Ի՞նչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, ի՞նչ «դժվար որոշման» մասին է խոսքը

Արդեն մի քանի օր է, ինչ արցախահայերի անհանգստությունն ու մտահոգությունն իրենց ապագայի վերաբերյալ իրենց մտերմիկ շրջապատից դուրս է եկել ու մտել սոցցանցեր: Արցախահայերը գրառումներ են կատարում, համախմբվելու և գործողությունների դիմելու կոչ անում միմյանց:

Պատճառն Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի փակ հանդիպումներն են Ստեփանակերտում ու արցախյան մեզ մնացած մյուս տարածքներում:

Բանն այն է, որ 168.am-ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը ոչ հրապարակային հանդիպումներ է ունենում մարդկանց հետ, նրանց հետ խոսում ինչ-որ «դժվար որոշումների» մասին, ասում, որ առանց ժողովրդի կամքը հարցնելու՝ ոչինչ չի ստորագրելու: Կարճ ասած, ինչպես ժողովուրդն է ասում, արցախցիների «բերանի գոլն» է ուզում իմանալ, հասկանալ, թե ինչպես են տրամադրված մարդիկ, ու առհասարակ ինչ վստահության ռեսուրս ունի ինքը:

Եվ թեպետ Արցախում տարածված կարծիքի համաձայն՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի որևէ լեյտենանտ Արցախում ավելի մեծ հեղինակություն ունի, քան Արայիկ Հարությունյանը, դե յուրե նա Արցախի նախագահն է, և ուրեմն արցախցիները դեռ նրան թույլ են տալիս հանդես գալ իրենց անունից:

Արայիկ Հարությունյանը, իհարկե, հասկանում է, որ իր թափանցիկ ակնարկներն Արցախում լավ են հասկանում, և խոսքն Արցախի կարգավիճակին է վերաբերում, ու կարող են հուզումներ սկսվել, և պատահական չէ, որ, օրինակ, Մարտակերտում տեղի ունեցած վերջին հանդիպումներից մեկի ժամանակ հոխորտացել է, թե խիստ կպատժվեն Արցախում ապակայունացման փորձ անողները:

Սակայն կարծես թե այդ սպառնալիքն այնքան էլ չի ազդել արցախցիների վրա, ովքեր արդեն երկրի մեծ մասը կորցրած լինելով՝ նոր «անակնկալներ» չեն ուզում:

«Ավելի ծանր որոշումը ո՞րն է: Կարո՞ղ գլխներիս մի հատ էլ ծծմբաթթու լցնեն, որ տեսնեք՝ դրան էլ ենք դիմանում…»,-իր ֆեյսբուքյան էջում արցախյան բարբառով գրել էր Արցախյան շարժման առաջամարտիկներից Վասիլի Աթաջանյանի որդին՝ Արսեն Աթաջանյանը ու կոչ արել փողոց դուրս գալ:

«Ժողովուրդ, ինչքա՞ն կարելի է խաբված ապրել, էլ ի՞նչ լինի, որ հասկանանք՝ վաղուց արդեն դանակը ոսկորին է հասել, դրանց նման սուտասանների պատճառով ենք ամեն ինչ կորցրել… Բավական է, դուրս գանք փողոց, պայքարենք մի բուռ մնացած Արցախի ու նրա ինքնորոշման համար»,- մասնավորապես նշել էր նա՝ արցախցիներին կոչ անելով վերջապես արթնանալ:

Արայիկ Հարությունյանի մատնանշած «դժվար որոշմանն» էր անդրադարձել նաև Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը:

«Այսինքն, էլ բան կա՞ ստորագրելու, կամ էն նեռի վաստակ-դավաճանի հետ միասին էդ ե՞րբ եք ժողովրդի հետ ինչ-որ բան քննարկել, որ հիմա ասում եք՝ առանց ժողովրդի ոչինչ չեմ ստորագրելու… Իրողությունը մեզ հակառակն է հուշում, որ եթե նման բան եք ասում, ուրեմն արդեն հակապետական, ապազգային ու թրքահաճ ինչ-որ դավադրություն եք ստորագրել, ու բավ է մարդկանց հիմարի տեղ դնելը: Նեռի վաստակ-շնաբարո դուրսպրծուկի գլխավորությամբ երկիրը բացահայտ ծախելու փաստերից հետո պետք չի շարունակել մեղքի սլաքները ուղղել բանակին, ժողովրդին… Կոնկրետ ասե, թե էդ «տիժեր որոշումները» վերնա»,- գրել էր Բելլա Լալայանը:

Իսկ արցախցի մեկ այլ օգտատեր՝ Արամ Խաչատրյանը, ներկա է գտնվել Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի (ԱՍՄՀ) նախարարությունում աշխատակիցների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպմանը:

Այստեղ ևս զրույցի բովանդակությունը չի փոխվել:

«Հանդիպման սկզբում նախագահն ասից, վեր տիժեր որոշումները հալամ ըռըչներիս ա, ու վեր առանց ժողովրդի ինքը որևէ որոշում կայացնելու չի ու որևէ փաստաթուղթ ստորագրելու չի, բայց մանրամասնալ չի, թա տիժեր որոշումներն էդ վերն ա»,- իր սոցցանցային հարթակում գրել է Արամ Խաչատրյանը:

Հաջորդիվ նա հիշեցրել էր Արայիկ Հարությունյանի նախընտրական խոստումները ոչ մի թիզ հողի, բանակի ու անվտանգության մասին, ընդգծել, որ Արայիկ Հարությունյանի ներկայիս արդարացումները զրո արժեք ունեն:

«Պարոն նախագահ, էդ որ հիմա կանգնում ասում եք՝ է ես բանակին ո՞նց հրաման տայի, մեր բանակը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում է, ինձ չի ենթարկվում, ՀՀ վարչապետին ու Զինված ուժերի Գլխավոր շտաբին է ենթարկվում, էն ժամանակ չգիտեիք, հենց միայն պատերազմի ժամանակ իմացա՞ք: Բա որ բանակը Ձեզ չէր ենթարկվում, ինչի՞ էիք դուրս գալիս ու ասում՝ կռիվ են ուզում, կռիվ կստանան»,- գրել էր մեր արցախցի հայրենակիցը: Ապա Արամ Խաչատրյանն այլ ուշագրավ մեջբերումներ էլ էր արել Արայիկ Հարությունյանի խոսքից:

«Ժողովուրդ, ո՞վ չգիտի, որ ԱՀ նախագահի ընտրությունները միշտ էլ ձևական են եղել, և այն գլխից ՀՀ-ն է որոշել, թե ով պիտի լինի ԱՀ նախագահը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ դրանով իսկ խոստովանելով, որ իր՝ Արցախի նախագահ դառնալը պայմանավորված է եղել Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ու թողտվությամբ, որի համար, փաստորեն, Արայիկ Հարությունյանն էր Արցախի այն նախագահը, ում հետ միասին նա գտավ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի՝ Արցախի հարցի լուծման տարբերակը:

Ըստ Արամ խաչատրյանի՝ Արայիկ Հարությունյանը մեկ ժամից ավելի անդրադարձել է քաղաքական ու ռազմական նախկին ու ներկա ղեկավարությանը, խոսել պատերազմի ժամանակ նշված անձանց հետ ունեցած հանդիպումների, մտահոգությունների ու առաջարկված լուծումների մասին, ասել, որ միշտ ահազանգել է վտանգների մասին, բայց որևէ արձագանք չի ստացել: Իհարկե, չի մոռացել ասել, որ ինքը հող ծախող չէ, դավաճան չէ, և, որ բոլորս ենք մեղավոր կատարվածի մեջ:

Արցախում բոլորին է մտահոգում այն հարցը, թե ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը նույն տեքստը կրկնում տարբեր տեղերում, հատկապես՝ պետական հաստատություններում փակ հանդիպումների ժամանակ, ի՞նչ է ուզում դրանով ասել, ինչի՞ է նախապատրաստում:

Ի դեպ, վերոնշյալ հանդիպման ընթացքում հարց է հնչել եռակողմ խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո Հին Թաղերի ու Խծաբերդի հանձնման մասին, և պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ բանակցությունների ժամանակ քարտեզ չի եղել, ու կողմերն Ադրբեջանի ներկայացրած քարտեզով են որոշել՝ որ զորքը որտեղ է կանգնած:

«Պարոն նախագահ, մեր ժողովուրդը ոչ թե ուզում է իմանալ, թե դուք քանի՞ ժամով եք գնացել բունկեր ու թե կոկոլի, Մոսու, Բաբայանի, Ջալալի, Քոչարյանի, Սերժի ու Լևոնի հետ ի՞նչ եք խոսել: Նրան ընդհանրապես հետաքրքիր չի, թե «Նաիրի» հանրախանութի ոսկին ոնց է վառվել, հալվել, թե Դուք անձամբ քանի՞ հեկտար արտ ու այգի եք կորցրել: Մարդիկ դեռ իրենց երեխաներին չեն գտել, ժողովուրդն իր ամենաթանկ մարդկանց է կորցրել, տուն, տեղ, հանգիստ, պատմություն, հիշատակներ է կորցրել, և իրեն միայն մի հարց է հետաքրքրում՝ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՂԸ…»,- գրել է ԱՍՄՀ-ում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասնակիցը:

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանը լավատեսությամբ է լցված վաղվա օրվա նկատմամբ, Արցախի ապագայի բոլոր հույսերը կապում է Ռուսաստանի հետ, «ինչպես ռուսը որոշի, այնպես էլ կլինի» տրամաբանության մեջ, խոսել է նաև ՀՀ Զինված ուժերի՝ Արցախից դուրս գալու, բանակի, զորակոչի մասին:

168.am-ին այդ հանդիպմանը մասնակցած մեկ այլ արցախցի, ով չցանկացավ իր անունը նշել, ասաց, որ Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ ինքը չէր կարող չհամաձայնել իրերի ներկայիս դրությանը, այլապես Հայաստանն Արցախին որևէ բանով չէր աջակցի, փող չէր տա, ու Արցախում հացի խնդիր կլիներ: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է դիմել:

Արայիկ Հարությունյանն ու նրա երևանյան հովանավոր ու գործընկեր Նիկոլ Փաշինյանը պարտավոր են պատասխանել, թե ինչ «դժվար որոշումների» մասին է խոսում Արցախի նախագահի տեղապահը, ինչո՞ւ է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ առաջ բերում այդ թեզը, էլ ի՞նչ նոր փորձանք են նախապատրաստել Հայաստանի ու Արցախի ժողովուրդների համար, արդյո՞ք խոսքն Արցախի կարգավիճակի վերաբերյալ ոչ հայանպաստ շուտափույթ ստորագրվելիք փաստաթղթին է վերաբերում, ու ի՞նչ երաշխիքներ կան, որ որևէ դեպքում Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Տարօրինակ է, որ լուռ է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, որն իր հերթին՝ պետք է փարատի Արցախի ապագայի հետ կապված բոլոր կասկածները:

Ի դեպ, օրեր առաջ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Ադրբեջանի կազմում բացառում ենք կարգավիճակ ունենալու հանգամանքը», սակայն թե Արցախում, և թե Հայաստանում շատ լավ հասկանում են Հայաստանի ու Արցախի ղեկավարների խոսքի արժեքը: Մի տարի չէր անցել Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո, ի դեպ, Շուշիում, երբ նա երդվեց պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Տեսանյութեր

Լրահոս