Աբխազական երկաթուղու հարցը կհասնի՞ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային սեղան. Վրաստանը դեմ է

Տարածաշրջանային տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցությունների ֆոնին՝ Ռուսաստանը սկսում է առաջ մղել Աբխազական երկաթուղու վերագործարկման թեման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, և Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Այսինքն՝ այս կետով հաստատված է Նախիջևանի ճանապարհը, սակայն երեք երկրների միջև ձևավորված հանձնաժողովները քննարկելու են այլ ուղիներ ևս, և Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազական երկաթուղու վերաշահագործման հարցով, որով կստանա ուղիղ երկաթուղային կապ Հայաստանի հետ: Սակայն Վրաստանի հետ քաղաքական լուրջ խնդիրները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերը, թույլ չեն տալիս անընդհատ բարձրացվող այս հարցին վերջնական լուծում տալ:

Չնայած Վրաստանի դիրքորոշմանը, վերջին շրջանում ռուսական փորձագիտական համայնքը սկսել է աշխատել այս ուղղությամբ, վերլուծություններ անել, թե ինչպես է տուժելու Վրաստանն այն դեպքում, երբ չմասնակցի տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ համաձայնելով Աբխազական երկաթուղու բացմանը: Մասնավորապես նշվում է, որ Նախիջևանի ճանապարհի գործարկման դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի համար այլևս պակաս գրավիչ է լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհը, որը ներկայումս մեծածավալ բեռնափոխադրումներ է իրականացնում:

Աբխազիան դիմել է Ռուսաստանին երկաթուղու հարցով

Այս անգամ էլ Աբխազիայի խորհրդարանն է դիմել ՌԴ Պետդումա՝ պատրաստակամություն հայտնելով հավասարազոր պայմաններով մասնակցել Աբխազիայի միջով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այս մասին հայտնել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնության հեղինակը մեր հանձնաժողովն է: Մենք հետևում էինք տարածաշրջանի զարգացումներին և հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում, որը նման հանգուցալուծում ունեցավ: Ողջունում ենք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման փաստը»,- ասել է նա Sputnik Абхазия-ին:
Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան մշտապես պատրաստակամություն է հայտնել հավասարազոր պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անմասն մնա։ Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որտեղ քննարկել են այս հարցում հնարավոր տարբերակները:

Վրաստանը չի համաձայնի Աբխազական երկաթուղու գործարկմանը

Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան, վրացի հեղինակավոր քաղաքագետ Գելա Վասաձեն 168.am-ի հետ զրույցում ասաց՝ պատահական չէ, որ թեման սկսում են քննարկել այն փուլում, երբ ապաշրջափակման թեման է քննարկվում տարածաշրջանում: Նրա որակմամբ՝ մեծ ապաշրջափակմամբ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն ստանալ Վրացական երկաթուղու նկատմամբ, ավելին՝ վերահսկել բոլոր հաղորդակցությունները Հարավային Կովկասում: Ըստ նրա՝ Վրաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ ոչ թե Աբխազիան պետք է դիմի Ռուսաստանին, այլ Ռուսաստանը պետք է դիմի Վրաստանին:

«Մենք, բնականաբար, չենք ճանաչի նրանց տնտեսական ինքնիշխանությունը միայն այն պատճառով, որ դա հակասում է մեր օրենքին օկուպացիայի մասին: Դա կլինի Վրաստանի օրենքի խախտում: Ուստի, կարծում եմ՝ եթե Վրաստանի ինչ-որ կառավարություն որոշի նման բանի համաձայնել, նրա համար դա կունենա լուրջ քաղաքական հետևանքներ: Ռուսաստանին պետք է լուծել Վրաստանի հետ իր հարցերը, բայց կան անհաղթահարելի բնույթի տարաձայնություններ ու խնդիրներ, ու քանի դեռ կան այդ խնդիրները, քիչ հավանական է, որ ինչ-որ բան հնարավոր է»,- ասաց Վասաձեն:

Նա նաև ասաց, որ որպեսզի Ռուսաստանը դիմի Վրաստանին և ստանա պատասխան, պետք է անհաղթահարելի բնույթի խոչընդոտներ հաղթահարի, դրան պատրաստ չեն Ռուսաստանում, առավելևս՝ Վրաստանում կա կոնսենսուս օկուպացիայի հարցի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Այդ թեման, նրա պնդմամբ, այս պահին փակ է Վրաստանի իշխանությունների և հասարակության համար, իսկ տարանցիկ շահույթները գրավիչ չեն Վրաստանի համար:

Վրաստանը չի տուժի՝ հիմնական բեռնաշրջանառությունն իրականացվում է նավահանգիստներով

Ինչ վերաբերում է փաստարկներին, որ Վրաստանի տարանցիկ դերակատարությունը տուժելու է Նախիջևանի երկաթուղու բացումից հետո, քանի որ կտրուկ նվազելու են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումները, հաշվի առնելով Նախիջևանի ճանապարհի երթուղին՝ Գելա Վասաձեն ասաց, որ՝ պնդելու համար, թե Վրաստանը տուժելու է, պետք է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում Բաքու-Ախալքալաք-Կարսը, և ինչ ծավալի բեռներ են տեղափոխվում:

«Վրաստանի հիմնական բեռնաշրջանառությունը տեղի է ունենում վրացական նավահանգիստներով, դրանով մոտավորապես 1 միլիոն տոննա բեռ է տեղափոխվում, իսկ Բաթումի նավահանգստի բեռնաշրջանառությունը կազմում է 6 միլիոն տոննա, ավելին՝ Փոթիի նավահանգստի դեպքում խոսք է գնում 8-10 մլն տոննա բեռնափոխադրման մասին, կարող եք, չէ՞, պատկերացնել այս տարբերությունը․ սրանցից յուրաքանչյուրը տասն անգամ ավել բեռ է փոխադրում, քան այդ երկաթուղին, ուստի խոսել մեծ կորուստների մասին չի ստացվի և ի դեպ սա այն դեպքում, երբ մեր երկաթուղին աշխատում է շատ վատ, և կառուցվել է Անակլիայի նավահանգիստը, կառուցվում են մոդեռնիզացված նավահանգիստներ, մեզ պետք է դա և մեր սեփական երկաթուղին, որով մենք ունենք անկախություն բոլոր տարածաշրջանային պրոյեկտներից: Մեր առաջին գործընկերը նաև ԵՄ-ն է այս բոլոր հարցերում»,- ասաց Գելա Վասաձեն:

Նա այն կարծիքին է, որ պարզապես ռուսական կողմը ցանկալին փորձում է ներկայացնել՝ որպես իրականություն, կամ ծանոթ չեն թվերին, որոնք շատ կարևոր են: «Պետք է նայել թվերին»,- ասաց վրացի վերլուծաբանը:

Նա նշեց, որ հիանալի կլիներ երկաթուղին, սակայն ավելի հիանալի կլիներ, եթե Ռուսաստանը խնդիրներ չունենար Ուկրաինայի հետ , այդ դեպքում ամեն ինչ կբացվեր, հետևաբար՝ Հայաստանի կապը ևս հիանալի կլինի, բայց այս ամենին խոչընդոտում է քաղաքականությունը և քաղաքական գործիչները, որոնք էլ ամեն բան որոշում են:

Երկաթուղու բացումը կօրինականացնի՞ օկուպացիան

Մեկ այլ վրացի փորձագետ, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ տնտեսական փոխգործակցությունն այս երկաթուղու շուրջ կարող էր մեղմել որոշ քաղաքական տարաձայնություններ: Սակայն նա ևս գտնում է, որ ժողովուրդները պատրաստ չեն դրան, բացի տարածքներից՝ կա էթնիկ վրացիների հարցը, և այլն: Վրաստանում, Մենագարիշվիլիի որակմամբ, այս պրոյեկտն ընկալվում է ռուսական վերահսկողության հաստատում Հարավային Կովկասում բոլոր երկրների նկատմամբ դեպի Իրան ելքով:

«Բացի դրանից, սրա բացումն առանց քաղաքական խնդիրների լուծման՝ կօրինականացնի Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիան: Որպես այլընտրանք՝ ստեղծվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղի, որի ծանրաբեռնվածությունը գուցե դեռ մեծ չէ, սակայն դա Վրաստանին լուրջ խաղացող է դարձրել, առանց որի հնարավոր չէր երկաթուղի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հասկանալի է, որ ներկայումս իրավիճակ է փոխվում, սակայն մասնագետները պետք է գնահատեն, իսկ առաջին տեղում Վրաստանի տարածքային հարցն է: Վրաստանը, բնականաբար, չի կարող հաշվի չառնել իր հարևան Երևանի շահերը, ուստի Լարսի հարցում փորձում է հնարավորինս արագ կարգավորել և չեզոքացնել առաջացող խնդիրները»,- ասաց Մենագարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս