«Կապիտուլյացված երկրի ղեկավարից ակնկալել, որ ինքը կարող էր ինչ-որ բան չստորագրել, մի քիչ լուրջ չէ». Քաղաքագետը՝ հունվարի 11-ի հայտարարության մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցություններ ամեն օր վարվել են, ու առավել ակտիվ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմը՝ ամեն օր Բաքվից Մոսկվա պատվիրակություններ ուղարկելով: Սա, ըստ քաղաքագետի, ներքին նշանակություն ունի Ադրբեջանի համար, որովհետև այն տարածքում գոյություն ունեցող պետությունները, որտեղ այսօր Ադրբեջանն է, պատմականորեն շատ հաճախ հակամարտության մեջ են եղել Օսմանյան կայսրության հետ, ու հակամարտությունն այսօր էլ ինչ-որ չափով կա:
«Հիմա շատ լուրջ պայքար է գնում Ադրբեջանում ազդեցության համար՝ և՛ ռուսական կողմից, և՛ թուրքական կողմից»,- ասաց քաղաքագետը:
Էլբակյանի խոսքով՝ Ադրբեջանի պետական ապարատի ու հասարակության վրա թուրքական լուրջ ազդեցություն կա: Ասածի ապացույցն էլ 44-օրյա պատերազմում թուրքական Գլխավոր շտաբի ներգրավվածությունն էր, կամ ադրբեջանական հասարակության՝ 2020 թվականի հուլիսյան դեպքերից հետո արված ցույցերը՝ Թուրքիայից օգնություն խնդրելու պահանջով: Եվ հենց դրանով է, ըստ քաղաքագետի, պայմանավորված Ալիևի՝ այսօր ավելի շատ ռուսներից կառչած լինելը:
Հայկական կողմից նման ինտենսիվության պակասը, քաղաքագետի խոսքով, պայմանավորված է նրանով, որ իշխանություններն այսօր Հայաստանում լուծում են իշխանապահպանության խնդիր, որը նրանց համար գոյաբանական խնդիր է, ու այլևս ռեսուրս չի մնում արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար:
«Նոյեմբերից սկսած բանակցություններ, այսպես թե այնպես, ընթացել են: Ադրբեջանական կողմը շատ ինտենսիվ է դրանք վարել ռուսական կողմի հետ, որն այս պահին փաստացի միակ միջնորդն է: Ցավոք, մենք ականատես ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այս պահին անգործության է մատնված… Փաստացի ռուսական միակ միջնորդն է, ում հետ մենք նոյեմբերից այս կողմ այնքան էլ ինտենսիվ չենք աշխատել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով»,- ասաց Էլբակյանը:
Գնահատելով հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ապա դրա արդյունքում ստորագրված հայտարարությունն ու կողմերի ելույթները՝ քաղաքագետը նշեց.
«Ես անկեղծորեն զարմացա, որ Հայաստանի ղեկավարը կարողացավ ասել, որ հարցը մենք չենք համարում ավարտված, լուծված, կարծեմ ասեց՝ «вопрос не решен», և ստատուսի խնդիր առաջ քաշեց: Դե գիտեք, կարելի է ասել, որ մի բան գիտեր, բայց սա ասելու համար, որովհետև սա իրականում հայանպաստ բան էր, եթե օբյեկտիվ ենք խոսում, ճիշտը՝ ճիշտ, սխալը՝ սխալ, քաղաքական քաջություն էր պետք, ու ստացվեց, որովհետև փաստացի այնտեղ 1-ը 2-ի դիմաց էր…
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ստորագրեց այն, ինչ ստորագրեց, հատկապես, երբ ռազմագերիների, անհետ կորած անձանց հարցը կարգավորված չէ: Վերադառնալու եմ թեզին, որ, ցավոք սրտի, Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի: Եվ կապիտուլյացված երկրի ղեկավարից ակնկալել, որ ինքը կարող էր ինչ-որ բան չստորագրել, մի քիչ լուրջ չէ»: