«Հիմա տեսա՞ք՝ ուր ենք հասել, ինչ վիճակ է ստեղծվել». Խաղողագործների միության նախագահ

Արգավանդի խաղողագործներն ահազանգում են, որ իրենց բերքը փչացել է: Սակայն դեռևս հստակ չէ՝ ինչ պատճառով: Հայաստանի խաղողագործների միություն հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև փորձաքննություն չլինի, պարզ չդառնա՝ ինչու է խաղողը փչանում, որևէ հայտարարություն անել չի կարող: Միևնույն ժամանակ հավելեց, որ նման խնդրի մասին այլ տեղերից չի լսել:

Ինչ վերաբերում է խաղողի բերքին, ապա Սարգսյանի խոսքով՝ այս տարի բերքը շատ քիչ է:

«Արարատյան հարթավայրում խաղողի բերքն այս տարի շատ քիչ է. անցած և նախանցած տարվա համեմատ՝ մոտ 50-60 տոկոսով պակաս է: Դա պայմանավորված է բնակլիմայական անոմալ պայմաններով, ոռոգման խնդրով, ոչ ժամանակին գյուղատնտեսական գործողություններով: Եթե անկեղծ լինեմ՝ այս տարի ձմեռը ցուրտ եղանակով աչքի չընկավ, բայց ցրտահարություն եղել է:

Այսքան տարվա գյուղատնտես ենք, բայց խաբուսիկ թվաց, չկարողացանք նկատել այդ պահը: Ոռոգման լուրջ խնդիր ունենք Արարատյան հարթավայրում, եթե մեկը կլինի, որ դա կհերքի, ուրեմն ինքը ստախոս է»,- ասաց Արտակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ բերքը քիչ է, և հետևաբար՝ դժվար թե մթերման խնդիր առաջանա:

«Իսկ գնի հետ կապված, երբ ասում էին՝ գնային բում է լինելու, նման բան տեղի չունեցավ, մենք ունեինք 2015թ. 150 դրամով մթերվող խաղողի գին, այս տարի ունենք նույնը: Ոչ մի փոփոխություն գնային քաղաքականության մեջ չի եղել: 4 տարի ունենք գնաճ, և եթե դա հաշվի ենք առնում, ապա 2015թ. 150 դրամից էլ պակաս է այս տարվա 150 դրամը: Խաղողագործը նույն կոտրած տաշտակի առաջ է՝ նույն խնդիրները գլխին կուտակված, չկա պետական աջակցություն»,- ընդգծեց Խաղողագործների միության նախագահը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, ըստ նրա՝ զբաղվում է հիմնականում գինու շուկաների ձեռքբերումով.

«Պետական մեծ բյուջե ունեցող հիմնադրամը, որը մեծ գումարներ է ստանում, ինչի՞ վրա է ծախսել, ի՞նչ արդյունքներ կան: Իսկ հասարակական կազմակերպություն լինելով՝ մենք բարձրաձայնում, դժգոհում, լուծման ուղիները ցույց ենք տալիս, և եթե այն ժամանակ ասում էինք՝ «լայաղ» չեն անում մեզ վրա նայել, ապա հիմա ընդհանրապես իրենք չգիտեն՝ խաղողագործությունն ինչ է, որ մի հատ էլ հասարակական կազմակերպության կամ խաղողագործի կարծիք հաշվի առնեն կամ լսեն: Հիմա տեսա՞ք՝ ուր ենք հասել, ինչ վիճակ է ստեղծվել»:

Տեսանյութեր

Լրահոս