Ադրբեջանը մեր սիրուն աչքերի համար չի տալու գերիներին, գին է վճարվելու. Թևան Պողոսյան

Երեկ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան վերադարձավ ևս 5 գերի։

Մինչ օդանավի՝ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարելը հավաքված հարազատները հայտնում էին, թե իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերեվարված է վերադառնալու հայրենիք:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն իր ամեն արածի համար որոշակի գին է պահանջելու

«Ամբողջ օրը խոսում էին՝ «20 հոգի են վերադարձնելու, 20 հոգի», պարզվում է՝ 5: Տալիս են ուրիշ անուններ, գալիս է՝ ուրիշ: Ծնողների վիճակը պատկերացնո՞ւմ եք: Մի բան պետք է հասկանանք, որ պարզապես այնպես չէ, որ Ադրբեջանն ինչ անելու է, անելու է ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար: Ինքը դրա համար ինչ-որ գին է պահանջելու: Այդ գինը ումից էլ պահանջի, ով էլ գնա, դա բանակցի, միևնույն է՝ այդ գնի վերջնական վճարողը լինելու ենք մենք, որովհետև որևէ միջնորդ իր հաշվին չի դա անելու, անելու է մեր հաշվին:

Եվ, ցավոք սրտի, մինչև մենք լավ չենք պատկերացնում, թե ինչ ենք տվել կամ վերցրել, ես դժվարանում եմ ասել։ Երկու պարագայում էլ մի բան կարող եմ ասել եղած տեղեկություններով․ կա՛մ ընդամենը 1 զինվորն էր արժեցել Ադրբեջանի համար 5 հոգի մեր կողմից, դա ամենապարզն է, մյուս կողմից՝ իսկ կարո՞ղ է ինչ-որ բաներ են անում․․․ օրինակ, ընդամենը 2 օր առաջ հարցը, որը 3 ամիս համարյա չէր քննարկվում, բայց սկսեց քննարկվել, Ներքին Խնձորեսկի ինչ-որ կետեր: Ինչ ուզում է լինի, հիմա դժվարանում եմ ասել, մենք պետք է մի բան գիտակցենք, որ բոլոր պարագաներում գին է վճարվելու, Ադրբեջանը պարզապես սիրուն աչքերի համար չի տալու:

Կա՛մ մենք պետք է ինչ-որ մի տեղ մի 300-400 գերի վերցնենք, որոնց փոխանակում անենք, կա՛մ պետք է ձևավորենք այնպիսի մի քաղաքականություն՝ միջազգային իմաստով, սանկցիաներով, այնպես ցավեցնենք Ադրբեջանին, որ Ադրբեջանն ասի՝ «լավ, սա տալիս եմ, միայն դա մի արեք», կա՛մ պարզապես այս պարագայում ինչ-որ բաներ են վճարվելու, որոնց մասին մեզ տեղյակ չեն պահում»,- այսօր ասաց Թևան Պողոսյանը:

ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ գերիների հարցի առաջին շահարկողներից մեկն իշխող ուժն է:

«Ինքն ասում է՝ «եկեք սուս մնացեք, չխոսեք այս հարցերի մասին, որ ինչ-որ բան լավ լինի: Երբ որ նախկինում այդքան չխոսեցին դրա մասին, ոնց որ թե ոչ մի լավ բան տեղի չէր ունենում: Հիմա, երբ որ մտահոգություն է և խոսում են, մեղադրում են: Բայց այդ նույն մեղադրանքի մոտեցումը՝ վարքագծային, դա էլ է նույն շահարկումը, եթե դու հանրային ես ասում: Այլ պարագայում ունակ լինեիք, մարդկանց հրավիրեիք համապատասխան տեղը, ներքին պայմանավորվեիք, և աշխարհն էլ չէր իմանա դրա մասին: Բայց մինչև դա տեղի չի ունենում, ցանկացած հանրային եղած տեղեկություններ ավելի շատ մանիպուլյացիա է, կամ ցանկացած կամ բոլոր քաղաքական ուժերի կողմից կարող է լինել, որովհետև նրանք, ովքեր տեղյակ են, փորձելու են դրանից այլ նպատակների գնալ, իսկ ով ազնիվ մտահոգված է, կարող է իսկապես անզգուշությամբ մի բան այնպես չանել, բայց մարդու մտահոգությունը չես կարող մեջից չփարատես, եթե իսկապես դա ցավ է պատճառում»,- հավելեց Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ սա ավելի է խորացնում ներքին կյանքում ատելությունն ու բաժանումը:

Տեսանյութեր

Լրահոս