«ՀՀ իշխանությունները քայլ առ քայլ իրականացնում են Ադրբեջանի բոլոր երազանքները». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանն այն կարծիքին է, որ տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու և դրանով դրական հեռանկարների մասին խոսելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունն այսօր առավել քան ոչ հիմնավոր է:

«Այո, կոնֆլիկտի կարգավորման պարագայում, երբ բոլոր հարցերը կարգավորված լինեն, կողմերի միջև լինի փոխադարձ վստահություն, այլևս չլինեն միջադեպեր, չլինեն վիրավորներ, ինչպես եղավ մի քանի օր առաջ Արցախում, երբ բոլոր կոնֆլիկտային հարցերը կարգավորված լինեն և հարաբերությունները լինեն իսկապես բարիդրացիական, այդ ժամանակ հնարավոր կլինի երթևեկել, ճանապարհները կբացվեն, և այլն: Իսկ այն, ինչ ունենք այսօր, լուծված կոնֆլիկտ անվանել հնարավոր չէ: Բնականաբար, հնարավոր չէ այսօր խոսել Ադրբեջանի հետ փոխվստահության մասին, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է ՀՀ որևէ քաղաքացի կամ որևէ բեռ Ադրբեջանի տարածքով ինչ-որ տեղ ուղևորվել: Սա արվում է՝ ընդամենը փորձելու համար հիմնավորել այն ամենը, ինչ իշխանություններն անում են հանուն Ադրբեջանի: Հաղորդակցությունների շուրջ այս գործընթացը Ադրբեջանի երազանքների հերթական կատարումն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աննա Կարապետյանի խոսքով՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ նպատակ են հետապնդում՝ արագացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնումը. «Այդ ամենը ներկայացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, և ՀՀ իշխանությունը փորձում է դրանով հասարակությանը հերթական անգամ կեղծ թեզերով մոլորեցնելով, մանիպուլացնելով՝ ցույց տալ, թե իբր՝ տեսեք, այս գործընթացը մեզ համար նույնպես դրական է: Այնինչ, դա ընդամենը Ադրբեջանի նպատակների կատարում է»:

Նրա դիտարկմամբ՝ գերիների վերադարձ քանի դեռ չկա՝ Ադրբեջանի հետ որևէ բան պայմանավորվել և իրականացնելը նորմալ չէ. «Գերիների վերադարձը ո՛չ քաղաքական հարց է, ո՛չ ցանկությունների, դա հումանիտար կարևորագույն հարց է, որը պետք է օր առաջ լուծվի: Հայաստանի իշխանությունը, բնական կլիներ, որ ոչինչ չբանակցեր, ոչինչ չպայմանավորվեր, քանի դեռ այդ հումանիտար խնդիրը չէր լուծվել: ՌԴ ԱԳ նախարարը բացահայտեց, թե գործընթացն ինչպես է իրականում ընթանում, որոնք են գերիների չվերադարձման իրական խնդիրները: Մի կողմից՝ բնական է, որ Ադրբեջանն ունի գործընթացը ձգձգելու, գերիներին չվերադարձնելու մոտիվացիա, բայց մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ միջնորդի կողմից այդ մոտեցումը որևէ աջակցություն չի վայելում, և հակառակը՝ ՌԴ-ն կողմ է խնդիրը բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքի ներքո օր առաջ կարգավորելու: ՌԴ ԱԳ նախարարի խոսքից տպավորություն է, որ հիմնական խնդիրը հենց Հայաստանում է, այսինքն՝ հենց ՀՀ իշխանությունները չեն տրամադրում հստակ թիվ, ցուցակներ, որպեսզի Ռուսաստանն էլ դրա հիման վրա կարողանա ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և այդ գործընթացն առաջ տարվի: Ստացվում է, որ հերթական անգամ ՀՀ իշխանությունները՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են մեկ բան՝ ականջահաճո հանրության համար, որի ուղղությամբ, սակայն, գործնական քայլեր չի կատարվում»:

Աննա Կարապետյանը շեշտեց՝ ՀՀ գործող իշխանությունները քայլ առ քայլ կատարում են Ադրբեջանի բոլոր ցանկությունները, բոլոր երազանքները. «Հետևաբար՝ ակնկալել, որ կարողանալու են Արցախի կարգավիճակի հարցը լուծել, միանշանակ՝ ոչ: Եթե լինի նոր իշխանություն, այն հնարավորություն կունենա չընդունել նախորդ իշխանության մոտեցումները, այն իրավիճակը, որին վերջինս եկել է: Կարևոր է արձանագրել, որ որևէ դեպքում նկատի չունենք ռազմական գործողությունների վերսկսում, պայմանագրերի չեղարկում, այլ նկատի ունենք, որ այդ պարտվողական վիճակը, որի մեջ Հայաստանը գտնվում է այսօր, պետք է դրանից ձերբազատվել: Նոր իշխանությունը կարող է ասել, որ՝ ես բանակցում եմ այլ դիրքերով, այլ գերակայություններով, և եկեք՝ ընդհանրապես հասկանանք՝ որտեղ են իմ շահերը, և ինչպես եմ պաշտպանելու իմ շահերը: Այսօրվա իշխանությունը դա չի անում, և ընդհանրապես դժվար է ասել՝ այսօրվա իշխանությունն արդյո՞ք մտածում է հայկական կողմի շահերի մասին, թե՞ բացառապես սեփական իշխանությունը պահպանելու մասին է մտածում»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն օրերս արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ հերքելով այնտեղ առկա ապատեղեկատվությունը: Պոպովը ասել էր. «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին՝ որպես վերջնական նպատակ»: Աննա Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում էին միջազգային մակարդակով. ի՞նչ է կարծում՝ ինչո՞ւ է Փաշինյանը բանակցային գործընթացի և Արցախյան պատերազմի վերաբերյալ շարունակաբար ապատեղեկատվություն տարածում:

«Նիկոլ Փաշինյանը հույս ունի և հավատում է, որ հայ հասարակությունը չի կարդում, չի լսում, չի հիշում և հետևաբար՝ կարելի է այն ամենը, ինչ ցանկանում ես, հրամցնել հասարակությանը, և ոչ ոք դրան չի հակազդելու կամ չի հակադարձելու, իսկ ով էլ հակադարձի՝ նախկինների պիտակը կկպցնի այդ մարդկանց: Այսօր, արդեն, այդ գործընթացը հոգնեցրել է ոչ միայն հայ հասարակությանը, այլ հոգնեցրել է միջնորդներին: Տվյալ դեպքում Ռուսաստանն արձագանքեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում փաստացի զրպարտում էր և ենթատեքստով մեղադրանք էր հղում ոչ միայն նախկիններին, այլ նաև հենց ՌԴ-ին: Բնական է, որ ՌԴ-ն դա չէր հանդուրժելու, և ԱԳ նախարարության մակարդակով հակադարձեցին, ասացին, որ սուտն ու կեղծիքը տեղ չունեն այդ գործընթացում, և իրենք թույլ չեն տալու ինքնաարդարանալու, սեփական հանրությանը խաբելու համար պիտակավորել, զրպարտել Ռուսաստանին»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս