ԶԼՄ-ները հաղորդել են COVID-պատվաստանյութերի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու ԵՄ-ի պլանների մասին
Եվրամիության ղեկավարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հաղորդել է Independent-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նամակը:
Ինչպես նշվում է, նա այդ հնարավորությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի դեֆիցիտի ֆոնին ուսումնասիրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Դեֆիցիտն առաջացել է անգլո-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութի՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ մատակարարումների կրճատման պատճառով: Եվրամիություն մատակարարումների կրճատման պատճառներից մեկն այն է, որ AstraZeneca-ն ակտիվացնում է Մեծ Բրիտանիային պատվաստանյութով ապահովումը, որտեղ արտադրվում է պատրաստուկի մի մասը:
Ընկերությունում որոշումը բացատրում են այն բանով, որ բրիտանական մատակարարումների պարտավորագիրը կնքվել է ավելի վաղ, քան ԵՄ-ի հետ: Ինչպես հաղորդում է Dow Jones գործակալությունը, Եվրոպան արդեն ետ է մնում Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, որոնք, Օքսֆորդի համալսարանի տվյալներով, պատվաստել են իրենց բնակչության 11,3 տոկոսին եւ 7,1 տոկոսին՝ համապատասխանաբար: ԵՄ-ում պատվաստում է ստացել 450 մլն բնակչության ընդամենը 2,2 տոկոսը:
Եվրամիությունը պատվաստանյութերն անդամ երկրների համար գնում է կենտրոնացված կերպով: Նա 2,3 մլրդ չափաբաժին է պատվիրել վեց արտադրողներից՝ նպատակ ունենալով մինչեւ ամառ պատվաստել չափահաս բնակչության 70 տոկոսին: Եվրոպան դեռ պաշտոնապես հավանություն չի տվել AstraZeneca-ի պատվաստանյութը շրջանառության մեջ դնելուն, բայց, ինչպես սպասվում է, դա տեղի կունենա հունվարի 29-ին:
AstraZeneca-ի պատվաստանյութի 300 մլն չափաբաժին գնելու շուրջ համաձայնագիրը՝ եւս 100 միլիոնի օպցիոնով, ստորագրվել է օգոստոսին, այն բանից մոտավորապես երեք ամիս անց, երբ ընկերության հետ համաձայնագիրն ստորագրեց Մեծ Բրիտանիան: ԵՄ-ն էլ ավելի խոշոր պարտավորագիր ունի Pfizer-BioNTech-ի հետ, բայց պատրաստուկի մատակարարումները նույնպես հետաձգվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: