Նպատակուղղված գործողություն է եղել հակաիշխանական լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում մամուլի և խոսքի ազատության դեմ ճնշումներն աննախադեպ էին և կրում էին մասշտաբային բնույթ: Իրավաբանն անդրադառնալով նախորդ տարվա իրողություններին՝ նշեց, թե 2020 թվականը մեծամասամբ առանձնանում է՝ հատուկ ռեժիմների մեջ գտնվելով: Նախ՝ արտակարգ դրության, հետո արդեն՝ ռազմական դրության իրավական ռեժիմները, որոնց դեպքում, ըստ իրավաբանի, կառավարության որոշումների ուղղակի և անմիջական շեշտադրումներն ուղղված են եղել  ԶԼՄ-ների ազատության և խոսքի ազատության սահմանափակմանը:

«Մենք ականատես եղանք դեպքերի, երբ, չեմ կարող այլ բառով կոչել, քան գրաքննությունը պետական մակարդակով արդեն դարձել էր կառավարության գործիքակազմ, և, ըստ էության, մամուլի հրապարակումները գրաքննվում էին պետական մարմինների կողմից, որին հաջորդեց արդեն ռազմական դությունը, որտեղ լրատվամիջոցների ազատությունը տոտալ սահմանափակվեց»,- նշեց իրավաբանը:

Ռոբերտ Հայրապետյանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, երբ անգամ ֆեյսբուքյան օգտատերերը, որոնց գրառումները, ըստ նրա, այս կամ այն չափով բացահայտում էին որևէ ճշմարտություն, որն ինչ-որ չափով հաճո չէր  կառավարության քիմքին, անգամ այդ օգտատերերը հրավիրվում էին ոստիկանություն, և նրանց պարտադրվում էր հեռացնել գրառումը: Ըստ իրավաբանի՝ նաև խնդրահարույց էր սահմանված վարչական տուգանքների չափերը:

Խոսելով օրեր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում անցկացված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին, ներկայացված հայտերի վարկանիշային քվեարկությանն ու արդյունքների հրապարակմանը, իրավաբանը նշեց, որ կային խնդրահարույց հարցեր, ըստ նրա՝ խոսքը մասնավորապես  վերաբերում է արդեն իրողություն դարձած փաստին, որ 5-րդ ալիքը և Արմնյուզը չէին ստացել հանրապետական սփռում, իսկ Հ2 Հ/Ը-ն առհասարակ զրկվել է նաև մայրաքաղաքային սփռումից:

«Կա նաև մի շատ կարևոր փաստարկ, որ, եթե նայում ենք շարքով, ապա բացառապես հակաիշխանական, այսպես ասած, լրատվամիջոցները, ըստ էության, զրկվեցին հանրապետական սփռումից, որովհետև պարզ է և ակնհայտ փաստը, որ մարզերում հատկապես ժողովրդի իրազեկվածության մակարդակը կախված է բացարձակապես հեռուստաընկերությունների կողմից տրամադրվող նյութերից: Հիմա, այս պարագայում, եթե բոլոր մարզերում գրեթե հեռարձակվելու է բացառապես Առաջին ալիքի լուրերը, ապա բոլորիս համար ակնհայտ է, որ Առաջին ալիքի հեռարձակած լուրերի արդյունքում տպավորություն է ստեղծվելու հանրության մոտ, մարզային հանրության մոտ՝ հատկապես, որ մենք գտնվում ենք իդեալական պայմաններում, և մեր երկիրը միգուցե տնտեսությամբ գրեթե արդեն մրցակցում է Շվեյցարիայի հետ…

ՀՌՀ-ն պիտի իմ համար, առնվազն՝ որպես ՀՀ քաղաքացի, ով որոշակի չափով զրկվել է տեղեկատվություն ստանալու իրավունքից, ինձ համար առնվազն պիտի պարզաբանի, թե այդ բալերի բաշխումն ինչ սկզբունքով է իրականացվել»,- նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Ըստ իրավաբանի՝ ՀՌՀ նիստերը, նիստերի ընթացքում հնչեցրած տեսակետերը, կարծիքներն առիթ են տալիս նշելու, որ «ակնհայտ, միտումնավոր, շեշտադրված, նպատակուղղված գործողություն է եղել այս լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու»:

Տեսանյութեր

Լրահոս