Այդպես էլ չպատասխանեց՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ
Այսօր առանց օպոնենտների, բայց իր սիրած ֆորմատում՝ միայնակ ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը վերջապես «պատասխանեց» Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի՝ Եռաբլուրում հունվարի 28-ին հնչեցրած հարցադրմանը, որից Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ:
Իսկ լրագրողն ընդամենը հարցրել էր՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ… Նա հոխորտաց, ուղիղ եթերի ռեժիմում աշխատող լրագրողից պահանջեց Ազգային ժողովում ասած իր տեքստի ուղիղ գրավոր մեջբերումը՝ լավ հասկանալով, որ դա այդ պահին՝ ոտքի վրա, պարզապես հնարավոր չէ, ասաց, որ չի պատասխանելու որևէ հարցի, ու լույսի արագությամբ լքեց Եռաբլուրի տարածքը: Նիկոլ Փաշինյանն ի տես ամենքի ցույց տվեց, որ իր վարքագիծը չի տարբերվում քրեական ենթամշակույթն իր մեջ կրող ցանկացած մեկից, երիտասարդ կին լրագրողի ուղղությամբ ձեռքը սպառնալից պարզելով՝ շարունակ նույն նախադասությունն էր կրկնում ու հրաժարվում պատասխանել շատ պարզ մի հարցի՝ Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ոչ:
Ամեն դեպքում հենց նույն օրը 168.am-ը չէր զլացել ու, այդ թվում, նաև լուսագրերով ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, թե ի՞նչ է ասել Փաշինյանը Շուշիի մասին ավելի վաղ՝ Ազգային ժողովում:
Եռաբլուրում տեղի ունեցածի հենց հաջորդ օրը՝ երեկ, լրագրողը մեծ պաստառի վրա բառացի գրավոր մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի խոսքերը և ուղիղ եթերում՝ բազմաթիվ տեսախցիկների ներկայությամբ, սպասում էր Փաշինյանին, որ վերջինս, ինչպես խոստացել էր, գա ու ուղիղ եթերում պատասխանի՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ: Բնականաբար, չեկավ… Չէր գա, քանի որ «դեպքի վայրում» հավաքված լրագրողները վստահաբար հակադարձումներ կունենային, որոնց պատասխանները դժվար թե ունենար կառավարության շենքում նստած նշված անձը:
Փոխարենը՝ կառավարության շենքի բակում հերթապահող փաշինյանական գվարդիայի աննկուն մարտիկներից մեկը՝ պատկառելի տարիքում գտնվող մի կին, հարձակվեց լրագրողի վրա, պատռեց պաստառը, որի մնացորդները բզկտեց մի երիտասարդ տղա՝ այդպիսով հավանաբար վրեժ լուծելով Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Արցախն օկուպացրած ադրբեջանցիներից:
Ինչևէ… Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե իր այսօրվա պատասխանը չսկսեր իր սիրած թեմայից. նա այս թեման շատ լավ առիթ համարեց՝ ցույց տալու, թե այսօր հատկապես կառավարության դեմ լրատվական ինչպիսի մանիպուլյացիաներ են տեղի ունենում:
Շուրջ 8 րոպե տևողությամբ լայվի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չասաց՝ ի վերջո, Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ոչ, փոխարենը տարատեսակ ձևակերպումներով մանիպուլյացնելով իր ունկնդիրներին՝ փորձում էր բոլորին համոզել, որ իր խոսքերն ուրիշները մանիպուլյացնում են, ու այդպես էլ գոնե մի անգամ ինքն իրեն հարց չտվեց՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ բացի իրենից ու իր երդվյալ վկաներից, ի դեմս իր թիմի, երկրում որևէ մեկն իր ասածը չի հասկանում այնպես, ինչպես ինքն է հասկանում: Ավելին, փաստենք, որ չասաց՝ Շուշին հայկական քաղաք է:
«Պատերազմի ընթացքում եղել է խոսակցություն պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին, երբ ադրբեջանական կողմը, նաև այլոց շարքում, պայման է առաջադրել Շուշի քաղաք ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ: Ըստ էության՝ խոսքը վերաբերում էր 1992 թվականի ստատուս-քվոն վերականգնելու հնարավորությանը: Այսինքն, երբ մենք արդեն համաձայնել էինք, որ պետք է պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման: Այդ նոր պայմանը հետևյալն է, որ Շուշի քաղաք պետք է վերադառնան Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992-ի, այսինքն՝ Շուշիի ազատագրումից առաջ գոյություն ունեցած ստատուս-քվոյի: Իսկ այդ ստատուս-քվոյով առաջարկվում էր, որ մենք արձանագրենք, որ Շուշիում պետք է լինի 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, ավելի կոնկրետ՝ 96 տոկոս: Եվ երբ սա պարզ դարձավ, ինձ շատերը հրապարակային մեղադրում էին, որ տարբերակ է եղել, որ Շուշին կարգավիճակով մնա հայկական, բայց ես այդ հնարավորությունը չեմ օգտագործել: Ես էլ արձագանքել եմ ընդամենը այդ իրողությանն ու այդ արձագանքներին, թե այդ ովքե՞ր են և ինչպե՞ս են համարում, որ երբ Շուշիում լինի 96 տոկոս ադրբեջանական բնակչություն, իր այդ կարգավիճակով քաղաքը համարվի հայկական վերահսկողության ներքո՝ ինչպես պատգամավորն է հարցնում»,- ասաց Փաշինյանը:
Հասկանալի է, որ այս ձևակերպման մեջ տրամաբանություն փնտրելը ու հատկապես գտնելն անշնորհակալ գործ է, սակայն, այնուամենայնիվ, ուզում ենք հարցնել՝ այդ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համոզված, որ հայկական վերահսկողության տակ գտնվող, հայկական ուժայինների տիրապետության տակ եղող, Արցախի զորքի վերահսկողությամբ, հայկական օրենքներով ու վարչական ղեկավարությամբ, քաղաքապետով Շուշի գլխակորույս 96 տոկոս ադրբեջանցի խաղաղ բնակիչներ էին գալու ու հերիք չէ՝ ապրեին, մի հատ էլ վտանգ ստեղծեին քաղաքի հայ բնակչության համար: Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը դա պատկերացնում:
Բացի դրանից, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր, որ Շուշիի բնակարանային ֆոնդը դեռևս 2008 թ.-ից ամբողջովին սպառված էր, ուրեմն որտե՞ղ էին ապրելու վերաբնակեցված ադրբեջանցիները, հայերի տներո՞ւմ…
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման՝ Շուշիում 96 տոկոս ադրբեջանական բնակչություն լիներ, չէր կարելի համարել, թե այն գտնվում է հայկական վերահսկողության ներքո: «Այսինքն, ոչ թե ծագումնաբանությանն է վերաբերում, այլ պատերազմը կանգնեցնելու պայմաններում ինչ ժողովրդագրական ստատուս-քվո հաստատելու մասին է խոսքը»,- եզրափակեց նա:
Ինչպես ասում են, առանց մեկնաբանության…
Զարմանալի է միայն պրիմիտիվության այն աստիճանը, որով Նիկոլ Փաշինյանը դեռ կարողանում է կերակրել իր ընտրազանգվածին, ով, իհարկե, նրան չի հարցնի, թե եթե գերակշիռ ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին ադրբեջանական էր իր կարգավիճակով՝ ըստ իրենց կուռքի, հայկակա՞ն է արդյոք մինչև հայաթափումը` 1980-ականների վերջում՝ ճիշտ Փաշինյանի նշած ժամանակահատվածում, 300 000 հայ բնակչություն ունեցող Բաքուն, կամ հայկակա՞ն է արդյոք Աբխազիան, որի հայկական բնակչությունը մեծամասնություն է կազմում նրա առանցքային քաղաքներում՝ Սուխումում (61.4%), Գագրայում (44.1 %), հայկական քաղա՞ք է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքը, որի հայ բնակչության թիվը հասնում է 200 000-ի, և որն ավանդաբար հայ քաղաքապետներ է ունենում: