«Գյուղացուն դրել եք շշի մեջ, «պրոբկով» փակել եք». Խաղողագործները չեն կարողանում իրացնել իրենց բերքը
Արդեն մեկ օր է՝ Արարատի մարզի Ոստան համայնքի մի շարք խաղողագործներ խաղողով բեռնված մոտ 70 մեքենաներով գյուղում սպասում են, որ խաղող մթերող ընկերությունը կգնի իրենց բերքը, սակայն ընկերությունից որևէ արձագանք չկա։
Խաղողագործերն ասում են, թե հստակ չգիտեն, թե ինչ խնդիր կա, քանի որ երեկվանից ընկերությունն արհեստական հերթեր է կուտակում, ինչի հետևանքով էլ իրենք մեկ օր բեռնված մեքենաներով լուսացրել են ճանապարհին կանգնած։
«Երեկ երեկոյան ժամը 18։00-ից այստեղ ենք, զավոդը փակել են, չեն էլ ուզում շարժ անել, մի 5 մեքենա է ներս մտել, բայց ոնց մտել են, այնպես էլ կանգնած են, չեն էլ դատարկել։ Տեղյակ չեմ, գաղափար չունեմ, թե ինչ են ուզում արած լինեն, ժողովրդին բերել-հասցրել են այս վիճակին։ Պատին խաղողի անուն է գրած խփած, որ այդպիսի խաղող են մթերելու, ես 40 տարեկան եմ, 40 տարվա մեջ նման խաղողի անուն լսած չկամ։ Տեղի աշխատողը խաղողը չի ճանաչում, խաղողի հետն ու առաջը չեն հասկանում։ Սուրն էլ է իրենց ձեռքին, ամեն ինչն էլ իրենց ձեռքին է, մեր նման հարիֆ գյուղացին ի՞նչ պետք է անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Աղաբեկ Մալխասյանը։
Խաղողագործի խոսքով, եթե այսօր էլ խաղողով բեռնված մեքենաները մնացին կանգնած, ապա վաղն ընկերությունն առհասարակ չի ընդունի խաղողը՝ պատճառաբանելով, թե արդեն քացախ է դարձել։
Նա նաև ասաց, որ բանկերի հետ մեծ խնդիրներ ունի, 7 տեղից վարկեր է վերցրել, հույսը խաղողն է, որ կմթերի ու իր բանկային հարցերը կլուծի։
«Եթե չեն ընդառաջելու, եթե մեր հարցերը չեն լուծելու, ուրեմն՝ վերևի ղեկավարությունն ո՞ւր ա, թող գան տեսնեն ու չպահանջեն։ Վարկի օրը գալիս է, պահանջում են, թե՝ վարկերը փակեք, մի ժամ չուշացնենք, «չեպե» է, սև ցուցակ է, բա գյուղացին ի՞նչ հող տա իրա գլխին։ Գյուղացուն դրել եք շշի մեջ, «պրոբկով» փակել եք։ Չգիտեմ, ահավոր վիճակ է, ահավոր, չգիտեմ վերևներում տեղյա՞կ են, թե՞ չէ, բայց եթե Կառավարություն կա, ղեկավարություն կա, եթե խղճի խայթով մեկն այնտեղ նստած է, թող բարի լինի, գա ու իր աչքով տեսնի, ոչ թե աթոռը պինդ գրկի նստի, «մանկլավիկներն« էլ զանգեն ասեն, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում