Ինչո՞ւ հայ գերիները չեն վերադարձվում, և ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում. Լավրովի ուշագրավ մեկնաբանությունները
«Առաջ ենք մղում գերիների փոխանակման բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքը»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն հայ գերիների, անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ
Սերգեյ Լավրովը նախ փորձեց վստահեցնել, որ եռակողմ բոլոր շփումներում այդ հարցը քննարկվել է՝ գերիների, անհետ կորածների փոխանակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բաղադրիչն է, և այդ հարցը քննարկվել է հետագա հեռախոսային բոլոր խոսակցությունների ընթացքում:
Նրա փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ է քննարկել, իսկ ինքը՝ Լավրովը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում, թեման եղել է երկարատև քննարկումների առարկա, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հունվարի 11-ին եկան Ռուսաստան:
«Եթե ամփոփենք տեղի ունեցածը, ապա սկզբից իսկապես ավելի մեծ խնդիրներ ունեին հայերը, քանի որ անհրաժեշտ էր, որպեսզի և հայերը, և ադրբեջանցիները ձևավորեին անվանացանկը մարդկանց, ովքեր կորել են, և ցանկանում են գերությունից ետ բերել: Ադրբեջանն այդպիսի ցանկ տրամադրեց, և այն այդքան զգալի չէր, և բոլորը՝ ոչ միանգամից, բայց վերադարձվեցին, այն անձինք, ովքեր հիշատակված էին ադրբեջանական ցուցակում: Այլ իրավիճակներ ադրբեջանական կողմում` կապված գերիների, անհետ կորածների հետ, չի առաջացել: Հայկական կողմից ցուցակները ներկայացվեցին ոչ ամբողջական և ոչ միանգամից, և արդյունքում՝ փոխանակում տեղի ունեցավ այն անձանց, որոնք մասնակից էին ռազմական գործողություններին նոյեմբերի 9-ի դրությամբ: Բայց ներկայումս գլխավորը հետևյալ հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինծառայողների մի մեծ խումբ, նորակոչիկներ, ինչպես ես եմ հասկանում, ուղարկվել էին այնտեղ, և նրանք ընկան գերության արդեն մեկ շաբաթ և տասն օր անց դեկտեմբերից: 62 մարդ, և ադրբեջանական կողմն այդ փուլում հայտարարեց, որ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այդ շրջան հրադադար հայտարարելուց և ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե մինչև նոյեմբերի 9-ին վերաբերող մասով:
Մենք ամեն դեպքում՝ նախագահ Պուտինը և ես, մեր գործընկերների հետ շփումներում առաջ ենք մղում անհրաժեշտությունը՝ շարունակել այս հարցի դիտարկումը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքով: Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, փորձելով հստակեցնել վերջնական ցուցակներն այն անձանց, որոնք չեն գտնվում, բայց պարզվեց, որ նրանք ավելի շատ են, քան 62-ը: Եվ ներկայումս մեր զինվորականները, որոնք շփման մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի զինվորականների հետ, անվանական ցանկերը համեմատում են, որպեսզի հասկանան, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ: Թեման գոյություն ունի, և եթե չլինեին մեր խաղաղապահները, այն ավելի բարդ կլիներ լուծելը, մեր խաղաղապահները զբաղվում են, հրամանատարը խաղաղապահների՝ գեներալ Մուրադովը, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների մեջ է»,- ասաց Լավրովը: