«Փաշինյանը պատրաստվում է տնտեսական գործարք ունենալ մի կողմի հետ, որը պատանդ է պահում իր ընտանիքի անդամներին». Վարդան Ոսկանյան

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ մոսկովյան եռակողմ հայտարարության ստորագրությունն արդեն իսկ խնդրահարույց է՝ պատանդառուի հետ ապաշրջափակման փաթեթավորմամբ է ներկայացվում միջանցքի գաղափարը:

«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարևորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մոտ 100-ամյա պատմություն, այն կյանքի է կոչվում պանթյուրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պետք է հայտնվի Մերձկասպյան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թյուրքալեզու պետություններ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի է կոչվում մի ծրագիր, որը թուրքական և ադրբեջանական կողմը դեռևս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:

Այլ հարց է՝ Հայաստանի շահերը որտեղ են այստեղ արտացոլված: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նախիջևանի երկաթուղու միջոցով դեպի Իրան հաղորդակցությունը բխում է մեր շահերից, տնտեսական առումով դա կարող է և շահավետ լինել, բայց այստեղ կա քաղաքական բաղադրիչ, որի համաձայն, եթե սկսի աշխատել այս գիծը, ապա Սյունիքը, ըստ էության, կվերածվի լուսանցքային մարգինալ մի տարածքի, որը չի բխում ո՛չ Հայաստանի կենսական շահերից, ո՛չ Իրանի կենսական շահերից: Իրանը հայ-իրանական սահմանը դիտարկում է նաև այլընտրանք՝ ադրբեջանաթուրքական միասնական տարածքին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ գերիների խնդրի չլուծման հիմնական պատճառն իշխանության ապաշնորհությունն է.

«Նույնիսկ պարզ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես հենց նույն այդ խայտառակ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը հերթականությամբ իրականացվեցին ըստ ժամանակացույցի, իսկ այս շատ կարևոր մարդասիրական, նաև՝ ռազմաքաղաքական նշանակություն ունեցող խնդիրը ոչ միայն չուներ արձանագրված ժամանակացույց, այլ ընդհանրապես շրջանցվեց, և գործողությունները տեղափոխվեցին հաջորդ կետի շրջանակներ:

Սա խոսում է մի բանի մասին՝ կամ չի եղել լուրջ ցանկություն՝ այդ խնդրով զբաղվելու կամ այդ խնդրին անդրադառնալու, կամ մենք գործ ունենք ապաշնորհ մոտեցման հետ, կամ մենք գործ ունենք, ընդհանրապես, սեփական հասարակության հանդեպ նման բացասական վերաբերմունքի հետ: Եթե դառնանք հենց նույն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գաղափարախոսությանը»՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ըստ էության, այս հայտարարությունը վերաբերում է նրան, որ ինքը պատրաստվում է տնտեսական գործարք ունենալ մի կողմի հետ, որը պատանդ է պահում նրա ընտանիքի անդամներին: Արդյոք դա տեղավորվո՞ւմ է պարզ բարոյականության շրջանակներում. Այս հռետորական հարցը բաց եմ թողնում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս