«Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական. նա ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե՞ ․․․». Արթուր Ղամբարյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, ե ինքը ԲԴԽ է գնում՝ որպես իրավաբան-գիտնական:
«ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ ԲԴԽ անդամ կարող է լինել իրավաբան գիտնականը: Ո՞վ է համարվում իրավաբան գիտնական. նա ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որևէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե այն մարդը, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործությունեություն: Կարծում եմ՝ «գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության, այսինքն՝ գիտնական համարել այն անձին, ով անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է գիտական գործունեություն»,-գրում է նա:
Ըստ Արթուր Ղամբարյանի՝ ասվածը հիմնավորվում է նաև գործող օրենքներով: Այսպես՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտնական է համարվում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտը, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ: Նույն հոդվածը սահմանում է, որ գիտական գործունեությունը դա ձեռք բերած գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:
«Այսպիսով՝ ԱԺ-ն, իրավաբան գիտնականին որպես ԲԴԽ անդամ ընտրելիս, պետք է ստուգի, թե գիտական աստիճան ունեցող (կամ չունեցող) անձն արդյոք իրականացնում է գիտական գործունեություն, այսինքն՝ նա իր գիտելիքների ընդլայնման և նոր գիտելիքների ստացման և կիրառման ուղղությամբ ին՞չ մտավոր գործունեություն է ծավալում, այդ գործունեության արդյունքները որտեղ են հրապարակվել և այլն»,-գրում է Արթուր Ղամբարյանը: