Ղարաբաղից և Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային հայտարարությունները պետք է բացառել. Լավրովը հիշեցրեց Տոնոյանի «նոր պատերազմ, նոր տարածքներ» կարգախոսը

«Երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու հաշվի չի առնվում Ադրբեջանի դժգոհությունը ՀՀ պաշտոնյաների Ղարաբաղ այցերի վերաբերյալ:

Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում ֆիքսված է կողմերի համաձայնությունը, որ ապահովվելու է կապ ԼՂ-ի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի միջոցով, որը գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

Նրա պնդմամբ, կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև ոչ ոք երբեք չի հերքել: Ավելին, ըստ Լավրովի, երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը, որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել: Եվ այն, Լավրովի վստահեցմամբ, նախկինի նման համաձայնության առարկա է, այդ թվում՝ ադրբեջանցի հարևանների կողմից՝ այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ի հավելում Լաչինի միջանցքին, կա դրույթ, որ լինելու է նոր ճանապարհ, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, սա երկրների ղեկավարների կողմից ամրագրված պայմանավորվածություն է:

«Եթե մենք համաձայն ենք, իսկ բոլորը համաձայն են, որ պետք է լինի կապ Ղարաբաղի հայերի և Հայաստանի հայերի միջև, ապա ես չեմ տեսնում պատճառ, որի համաձայն՝ պետք է խոչընդոտել կոնտակտներին՝ իրականացվող այդ մակարդակում: ՀՀ պաշտոնական դեմքերը ներգրավված են ԼՂ-ին հումանիտար աջակցություն տրամադրելու գործին, որը Բաքվում որևէ բացասական զգացմունք չի առաջացնում, և տարօրինակ կլիներ, որ այլ կերպ լիներ: Այն, որ այդ հայ պաշտոնական դեմքերը անում են քաղաքականացված հայտարարություններ Ղարաբաղում, երևի թե լարվածություն է առաջացնում, և ես կարծում եմ, որ լավ կլիներ դրանից խուսափել: Մինչ 44-օրյա պատերազմի մեկնարկը մենք ականատես ենք եղել, թե ինչպես զգացմունքային հայտարարությունները՝ արտահայտված թե Ղարաբաղից, թե Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»… մենք ականատես ենք եղել, թե ինչպես է այդ ամենը ստեղծել… գիտեք, բառը նյութական ուժ է ստացել:

Այս դեպքում բառերը տարբեր կողմերից դարձան չափազանց բացասական նյութական ուժ, ուստի մենք մեծ ուշադրություն ենք ներկայումս հատկացնում շփումների ձևավորմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց Լավրովը՝ հավելելով, որ դրան էր միտված նաև հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն:

Ուստի, նրա խոսքով, ներկայումս հենց այդ պատճառով առաջնահերթություն չէ առաջին պլան բերել կարգավիճակի հարցը, ուստի այն մնում է ապագային:

«Ես երաշխավորում եմ, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին՝ դա է այսօրվա կարգավիճակը պրակտիկ կերպով, կարգավիճակի այն տեսակն է, որն ապահովելու է և հայկական կողմի, և ադրբեջանական կողմի շահերը: Կարգավիճակին պետք է վերադառնալ ապագայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, բայց ամենակարևորը, որ կարգավիճակի հարցում լինեն հանգիստ իրավական քննարկումներ կողմերի միջև այն բարիդրացիության հիման վրա, որը պետք է վերականգնենք տարածաշրջանում»,- ասաց Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս