլոգրամը 135 դրամով գնել, դուք մեկ կիլոգրամը խաղողագործին անհատապես սուբսիդավորեք, այլ ոչ թե պոպուլիստ ձևով մոտեցեք, մի 27 ծրագիր հանեք, Հ1-ով էլ մարդկանց ուղեղները լվացեք, ցույց տվեք, որ դուք մտածում եք էս ժողովրդի, էս տնտեսության մասին, նենց պայմաններով առաջարկեք էդ գումարները, որ անհասանելի լինեն և՛ վերամշակողներին, բանկային մեծ ծավալի վարկեր ունենալու և գրավներ չունենալու պատճառով, այլ այդ գումարներն ուղղորդեք, մեկ կիլոգրամի համար գոնե խելամիտ գին առաջարկեք, որ մարդը կարողանա իր ծախսը հանելուց հետո գոնե մեկ տարի ապրել»,- 168.am-ի հետ զրոււյցում խնդիրը ներկայացրեց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը:

Այսօր խաղողագործները նաև հանդիպում են ունեցել Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի հետ: «Հայաստանի խաղողագործների միության» նախագահի խոսքով՝ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փոխմարզպետը չի կարողացել  պատասխանել իրենց հարցերին, իրենք ներկայացրել են  առաջարկներ,  ելքեր են ցույց տվել, ինչից հետո կրկին չգոհացնող պատասխան են լսել:

«Վերջնական նորից անգոհացնող պատասխանից հետո առաջարկեցինք, որ «էն ֆինանսը, որ դուք ասում եք՝ չունի պետությունը դա անելու, էն ծրագրերը, որ դուք զուտ ծրագրերի անվան տակ նկարել եք՝ հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգում, խելացի գոմեր, վերամշակողին աջակցություն, որ էսօր վերաշակողը չի կարողանում էդ վարկից օգտվի, քանի որ բանկն ասում ա՝ «քո բանկային պատմությունը  ծանրաբեռնված ա, դու չունես էդ գրավը, ես չեմ կարող էդ գումարը տրամադրել», նշանակում ա՝ էդ ամեն ինչը պոպուլիստական ձևով, մենակ բարեհաճո ձևով ներկայացնում են: Իրականում էն գումարները, որ իրանք բյուջեից տրամադրում են էդ ծրագրերի իրականացման համար, կյանքի չեն կոչվել: Հիմա ասում ենք՝ «ընգեր ջան, էդ գումարները սուբսիդավորի կիլոգրամ գինը խաղողի՝ գործարանի տվածի վրա, որ մարդը գոնե իր կենսամակարդակը կարողանա  ապահովի, ապրի»,- ասաց Արտակ Սարգսյանը՝ նշելով, որ անգամ դրանից հետո սպառիչ պատասխան չեն ստացել, ու խաղողագործները դժգոհ դուրս են եկել մարզպետարանից:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է՝ գնանկումը պայմանավորված է խաղողի առատ բերքով, ինչի մասին վերջին շրջանում խոսում են: Արտակ Սարգսյանն արձագանքեց.

«Կներեք, 9 ամսում, ոնց տարին սկսվել ա էս տարի, տեսե՞լ եք՝ մի խաղողագործ, խաղողագործների միություն, կամ ես՝ որպես միության նախագահ հայտարարած լինենք, որ խաղողի աննախադեպ բերք ունենք: Միֆ ա դա, չկա: Միջինից բարձր բերք ա, սովորական: Իսկ եթե գրանտակեր գինեգործներ, վերամշակող ձեռնարկությունների տնօրեններ միավորված ձևով ժողովրդի ուղեղը լվանալով, հա կաթացնելով Հ1-ով, որ խաղողը աննախադեպ շատ էր, աննախադեպ շատ ա, ուրախացեք, բերք ու բարիք ստեղծեք: Գիտեք՝ խաղողից ստեղծվում ա հայկական գինի և կոնյակի սպիրտ, որը արժեք ա, որը հարստություն ա էս պետության, էս երկրի, էս խաղողագործի համար: Ուրախացեք և միջոցներ ձեռնարկեք՝ որպես պետություն, կանգնեք ձեր ժողովրդի կողքին, կարողացեք այ էդ մեր մինիմալ առաջարկները, որ առաջարկում ենք ձեզ, հարգելի պետություն, իրագործելի դարձրեք, որ էսօր էս խնդիրը չլինի, այլ աշնանը լինի բերքի տոն, ուրախ տոն:

Այ ձեր տնտեսական հեղափոխությունները, ձեր լոբինգը, որ արվում էր 2 տարի անընդմեջ, բա ո՞ւր են, ի՞նչ արեցիք, ի՞նչ փոխեցիք: Ասում էիք՝ «էն ժամանակ թալանում են, կիլոգրամի 100 դրամը խլում են ձեզանից, մենք գանք, խաղողը կլինի 250 դրամ»: Ո՞ւր ա, եկել եք»:

Արտակ Սարգսյանի խոսքով՝ խաղողի մթերմանն աջակցելու կառավարության ծրագիրը մատչելի չէ ու իր դրական էֆեկտը ցույց չի տալիս: Փոխարենը՝ խաղողագործներն առաջարկ ունեն:

«Հարգելի կառավարություն, մենք էլ քեզ առաջարկում ենք, 20, 10 հազար դրամներով, որ մարդկանց խաբում, աջակցության անվան տակ ցույց եք տալիս` էս ենք արել, էն ենք արել, կամ միլիարդ 200 միլիոն պարգևավճար եք տալիս էպիդեմիայի ժամանակ մի տարվա ընթացքում, էդ գումարը ուղղեք, մեկ կիլոգրամ խաղողի գինը սուբսիդավորի: Հասկացաք, վերամշակող ձեռնարկության ցավն էլ տանեմ, ինքը կարող ա 135 դրամ տա, ընգեր ջան, 45 դրամ էլ դու սուբսիդավորի, 30 դրամ սուբսիդավորի, թող մարդը գոնե ինքնարժեքից 50, 40 դրամ ավելով կարողանա  իր արտադրանքը վաճառի, ապրի:

Եթե էդ նույն մարզպետը, փոխմարզպետը, փոխնախարարը գյուղացու, խաղողի դաշտի տեղը չգիտեն, էսօր մենք իրար դեմքով չենք ճանաչում, ասում ա՝ «Ես իմ ազգաբնակչության առաջին սպասարկողն եմ», բա առաջին սպասարկողը իրա ազգաբնակչության, իրա խաղողագործի, գյուղացու, իրա ջրի տեղը չի՞ իմանում»:

Հարցին՝ հնարավոր է՝ խաղողի որակով  է պայմանավորված գինը, կամ իրական է այն պնդումը, թե խաղողագործները որակով խաղող չեն մշակում, «Հայաստանի խաղողագործների միության» նախագահը պատասխանեց.

«Ո՞վ ա նշում, էդ նշողը թող գա, այդ նշողը, որ հիմա էլ հելե, նշում ա՝ «խաղողը աննախադեպ բարձրացել ա, չգիտենք՝ ինչ պիտի անենք, էդ գրանտակերներին ասեք՝ «այ գրանտակերներ, հլա արեք մի կիլո խաղող մշակեք, կամ մի թումբ խաղող մշակեք, տենամ՝ դուք կարաք խաղող մշակեք»: Կամ ընդհանրապես գիտեք՝ խաղողը ինչ ձև ա ստեղծվում կամ ոնց ա վերջում դառնում բերք: Մենք իրանց նման չենք թորած գինին բացում կամ նյութերով գունավորում, հայկական գինու տեղ ծախում: Այ էդ պատասխանը տվեք նման գրանտակերներին»:

Տեսանյութեր

Լրահոս