Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական և ռեգիոնալ կենտրոններին դեռևս անհրաժեշտ էր. քաղտեխնոլոգ

Աշխարհում տեղի ունեցող մի շարք իրողություններ իրենց հստակ ազդեցություններն են թողնում նաև տարածաշրջանի վրա՝ Հայաստանի համար ստեղծելով նոր մարտահրավերներ: 168.am-ը աշխարհաքաղաքական նոր իրավիճակի, տարածաշրջանում դերակատարների ներքաղաքական օրակարգերի ու դրանցով պայմանավորված՝ Հայաստանի նոր արտաքին օրակարգերի մասին զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

Անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ քաղտեխնոլոգը նշեց՝ դրանք ուղղակիորեն կապվում են սեպտեմբերին սպասվող Դումայի ընտրությունների հետ: Նրա համոզմամբ՝ թեև ընդդիմության դեմք է ընտրվել Նավալնին, սակայն դա համակարգ է. «Սկսվել է նախընտրական պայքարը, և համապատասխան ֆոն է ձևավորվում, համապատասխան տրամադրություն է ստեղծվում»:

Հարցին՝ արդյո՞ք այս իրադարձությունները ՌԴ-ին կտանեն ակնհայտ թուլացման՝ տարածաշրջանային իր հետևանքներով, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Չեմ կարծում՝ այնտեղ այսօրվա իշխանությունների զգալի թուլացումներ կլինեն, առավելևս, որ Ռուսաստանում, որտեղ նախագահական համակարգ է, ամեն ինչ որոշվում է նախագահական ընտրությունների ժամանակ: Հիմնական մեխը քաղաքական էլեկտորատ պրոցեսների նախագահական ընտրություններն են:

Այնպես որ, չեմ կարծում, թե շատ լուրջ փոփոխություններ դե ֆակտո կլինեն, թեպետ մինչև սեպտեմբեր անընդհատ լինելու են նմանատիպ պրոցեսներ, այդ թվում՝ նաև զանգվածային պրոցեսներ՝ հատկապես, որ այդ պրոցեսների սցենարները բազմիցս խաղարկվել են, փորձարկվել են՝ և՛ հաջող, և՛ անհաջող աշխարհի շատ երկրներում՝ մանավանդ հետխորհրդային երկրներում:

Եվ եթե դուք ուշադիր հետևեք, թե ինչ է փորձում անել Ռուսաստանում այդ ոչ համակարգային ընդդիմությունը, ապա շատ դեպքերում այն կրկնում է փորձված մեթոդները, որոնք, օրինակ, նույն 2018 թվականին Հայաստանում էին իրականացվում»:

Ինչ վերաբերում է Իրանից եկող նոր ազդակներին, Վիգեն Հակոբյանը նշեց. «Երբ ԱՄՆ-ում իշխանափոխություն տեղի ունեցավ, և իշխանության եկան դեմոկրատները, ավելի պարզ ասած՝ գլոբալիստական թևը՝ նեոկոնսերվատիվ Թրամփի փոխարեն, դա Իրանի կողմից ընկալվեց՝ որպես լավ մեսիջ, որ կարելի է փորձել նորից վերադառնալ այն քաղաքական իրողություններին, որոնք կային նախկին դեմոկրատ նախագահ Օբամայի օրոք (առավելևս, որ Բայդենն Օբամայի օրոք փոխպրեզիդենտ էր):

Եվ Իրանը, ըստ էության, բավականին երկարատև դադարից հետո փորձում է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում ավելի ակտիվ դերակատարում ունենալ»:

Իրանի արտգործնախարարի կողմից Բաքվում արված աղմկահարույց հայտարարությունների մասին էլ նա նկատեց՝ դա Իրանի կողմից առկա իրողությունների արձանագրումն է, ինչն առնչվում է նրա հետ, որ Հայաստանը՝ Ադրբեջանի պոտենցիալ հակառակորդ կողմը, ինքնուրույն քաղաքականություն չի վարում. «Որևէ հստակ ռեգիոնալ քաղաքականության ուղենիշների մասին խոսք չկա, այսինքն, որպեսզի Իրանն այլ քաղաքականություն վարի, Իրանն ադրբեջանաթուրքական և նույնիսկ ռուսական քաղաքականության տարածաշրջանում պետք է տեսնի, որ կա ձևավորվող այլընտրանքային քաղաքականություն, որի կրողը պետք է լինի նաև Հայաստանը:

Այսինքն՝ երբ տարածաշրջանում չկա Արցախի հարցի շուրջ այլընտրանքային քաղաքականություն, որը հնչեցվում է, Իրանն այս պարագայում, երբ իր համար ավելի առաջնահերթ է տարածաշրջանում և աշխարհում իր սանկցիաների հանման խնդիրը, բնականաբար, չի գնալու տարածաշրջանում ստեղծված իրողությունների դեմ և այդ նոր իրողությունը ստեղծողների դեմ:

Այնպես որ՝ նեղանալ Իրանից… երբ Հայաստանն իր քաղաքական կուրսը կձևավորի, երբ ՀՀ իշխանությունները, կարծում եմ՝ նոր իշխանությունները, կվարեն, Իրանն էլ կունենա ինչ-որ հենարան, այլընտրանք, որի շուրջ կարող է ձևավորել նաև իր քաղաքականությունը, և իր տարածաշրջանային քաղաքականությունն էլ՝   մասնավորապես՝ Արցախի շուրջ, կարող է լինել ավելի բալանսավորված: Որովհետև Իրանը շուրջ 30 տարի վարում էր բալանսավորված քաղաքականություն, և երբեք` բացի վերջին շրջանից, ընդգծված, հստակ դիրքորոշում չէր հայտնում:

Սակայն այժմ այսպիսի իրողություն է, և Իրանը չի տեսնում Հայաստանի կողմից վարվող որևէ այլընտրանք, եթե չասեմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Իրանի հետ հարաբերությունները շատ ավելի վատացել էին, և այն մեսիջները, որոնք երբեմն հնչում էին անձամբ Նիկոլ Փաշինյանի շուրթերից… Ես ուզում եմ հիշեցնել թեկուզ Բոլթոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությունները հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին, Իրանին  ապացուցեցին այն իրողությունը, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք ոչ վստահելի պարտնյոր է, և ավելի շատ Հայաստանից պետք է զգուշանալ, քան դիտարկել՝ որպես վստահելի գործընկեր»:

Քանի որ քաղտեխնոլոգը նշեց Հայաստանում նոր իշխանությունների ու նրանց կողմից արտաքին հարաբերություններում նոր կուրսի որդեգրման անհրաժեշտության մասին, նրանից նաև հետաքրքրվեցինք՝ այս տեմպերով, երբ ակնհայտ է ընդդիմության պասիվացումը, հասարակությունը ե՞րբ ականատես կլինի իշխանափոխության:

Նա նշեց. «Իմ տպավորությամբ՝ ընդդիմության ամբողջ սպեկտրը՝ թե՛ արտախորհրդարանական, թե՛ խորհրդարանական, իրականում ինչ մեսիջներ էլ տալիս է, ինչ էլ հայտարարում է, այնուամենայնիվ, նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների:

Ընդդիմությանը չհաջողվեց նոյեմբերի 9-ից հետո բլից-կրիգով լուծել իշխանության հարցը, թեպետ ուներ բավականին լուրջ հնարավորություններ՝ հաշվի առնելով թե՛ հասարակության որոշ տրամադրությունները, թե՛ էլիտայի տրամադրությունները (ըստ էության, առկա էլիտաներից՝ թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր, թե՛ ՏԻՄ, թե՛ մշակութային, թե՛ բիզնես, միայն ուժային էլիտան էր գործող էլիտան, մասնավորապես՝ Զինված ուժերն էր, որ չաջակցեցին ընդդիմության հրաժարականի պահանջին):  Չհաջողվեց ոչ միայն այն պատճառով, որ կար քաղաքական ապատիա հասարակության մեջ, այլ նաև այն պատճառով, որ իրենք հստակ չընկալեցին, թե հասարակական ի՞նչ պահանջ կա: Ես կարծում եմ՝ հասարակությունն ավելի ակտիվ գործիքակազմ էր սպասում ինչ-որ մի փուլում, որն այդ ընդդիմությունը չկիրառեց (չուզեց թե չկարողացավ՝ դա այլ խնդիր է):

Եվ հաջորդ պատճառը, ըստ իս, այն էր, որ, այնուամենայնիվ,  այդ ամենասուր շրջանում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Նիկոլ Փաշինյանն աշխարհաքաղաքական և ռեգիոնալ կենտրոններին, որոնք այս տարածաշրջանում նոր իրողություններ էին ձևավորում, դեռևս անհրաժեշտ էր, և արտաքին քաղաքական ազդակներ՝ գումարած աջակցություն, այդ ընդդիմությունը չստացավ»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություն անելու նախաձեռնությունը ևս նույն կենտրոնների կողմից էր. «Նիկոլ Փաշինյանին ընդդիմության շուրթերով առաջարկվեց հրաժարական տալ, որին ի պատասխան՝ նա հնչեցրեց այդ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, որը, իմ կարծիքով, աշխարհաքաղաքական գրեթե բոլոր կենտրոննների կողմից, բայց նախևառաջ՝ Ռուսաստանի կողմից աջակցություն ստացավ: Այդ ազդակն ընկալվեց նաև այսօրվա ընդդիմության կողմից»:

Վիգեն Հակոբյանն այս իրավիճակում չբացառեց «17»-ի ֆորմատի փոփոխություն, վերաֆորմատավորում և հավելեց, որ իշխանությունը ևս պատրաստվում է ընտրություններին, ինչն ակնհայտ է ոչ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին քննարկումներից, այլև Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին դիտարկումներից, «որը թույլ կտա իշխանությանն ապահովել ինքնալուծարում՝ առանց իրենց համար որևէ լուրջ ռիսկերի»:

Տեսանյութեր

Լրահոս