Որոշում կայացնելիս՝ աչքի առաջ ունեցեք ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Վազգեն Սարգսյանի պատկերը. Արամ Օրբելյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր)՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը:
Փաստաբան Արամ Օրբելյանը մի քանի հանգամանքներով հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա են եղել ՔՕ 137-րդ, 226.2-րդ, 332-րդ, 344-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև նրա գործողությունները բովանդակել են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ:
Դատարանում Արամ Օրբելյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ ներկայացված փաստական տվյալները պարունակում են քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր և առիթներ, բայց թե՛ ՀՔԾ քննիչ Կոստանդյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը, թե՛ դատախազական հսկողություն իրականացնող դատախազի՝ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերծելու որոշումը, պատճառաբանված չեն:
Չնայած ՀՔԾ քննիչի, ինչպես նաև վերահսկող դատախազի բացակայությանը, դատարանը լսեց բողոքը, որում ներկայացված էին, թե ինչ փաստեր են դրված ՀՔԾ ներկայացված միջնորդության հիմքում:
Հովհաննես Խուդոյանը դատարանում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունը, որով քաղաքացիներին հորդորում էր պատրաստվել վրեժի, ապա ներկայացրեց Փաշինյանի՝ դատարանների իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելուն ուղղված գործողությունները, հրապարակային հայտարարությունները, դատարանների դռները փակելու կոչը, ինչպես նաև շատերին հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունն ու դրանց հետ առնչվող մյուս հայտարարությունները:
«Ողջամիտ դիտորդի մոտ կասկած չի կարող առաջանալ առ այն, որ վարչապետը լիովին անտեսում է օրենքի հիման վրա ստեղծված կառուցակարգերը, դրանց գործառույթները և կոչ է անում վրեժ լուծել, վենդետա իրականացնել»,- բողոքը ներկայացնելիս՝ ասաց Հովհաննես Խուդոյանը:
Արամ Օրբելյանն էլ դատարանում հայտարարեց, որ, եթե նախորդ 2.5 տարիների ընթացքում իրենց հաղորդման մեջ ներկայացված արարքները, որոնք իրավունքի գերակայության խախտումներ են, ժամանակին ստանային քրեադատավարական, դիսցիպլինար, էթիկական համապատասխան պատասխաններ, չէինք ունենա այսօր այն կորուստները, ինչ ունենք:
«Եթե մարդը ուզում է խոսի, ինչ ուզում է, խնդրեմ, դուրս է գալիս քաղաքական գործունեության, ասում է՝«ես վարչապետ չեմ», գնում է խմբագիր, փորձում է գրել ամեն ինչ և դուրս է գալիս քաղաքացիադատավարական դաշտ: Չի կարելի լինել երկրի ղեկավար, վարչապետ, կառավարության ղեկավար և խոսել՝ ոնց ուզում ես…
Որոշումը կայացնելիս, հարգելի դատարան, խնդրում եմ Ձեր աչքի առաջ ունեցեք ոչ թե Նիկոլ Փաշինյանի պատկերը՝ խոսելուց, որովհետև մի քիչ շփոթմունք է առաջանում, մենք իրեն էլի տեսնում ենք խմբագրի պատկերով, այլ խնդրում եմ Ձեր աչքի առաջ ունեցեք Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի, Արմեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Դարբինյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի պատկերը: Իրենց պատկերը ունեցեք, պատկերացրեք՝ իրենք են այդպես խոսում հրապարակային: Այ, պատկերացրեք, որ Վազգեն Սարգսյանը ու ինքը հրապարակային ճղճղալով խոսում է՝ «վնգստացող դատավոր»: Ֆեյսբուք է մտել ու այդպես խոսում է: Այդպես պատկերացրեք ու տեսեք՝ տեղավորվո՞ւմ է արդյոք այս ամբողջ տեքստի մեջ, թե՞ չէ… Դիտարկեք վարչապետի պաշտոնի լույսի ներքո:
Պատկերացրեք՝ մի անդամ մարդ կա նրա փոխարեն, ով վարչապետի պաշտոն է զբաղեցնում, ղեկավարում է կառավարությունը, և դրանից հետո որոշում ընդունեք՝ արդյոք սա քրեադատավարական գնահատական պիտի ստանա՞, թե՞ չէ»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ խոսքը մեղադրական դատավճռի մասին չէ, այլ պատասխանելու հարցին, թե առկա բոլոր հանգամանքները հանցագործության արտաքին, առերևույթ էլեմենտներ պարունակո՞ւմ են, թե՞ ոչ:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա փետրվարի 17-ին: