Կառավարությունը կա՛մ չգիտի ֆինանսական հոսքերի ճեղքի մեծությունը, կա՛մ չի ասում՝ մեկնաբանությունների տեղիք չտալու համար. փորձագետ

2020 թվականի դեկտեմբերի 31-ի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում:  Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի գնահատմամբ՝ այդ որոշումը ոչ լավ ձևակերպված որոշում է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ պետական կառավարման համակարգը բավականին թույլ է և ունի ունակությունների զարգացման խնդիր:

«Կառավարությունն իր ֆինանսական հոսքերում ունի որոշակի մեծությամբ ճեղք, և այդ ճեղքը փակելու համար ելքեր է որոնում»,- առողջապահության ոլորտն ԱԱՀ արտոնությունից զրկելու հետևանքների քննարկման ժամանակ ասաց փորձագետը:

Արտակ Քյուրումյանը մասնավորապես շեշտեց  այն հանգամանքը, որ փաստաթղթում տեսականորեն ներկայացվում է՝ ինչ է հարկային քաղաքականության ճեղքը, սակայն չեն ներկայացվում թվեր: Պետական ֆինանսական կառավարման փորձագետի դիտարկմամբ՝ եթե խոսում ենք ֆինանսներից, պետք է ներկայացնեն թվեր՝ հասկանալու համար, թե ինչ մեծության  ճեղք է, և հենց դա  հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ հարթության մեջ պետք է փնտրել լուծումները:

«Բայց քանի որ մեզ չեն ասում, թե ինչի մասին է ճեղքը, ապա շատ դժվար է ասել, թե ինչ խնդրի լուծում են փնտրում, ինչ են փնտրում: Եվ ես կապը տեսնում եմ այստեղ: Այսպիսի միջոցի են դիմում, որովհետև պետությունը, կառավարությունն իր ֆինանսական հոսքերում ճեղք ունի:

Ցավոք, այն փաստը, որ չեն ներկայացնում այդ ճեղքի մեծությունը, երկու բացատրություն կարող է ունենալ: Մեկը, որ իրենք էլ չգիտեն այդ ճեղքի մեծությունը, ինչն ավելի է դժվարացնում խնդիրը: Երկրորդ այն է, որ գիտեն, բայց չեն ասում ճեղքի մեծությունը՝ ինչ-որ նոր մեկնաբանությունների ու տարակարծությունների տեղիք չտալու համար»,- ասաց Արտակ Քյուրումյանը:

Տեսանյութեր

Լրահոս