«Վիրավորների մեծ մասը նույնիսկ ամենածանր վիճակում միայն մի բան էր հարցնում բժշկից…»
2020 թվականի սեպտեմբերի 27, վաղ առավոտ, ռազմական բժիշկ Վլադիմիր Սեյրանյանի հեռախոսը չի դադարում զանգել: Իրար հերթ չտվող զանգերի տեղատարափը միայն մի բանի մասին էր՝ երկրում պատերազմ է: Ռազմական բժիշկ, մայոր Վլադիմիր Սեյրանյանը, ով ներկայում ծառայում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ Վասվածքաբանական բաժանմունքում, 2001 թվականից ոլորտում է: Սեպտեմբերի 27-ին նա արձակուրդում էր, սակայն երկրում այնպիսի իրավիճակ սկսվեց, որ առաջնային դարձավ մասնագիտական պարտականությունը:
«Միանշանակ վատ զգացողություններ էին: Ես ծառայել եմ Տավուշում, Արցախում, հուլիսյան մարտերի ժամանակ ևս ծառայության մեջ եմ եղել, և պատկերացնում էի ինչ կարող էր լինել: Որքան էլ պատկերացնում էի, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս անգամվա պատերազմի մասշտաբները անհամեմատելի էին: Որոշում կայացվեց, որ ես պետք է գնամ Իշխանաձոր: Ժամանելու հենց սկզբից վիրավորների հոսքն այնպիսին էր, որ հիմա կդժվարանամ ասել, թե ովքեր են եղել իմ առաջին պացիետները: Այդ հոսքին զուգահեռ մեր թիմը կազմ-պատրաստ էր՝ պատվով կատարելու իր առջև դրված խնդիրները: Եղել է համախմբված աշխատանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Վլադիմիր Սեյրանյանը:
Օրեր շարունակ քունն ու հանգիստը կորցրած բժիշկը համեստորեն ներկայացնում է իր աշխատանքն այնպես, կարծես, սովորական գործուղման մեկնած լիներ: Միայն նշում է, որ պատերազմական օրերին տպավորիչ ոգևորող, ուժ տվող դրվագները շատ են եղել:
«Մեզ մոտ հերթական օրը վիրավորների հոսք կար, միջանցքում մի տղա էր կանգնած, ով անդադար բերված զինվորներին ինչ-որ բանով օգնելու առաջարկ էր անում, հետաքրրքվում էր, թե ինչպես նրանց պետք է տեղավորել, ինչի պակաս կա և այլն: Մոտ ժամ ու կես այդ խմբի վիրավորներին սպասարկեցինք, ու ես նոր դիմեցի այդ տղային, հարցնում եմ, թե իր մոտ ինչ կա: Վերջինս ասում է, որ ոչինչ չկա, իր մոտ ամեն ինչ կարգին է, միայն թե, գլխի մոտ քերծվածք ունի ու մի փոքր ցավում է: Վիրակապարանում զննելու արդյունքում հայտնաբերեցինք, որ գնդակը գտնվում է ենթամաշկի տակ, ոսկորին մոտ: Մենք այն հեռացրեցինք: Տղայի այդ առնական պահվածքը, ընկերների մասին մտածելը ինձ վրա մեծ տպավարություն թողեց, բայց իրականում այնպիսի վիճակ էր, որ կարելի է ասել նա երկրրոդ անգամ ծնվեց, մի թեթև շեղում, այդ տղան կարող էր մեզ հետ չլինել»,-ասաց Վլադիմիր Սեյրանյանը:
Այն, որ զինվորները, լինելով վիրավոր, ծանր վիճակում հոսպիատալացված, շարունակում էին մտածել, հոգ տանել միմյանց մասին, փաստում է նաև քսան տարի ոլորտում աշխատող, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկական գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Արշալույս Սեյրանյանը, ով իր խմբով պատերազմի օրերին Իշխանաձորում էր: Վիրավորների մեծ մասը նույնիսկ ամենածանր վիճակում միայն մի բան էր հարցնում բժշկից՝ երբ եմ ապաքինվելու վերադառնամ առաջնագիծ:
«Իրադարձություններն այնպես արագ էին զարգանում, որ ինչ-որ մի փուլից այդ տարածքի վիրավորների ամբողջ հոսքը եկավ մեզ մոտ: Հավատացեք մեր բժիշկները բոլորի կյանքի համար մինչև վերջ պայքարել են: Վերակենդանացման դեպքեր ենք ունեցել, որոնք շատ են տպավորել»,-պատմում է Արշալույս Սեյրանյանը:
Բժշկական գումարտակի հրամանատարի համագործակցության գծով օգնական, ավագ լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանը շտապեց ավելացնել, որ բժշկական գումարտակը մի ընտանիք է եղել և գիտեր ինչ անել: Ոչ ոք աշխատանքը չի տարանջատել, իրավիճակից ելնելով, անտրտունջ հասցրել են անել այն, ինչ կարող էին՝ փոխլրացնելով միմյանց: Արանքում չէին մոռանում միմյանց ու զինվորների ու նրանց հետ եկածների մասին հոգ տանելու վերաբերյալ: Գերծանր օրերին միմյանց, թեկուզ, փոքր շոկոլադ փոխանցելը ավանդութ էր դարձել:
«Լարվածությունը մեծ էր, բայց մենք արդեն պատրաստված էինք: Բժշկական գումարտակը մասնակցել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով զորավարժությունների: Մենք հենց այնպիսի զորավարժություններ ենք արել, երբ պետք էր մեծ քանակի վիրավորներ ընդունել: Դա մեզ օգնեց, և մեր անձանակազմը գիտեր ինչ անել, ինչպես աշխատել: Մենք ունեինք արհեստավարժ բուժակներ, որոնք նույնպես մեծ ներդրում ունեցան ընդհանուր գործին»,-ասաց Հասմիկ Բաբաջանյանը: Ավագ լեյտենանտը չի մոռանում Իշխանաձորի ամբուլատորիայի անձնակազմին, համայնքի ղեկավարին: Նա նկատեց, որ սրտացավ, ամեն վայրկյան ռազմական բժիկների կողքին լինելու պատրաստակամություն ունեցել են բոլորը:
«Գիտեք ինչպիսի իրավիճակ էր, օրինակ եթե վիրավորների համար հողաթափի կամ ներքնաշորի կարիք կար, մեկ զանգ և ամեն ինչ կարգավորվում էր: Գիշեր-ցերեկ գործի մեջ ենք եղել, 24 ժամ աշխատել ենք և հասկացել, որ ևս 24 ժամ կարող ենք աշխատել ու այսպես շարունակ: Բոլորն արել են ավելին, քան կարող էին»,-նշեց Հասմիկ Բաբաջանյանը:
Բժիշկներն ընդգծում են՝ Հայաստանում ռազմական բժշկության համակարգը կայացած է, այն ունի կայացած հրամանատարություն, փորձառու, բանիմաց բժիշկներ, որոնք տիրապետում են իրենց գործին: Համեմատելով այլ երկրների ռազմական բժշկության համակարգերի հետ՝ Արշալույս Սեյրանյանն ընդգծում է՝ մենք հետ չենք մնում, ինքնակազմակերվելու առումով շատ ավելի առաջ ենք: Իհարկե, այս ընթացքում թերություններ եղել են, հասցրել են վերլուծել կատարած աշխատանքը, առաջիկայում աշխատելու են բացերի ուղղությամբ: Թե պատերազմից ինչպիսին դուրս եկավ ռազմական բժիշկը, վստահաբար պատասխանում է Հասմիկ Բաբաջանյանը՝ հաղթանակած: Ռազմական բժիշկն այս պատերազմում իր առջև դրված մարտական խնդիրը կատարել է ամբողջությամբ և լիարժեք: Տոնական օրվա առթիվ ռազմական երեք բժիշկների բարեմաղթանքը մեկն է՝ աշխատել խաղաղ պայմաններում՝ սպասարկելով միայն պլանային դեպքեր: