Եթե Կապան-Գորիս ճանապարհը դնում եք սպառնալիքի տակ,  ըստ էության, Սյունիքը կտրում եք Հայաստանից. սա ամենավտանգավորն է. Խոսրով Հարությունյան

«ՀՀ վարչապետը դոմինանտ դերակատարում չունի բանակցություններում»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Ադրբեջանի նախագահի ցինիկ, արհամարհական, գերհաղթողի դիրքերից որակումներն ու մեկնաբանությունները՝ ուղղված հակառակորդին, ոչ թե նպատակ է հետապնդել ընդհանրապես խախտել կոմունիկացիաները, խափանել բոլոր տեսակի հնարավոր շփումները, ճիշտ հակառակը՝ շատ կոնկրետ մի նպատակ է  հետապնդում՝  բոլոր շփումների ժամանակ բանակցային սեղանի շուրջ ինքը հանդես գա հաղթողի, թելադրողի դիրքերից: Եվ հաշվի առնելով այն արդյունքները, ինչ մենք արձանագրեցինք մոսկովյան վերջին եռակողմ հանդիպումից՝ կարող ենք ասել, որ Ալիևի մոտ ոնց որ թե ստացվում է»,- նշեց  Խոսրով Հարությունյանը:

«Եթե ես լինեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն և վաղօրոք հայտարարեի, որ մեզ համար երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից ամենահրատապը նախևառաջ գերեվարվածներին հետ վերադարձնելու խնդիրն է, ու ես հասնեի այնտեղ՝ տեսնեի, որ այդ հարցը չի քննարկվում, կասեի՝ սիրելի գործընկերներ, մեծագույն հարգանքներս ձեզ, ես եկել եմ այս խնդրով, ու իմ ժողովուրդն ասում է՝ մինչև այս խնդրի վերաբերյալ հասկանալի, ըմբռնելի  որևէ պայմանավորվածություն չկա, որևէ հարց չքննարկեք, ու կթողնեի՝ դուրս կգայի, կընդհատեի այդ հանդիպումը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ քանի որ ընդհանուր հայտարարի, լուծումների չեն եկել, բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, կանխավ իմացել է, թե ինչ նպատակով է մեկնում Մոսկվա:

Ինչ վերաբերում է բանակցություններին՝ Խոսրով Հարությունյանը ցույց տվեց «Կոմերսանտ»-ի հրապարակած քարտեզը՝ ասելով, թե ինչ են մեզ առաջարկում:

«Ապաշրջափակման ժամանակ մենք պետք է խոսենք տնտեսական անվտանգության մասին: Հիմա տեսեք, թե ինչ են մեզ առաջարկում. քարտեզում Բաքուն է, ժամանակին գործող երկաթգիծը, Մեղրու հատվածը, որտեղից երկաթգիծը մտնում է Նախիջևան և շարունակությունը ստանում է դեպի Երևան: Հիմա տեսեք, մեզ առաջարկում են գործարկել այս երկաթգիծը, ընդ որում՝  դա ներկայացվում է՝ որպես մեզ համար ձեռնտու մի նախագիծ: Ոշադրություն դարձրեք՝ Բաքվից մինչև Երևան այս երկաթգծի երկարությունը կազմում է մոտավորապես 700 կմ: Ադրբեջանցիները մեր տարածքից իրենց բեռնափոխադրումների համար պետք է օգտագործեն միայն Մեղրիի 47 կիլոմետրը: Այս սխեմայից շատ հարմար օգտվելու է Ադրբեջանը: Էլ չեմ ասում, որ Մեղրիի հատվածի վերահսկողությունն էլ ըստ էության նոյեմբերի 9-ի համաձայնագրով  մենք թողել ենք Ռուսաստանին: Ստացվում է՝ այս երկաթգիծը մեզ պետք չէ, չենք օգտագործելու, բայց դրանով հնարավորություն ենք տալիս Նախիջևանին և Ադրբեջանին՝ միանալ հենց  Սյունիքով: Դուք հիշո՞ւմ եք՝ Կապան-Գորիս ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Քարահունջ գյուղերի խնդիրը… ըստ էության, այսօր Կապան-Գորիս ճանապարհը գտնվում է Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ: Այդ ճանապարհի անվտանգության առումով մենք կարո՞ղ ենք վստահել Ադրբեջանին՝ ոչ: Ստացվում է՝ հանքահումքային արտադրությունն իրականացնող ընկերությունները , եթե վաղը խտանյութը ցանկանան Կապանից հասցնել Երևան՝ ապա պետք է գնան Նախիջևանով: Այսինքն, եթե Կապան-Գորիս ճանապարհը դնում եք սպառնալիքի տակ,  ըստ էության, Սյունիքը կտրում եք Հայաստանից, սա ամենավտանգավորն է»,- նկատեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս